Այս պահի դրությամբ խորհրդարան է անցնում չորս քաղաքական ուժ. քաղտեխնոլոգ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը

Պարո՛ն Բադալյան, պաշտոնապես մեկնարկեց նախընտրական քարոզարշավը, հաշվի առնելով մինչ այս քաղաքական ուժերի հնչեցրած ելույթները, նրանց վարքագիծը՝ ինչպիսի՞ քարոզարշավ ակնկալել:

– Բնականաբար, հարյուր տոկոսանոց գուշակություն չեմ կարող անել, բայց դիտարկելով փաստացի սկսված քարոզարշավը, որն արդեն ընթանում է մեկ ամսից ավելի, կարող ենք ասել, որ առնվազն իշխող թիմի կողմից ատելության, անհանդուրժողականության խոսք կա:

Մյուս ուժերը ներկայացնում են ընդամենը իրենց մոտեցումներն ու ծրագրերը: Իշխող քաղաքական ուժի որդեգրած այդ վարքագիծը հասկանալի է, քանի որ իր ընտրազանգվածի կարիքներն է բավարարում:

Նրա ընտրազանգվածը նախկինների դեմ ատելությամբ լցված մարդիկ են և, այսպես ասած, այդ ատելության կարիքն ունեն, դրա համար էլ իշխող ուժը այդպես է գործում:

Իսկ մյուսներինը սովորական քարոզարշավ է, չէի ասի թե՝ իդեալական, խիստ գիտական է, բայց նրանք զարգանալու և թերությունները լրացնելու շատ տեղ ունեն:

Գործող իշխանության վարքագծին անդրադարձաք, կխնդրեմ՝ մյուս քաղաքական ուժերի մասով էլ ասեք, թե նրանք ինչո՞ւ են խոսում այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասին, նաև վիրավորանքներ հնչեցնում:

– Բնականաբար, ուժը ծնում է պատասխան, եթե դու ատելություն ես քարոզում՝ պատասխան ստանում ես: Բայց նշենք, որ կա ընտրազանգվածների տարբերություն:

Բացի իշխող քաղաքական ուժից, մնացած բոլոր հիմնական ուժերի ընտրազանգվածային խմբերն այդ ատելության կարիքը չունեն, որովհետև ուրիշ պատկերացումներ ունեն ընտրությունների մասին, հետևաբար, եթե ատելությունը լինի նույնչափ, ինչ իշխող քաղաքական ուժի մոտ է, կունենա բացասական ազդեցություն, սեփական ընտրազանգվածի մոտ այդ քաղաքական ուժի վարկանիշը կընկնի:

Վիրավորանքներ կարող են լինել ի պատասխան, բայց նրանց քարոզչության հիմքում ատելությունը չի դրված, որովհետև դրա պահանջարկը չկա:

– Պարո՛ն Բադալյան, նշեցիք, որ նախաքարոզարշավային ընթացքը թերի էր, իսկ ի՞նչ է պետք, որպեսզի այն բովանդակային ու գրագետ լինի:

– Այո՛, նախաքարոզարշավային ընթացքը այդքան էլ որակյալ չէր, բայց ես չեմ էլ պատրաստվում հիմա ասել, թե ինչ պետք է անեն, որպեսզի քարոզարշավի որակը բարձրացնեն, որովհետև դա կլինի անվճար խորհուրդ, որը տրամաբանական չէ:

Քաղաքական որոշ ուժեր ունեն մասնագիտական խմբեր, որոնց հետ քննարկում են իրենց գործողությունները:

– Քարոզարշավի ընթացքում շրջադարձային իրողություններ կանխատեսո՞ւմ եք:

Շրջադարձային չէի ասի, բայց փոփոխություններ կարող են լինել, քանի որ երբ դիտարկում ենք մինչև հունիսի 7-ը խորհրդարան անցնելու քաղաքական ուժերի պոտենցիալը, ապա կարող ենք ասել, որ այդ 26 ուժերը բաժանվում են երկու խմբի՝ ազդեցիկ և ոչ ազդեցիկ:

Ազդեցիկ են «Քաղաքացիական պայմանագիր», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, որովհետև նրանք ունեն այնքան ռեսուրսներ, վարկանիշ, կապիտալ, որոնց հանրագումարի արդյունքում կարող են մտնել խորհրդարան և ստանալ տարբեր տոկոսներ:

Մնացած ուժերն այս պահի դրությամբ խորհրդարան չեն մտնում ռեսուրսների և քաղաքական բովանդակության բացակայության պատճառով:

Սա հունիսի 7-ի դրությամբ, բայց հունիսի 18-ին կարող է միանգամայն այլ իրավիճակ լինել: Քարոզարշավը կարող է հասնել նրան, որ իմ նշած չորս ուժերից, բացի ՔՊ-ից ու «Հայաստան» դաշինքից, որոնք ցանկացած դեպքում մտնում են խորհրդարան, մյուս երկուսը ոչ գրագետ քարոզարշավ իրականացնելու դեպքում չանցնեն խորհրդարան՝ տեղը զիջելով ուրիշ ուժերի:

Արդյունքում՝ շատ հնարավոր է՝ կտրուկ փոփոխություն տեղի ունենա Ազգային ժողովի քաղաքական պատկերում, լանդշաֆտը փոխվի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

– «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասել է, որ գործող իշխանության ու նախկին իշխանությունների միջև այս լարված ընտրապայքարը շատ վատ հետևանքներ է ունենալու: Նա նշել է նաև, որ բանը կարող է հասնել քաղաքացիական պատերազմի: Նման վտանգ տեսանելի՞ է:

– Տրամաբանական է, որ այս կամ այն ուժը՝ տեսնելով, որ խորհրդարան չի անցնում, իսկ այս պահին ԼՀԿ-ն չի անցնում, կարող է քննադատել առանցքային ուժերին՝ ակնկալելով, որ տատանվող ընտրազանգվածը իրեն քվե տա: Բայց դա չաշխատող տեխնոլոգիա է, և, կարող եմ ասել՝ դրանից ինքը չի շահելու:

Եթե ընտրություններն արդար, թափանցիկ ու ազատ անցկացվեն, ապա որևէ բախում չի լինի: Մանր-մունր միջադեպեր կլինեն, բայց մտածել, որ բախումներ կլինեն՝ այս պահի դրությամբ՝ ոչ: Բայց եթե ընտրությունները զգալիորեն կեղծվեցին, ապա ամեն զարգացում հնարավոր է:

– Պարո՛ն Բադալյան, գործող իշխանությունը աշխատանքային ժամերին գրեթե ողջ թիմով քարոզարշավ է իրականացնում, նման բան օրենքով թույլատրվո՞ւմ է:

– Դա կարող ենք գնահատել վարչական ռեսուրսի չարաշահում, և դատական համակարգը կարող է հետագայում ինչ-որ գործողություններ իրականացնել:

Տեսակետներ կան, որ ասում են՝ թույլատրելի է, տեսակետներ էլ կան, որ պնդում են հակառակը, բայց այս պահին դա այդքան էլ էական չէ առկա խնդիրների համատեքստում:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab