ՌԴ գլխավոր դատախազն ամբողջությամբ ներգրավված է գերիների վերադարձի համար տարվող աշխատանքներում. Դավթյան

Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքները ՀՀ գխավոր դատախազության աշխատանքի լրջագույն մասն են, այդ գործընթացի մեջ ամբողջությամբ ներգրավված է նաև Ռուսաստանի գլխավոր դատախազը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով դատախազությունում Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հարցով քրեական գործի մասին հարցին:

«Մեր ամենօրյա աշխատանքի լրջագույն մասն են համարվում գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքները: Այդ առումով Ռուսաստանի գլխավոր դատախազը ամբողջությամբ ներգրավված է գործընթացի մեջ: Այդ խողովակն օգտագործելով՝ հնարավորություն է ընձեռնվում և ցուցակների ճշգրտումներ իրականացնել, և հատկապես նրանց նկատմամբ խոշտանգումների, սպանությունների վերաբերյալ հիմնավոր տեղեկությունները փոխանցել՝ դրանով նաև մեր գործընկերոջ հետ միասին հստակ իրավական պահանջ դնել, որ դրան պետք է հետևեն իրավական գործընթացներ»,-ասաց Դավթյանը:

Նա նշեց, որ դրանք քրեական գործի շրջանակներում ձեռք բերված ապացույցներով են, այսինքն՝ քրեական գործերով են արձանագրվում այդ բոլոր փաստական հանգամանքները: Եվ դատախազությունն այս ապացուցողական բազայի համապատասխան տեղեկատվությունը կիսում է ռուս գործընկերների հետ: «Դրանց միջնորդությամբ հնարավոր է դառնում նաև ապահովել, նրանց հետևողականությունն արձանագրել այս հարցում, որպեսզի Ադրբեջանը գիտակցի այդ խնդիրների բարձր պատասխանատվությունը»,-ասաց գլխավոր դատախազը:

Անդրադառնալով հարցին, թե հակառակորդի պաշտոնյաների նկատմամբ հետախուզումներ կա՞ն հայտարարված՝ նա ասաց, որ կան «բազում հետապնդումներ», սակայն դրանց մասին հրապարակային խոսել չցանկացավ: