Կանանց աջակցման կենտրոնը պարզաբանումը՝ Ֆաթիմա Զուրաբովայի գործով

Մամուլում հնչեղություն ստացած Ֆաթիմա Զուրաբովայի գործով Կանանց աջակցման կենտրոնը պարզաբանում է, որ վերը նշված անձին թեժ գծի միջոցով տրվել է խորհրդատվություն, մանրամասն բացատրվել է անվտանգության լավագույն տարբերակը, այն է՝ դիմել Միգրացիոն ծառայություն՝ համապատասխան կարգավիճակ ստանալու գործընթաց սկսելու նպատակով, ինչը նրան հնարավորություն կտար պատշպանված լինելու:

Այլ անձանց ուղղորդմամբ, նրա համար վարձակալվել է բնակարան, և աղջիկն այլևս մեզ հետ կապ չի հաստատել: Այնուհետ տեղեկացել ենք, որ ոստիկանության կողմից որպես անհետ կորած հետախուզվող Ֆաթիմա Զուրաբովան հայտնաբերվել է:
Ինչ վերաբերում է մամուլում տարածված հրապարակումներին, ապա տեղեկացնում ենք, որ Հայաստանում առկա չէ պետական ապաստարան:

Գործում է երկու ապաստարան՝ Կանանց աջակցման կենտրոնի ներքո, ընտանեկան բռնության ենթարկված կանանց և նրանց երեխաների համար, որը որոշակի ֆինանսական աջակցություն է ստանում պետության կողմից: Ընտանեկան բռնության ենթարկված կանայք անվտանգության բարձր ռիսկի դեպքում ուղղորդվում են ապաստարաններ՝ իրենց գրավոր կամարտահայտությամբ:


Տեղեկացնում ենք նաև, որ Կանանց աջակցման կենտրոնը աջակցության ծառայություններ է տրամադրում ինչպես Հայաստանի, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիներին, առանց որևէ խտրականության: 2023թ.-ի հոկտեմբերի դրությամբ Կանանց աջակցման կենտրոնը ապաստարան է տրամադրել 234 կանանց և նրանց երեխաներին, իսկ 2020-2023 թթ. ընթացքում 26 օտարերկրյա քաղաքացի ստացել է աջակցություն, այդ թվում օգտվել է ապաստարանի ծառայությունից, որոշ դեպքերում առանց ոստիկանության կողմից ուղղորդման: Մեր բոլոր ծառայությունները գաղտնի են, անանուն և ապահով:
Հորդորում ենք չշահարկել ընտանեկան բռնության թեման և խուսափել անհարկի աղմուկից:


Յուրաքանչյուր անձ, որը ենթարկվում է ընտանեկան բռնության, կարող է 24 ժամ զանգահարել Կանանց աջակցման կենտրոնի թեժ գիծ՝ 099887808, կամ ոստիկանությայն 1-02 հեռախոսահամարին: