Պե՞տք է արդյոք զենք գնել

2020 թվականի պատերազմը սառը ցնցուղ էր Հայաստանի հասարակության համար. փլուզվեց տարածաշրջանի ամենամարտունակ բանակի միֆը։ Պարզ դարձավ, որ սակրալացված, բայց թերսնված, թերկազմակերպված ու ոչ մի քննադատության չենթարկված բանակը բնավ էլ այն վիճակում չէր, որը քարոզվում էր։ Ավելին, մահաբեր ու հզոր զենքերը, պարզվեց, այնքան էլ այդպիսին չէին։ Այս ամենը բերեց մի պարզ ճշմարտության. բանակում պետք են փոփոխություններ՝ շատ մեծ ու խորքային փոփոխություններ։ 

Պատերազմից հետո ամենահաճախ հնչող միտքը քաղաքական ու քաղաքագիտական դաշտում հետևյալն էր՝ պետք է զինվել, պետք է մինչև ատամները զինվել։ Անցել է երկու տարի, և ասվել է շատ ավելին, քան արվել է, բայց ամենի մասին հերթով։

Հայաստանում վերջին շրջանում դրամական որոշ հոսքեր ու տնտեսական ակտիվությունը միասին ստեղծել են հավելյալ արդյունք ու ազատ ֆինանսներ։ Ֆինանսներն այդ, ավելի ճիշտ՝ դրանցից գոյացած հարկային եկամուտները Կառավարությունն օգտագործում է բարեփոխումների իմիտացիա կազմակերպելու համար։ Բոլոր ոլորտների մեջ ուղղակի գումար է ներարկվում՝ առանց լուրջ բովանդակային, կառուցվածքային կամ մեթոդաբանական փոփոխությունների, կնքելով մի ինքնատիպ քաղաքացիական պայմանագիր՝ մենք ձեզ փող ու դինջ անռեֆորմ կյանք, դուք մեզ՝ իշխանություն։ 

Այս վիճակը, սակայն, բնականաբար, չի կարող երկար կյանք ունենալ նախ այն պատճառով, որ այս տեմպի հոսքերը, ամենայն հավանականությամբ, երկարաժամկետ չեն լինելու, և երկրորդ՝ նման սկզբունքներով առաջնորդվող պետությունը վաղ թե ուշ նորից բախվելու է աղետների, քանի որ չկա ամենակարևորը՝ փոփոխությունների գիտակցումն ու իրականացումը։ Ինչպես ասվում է՝ քանի փողը կա, մտածել պետք չէ։

Կարող է հարց առաջանալ. իսկ գուցե անհրաժե՞շտ է զենք-զինամթերքի մեծածավալ գնումներ, գուցե դա՞ է այդ ազատ ֆինանսական միջոցների ճիշտ ու նպատակային օգտագործումը։ Կարճ պատասխանն է իհարկե այո, բայց իրականությունը, ինչպես հաճախ է պատահում, այդտեղ չի ավարտվում։ 

Նախ՝ զենքը, առանց բանակային բարեփոխումների, առանձնապես բան չի փոխելու, անգամ աշխարհի լավագույն զենքերով զինված, բայց չբարեփոխված բանակը մնալու է գրեթե նույն մակարդակին։ Բացի այդ, զենքերից էլ պետք է նորը, ավելի ճիշտ՝ նորագույնը ու որակյալը։ 

Տարիներ շարունակ գնված սովետական ու ռուսական հին ու նոր ջարդոնը ոչ միայն տարեթվով, այլ նաև բարոյապես է հնացել, այն հնացած էր դեռ 20 թվականի պատերազմին ու պարզապես անտեղի է լինելու հաջորդ պատերազմների ընթացքում։ Սովետական/ռուսական մեծ, դանդաղաշարժ, աղմկոտ տեխնիկան չի լուծելու մեր խնդիրները։ Եթե զենք գնել, ապա գնել միայն լավագույնը ու ամենանորը, թեկուզև անհամեմատ ավելի քիչ քանակությամբ։ 

Բայց նոր ու լավ զենքը չեն վաճառելու Ռուսաստանի դաշնակից ու ՀԱՊԿ-ի անդամ Հայաստանին։ Իսկ այլ զենք՝ հին զենք, շատ ու անորակ զենք մեզ պարզապես պետք չէ, դա կլինի գումարի մսխում, որը հետո կդառնա նաև կյանքերի մսխում։ Ի դեպ, այնպես էլ չէ, որ Ռուսաստանը մեզ հիմա տալիս է այդ ջարդոնը կամ պատրաստ է տալու, մենք էլ չենք ուզում։ 

Հայաստանն առանց արտաքին քաղաքական կուրսի շեշտակի փոփոխությունների չի զինվելու ընդհանրապես կամ լավագույն դեպքում զինվելու է, բայց ոչ այնպես, ինչպես մեզ պետք է։ Նորից պետք է կրկնեմ՝ ռուսները չունեն այն զենքը, որը մեզ պետք է, իսկ իրենց ունեցածն էլ իրենց է պետք։ Բայց զենքը մեզ պետք է հիմա, այլ ոչ 5-6 տարուց։

Սակայն մեր խնդիրներն իհարկե չեն սկսվում և ավարտվում զենքի գնումով։ Ոչ մի բանակ, ոչ մի պետություն երկարաժամկետ կտրվածքով չեն կարող հույսը դնել միայն զենքի գնումների վրա, դա ընդամենը կարճաժամկետ, նույնիսկ այսրոպեական խնդիր է։ Երկարաժամկետ լուծումն անշուշտ ռազմարդյունաբերությունն է, որը նույնպես հնարավոր չէ կառուցել ու արդիականացնել առանց արտաքին կուրսի շեշտակի փոփոխությունների։ Ռազմարդյունաբերության իրական զարգացման համար մեզ պետք են արտաքին ներարկումներ՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ մարդկային ու այլ ռեսուրսներ։

Ամփոփելով․ զենք գնել իհարկե պետք է, բայց չի կարելի զենք գնել միայն նրա համար, որ գործարք կատարվի, կամ համապատասխան հայտարարությունն արվի։ Գումարը ճիշտ կառավարելը ավելի դժվար է, երբ այն շատ է։ Պարզապես հիշեցնեմ, որ շատը շուտ է վերջանում։ 

Արեգ Քոչինյան

MediaLab.am