Ի՞նչ կա դրված բանակցային սեղանին

Այս պահին կարևոր եմ համարում խոսել երկու բանակցային ձևաչափի մասին՝ ռուսական ու ամերիկյան։

Մինչ բուն սեղանին դրված առաջարկություններին անդրադառնալը հարկավոր է նշել, որ առաջարկությունները պետք է քննել իրենց ամբողջության մեջ։ Որևէ պարագայում չի կարելի վերցնել առաջարկության այն մասը, որը մեզ դուր է գալիս, ու անտեսել մնացած հատվածները։ Անտեսելուց կամ արհամարհելուց դրանք չեն վերանալու։ Իսկ առաջարկությունները թեպետ վերաբերում են նաև Արցախին, բայց չեն սկսվում ու չեն ավարտվում միայն Արցախով։

Եվ այսպես, ռուսական կողմը ներկայացրել է արդեն հավաքված ու պատրաստված փաստաթուղթ, որն իրենք կոչում են խաղաղության պայմանագրի նախագիծ։ Մեզ հետաքրքիր է այդ նախագծի հատկապես մի կետը, որը, եթե չեմ սխալվում, 14-րդ կամ 15-րդ կետն է։ Այն է, թե Արցախի վերջնական կարգավիճակի որոշման հարցը թողնվում է ապագային։ 

Այս կետը մեծ ոգևորություն է առաջացրել Հայաստանի փորձագիտական շրջանակներում, շատերը շտապել են պնդել, թե այս կետն ավելի լավ է, քան ոչինչ, և որ պարտադիր պետք է գնալ այս կետի հետևից։ Նույնն ըստ էության արեց վարչապետը, երբ հրապարակավ հայտարարեց, իսկ հետո նաև Սոչիում տեղի ունեցած եռակողմի ժամանակ վերահաստատեց, թե ռուսական առաջարկները, այսինքն՝ այս կետը, ընդունելի են Հայաստանի համար։ Բայց այստեղ հարկավոր է մի քանի շեշտադրում կատարել։ 

Առաջին․ կարգավիճակ է նաև Ադրբեջանի կազմում ինքնավարությունը, կարգավիճակ է նաև որևէ ինքնավարության բացակայությունը։ Այսինքն՝ ձևակերպումը, ըստ էության, ոչ մի բան պարտավորեցնող չէ և ոչ մի կոնկրետ կարգավիճակի երաշխիք չէ։ 

Երկրորդ․ ռուսական կողմը, չնայած հայկական կողմի համաձայնությանը, չի կարողանում (կամ էլ չի ցանկանում) անցկացնել անգամ այս ձևակերպումը, քանի որ Ադրբեջանը չի համաձայնում այդ կետի գոյությանը։ Եվ ուրեմն, այս պահի դրությամբ անգամ ոչ մի բան չպարտավորեցնող այդ կետն էլ չկա։ 

Երրորդ․ ծայրաստիճան թուլացած Ռուսաստանը ոչ միայն չի կարողանում անցկացնել այս կետը, այլ նաև չի կարողանում անգամ պահպանել գոյություն ունեցող ստատուս քվոն։ 

Մինչ այս պահը ռուսական կողմը Հայաստանին վստահեցրել է, թե նշված կետը կանցկացվի, և որ ռուսական խաղաղապահներն էլ կմնան Արցախում դեռ երկար, ու Ադրբեջանը կհամաձայնի դրան: 

Սակայն մենք տեսանք ճիշտ հակառակը, երբ Ադրբեջանի նախագահը Պուտինի հետ հանդիպման բաց մասում նշեց, թե ղարաբաղյան թեմայով խոսելու բան չկա, թեման փակ է։ Այս պարագայում չափազանց հավանական եմ համարում, որ ռուսական կողմն առաջարկելու է փաստաթղթից հանել այդ կետը՝ փոխարենը տալով ինչ-ինչ բանավոր երաշխիքներ։

Չորրորդ․ չկան ցուցիչներ, որ Ռուսաստանի վիճակը լավանալու է, վկայությունն է՝ երեկ տեղի ունեցած Խերսոնի անկումն ու ռուսական զորքերի նահանջը։

Հինգերորդ․ նշված փաստաթուղթը «ռուսական առաջարկների» փաթեթի մի մասն է միայն։ Նորից եմ ուզում կրկնել. միամտություն է կարծել, թե հնարավոր է վերցնել այս փաստաթուղթը ու հրաժարվել մյուս «առաջարկներից»։ 

Իսկ մյուս «առաջարկներից» ամենակարևորը ռուսական միջանցքն է, որը, ըստ ռուսական կողմի պատկերացումների, պետք է իրենից ներկայացնի երկկողմանի ցանկապատված ճանապարհ ամբողջապես ռուսական վերահսկողության ներքո։ 

Սա, ըստ էության, նշանակելու է Հայաստան-Իրան ուղիղ ու անմիջնորդ կապի վերացում։ Այսինքն՝ ոչնչի չպարտավորեցնող ու ըստ էության այսօր գոյություն էլ չունեցող կետով ոգևորվողները պետք է իրենց հաշիվ տան, որ դրան զուգահեռ գալիս է նաև միջանցքային տրամաբանությունը։

Վեցերորդ․ «առաջարկությունների փաթեթի» ընտրությունը հայտնի չափով նաև քաղաքակրթական ընտրություն է ու նոր անվտանգային ճարտարապետության ընտրություն։ Հայաստանը չի կարողանալու շարունակել ժողովրդավարական պետության ու օրենքի գերակայության ապահովման իր ուղին, եթե շարունակի մնալ ռուսական ազդեցության ծիրում։ Սա թերևս առանձին խոսակցության թեմա է, որին կանդրադառնանք։

Յոթերորդ․ Ռուսաստանը շահագրգռված չէ ո՛չ հայ-ադրբեջանական խաղաղությամբ, ո՛չ էլ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ։ 

Իսկ ի՞նչ կա սեղանին դրված ամերիկյան գործընթացի շրջանակներում։ Մեծ հաշվով՝ դեռ ոչինչ։ Ամերիկյան կողմը, ի տարբերություն Ռուսաստանի, չի պատրաստել խաղաղության պայմանագիր և ներկայացրել այն կողմերին։ 

Ամերիկյան առաջարկությունը եղել է կողմերին՝ ներկայացնել սեփական կետերը՝ հիմնված կարիքների, շահերի ու առաջնահերթությունների վրա։ Ադրբեջանն արդեն տևական ժամանակ է՝ ինչ ներկայացրել է իր կետերը, Հայաստանը դրա նման մի բան վերջերս է արել։ 

Կհաջողվի՞ արդյոք ինկորպորացնել այդ կետերը մեկ միասնական փաստաթղթի մեջ, և կլինի՞ այն արդյոք ավելի լավը, քան ռուսականն է, դեռ վաղ է ասել, ինչպես և վաղ է խոսել արևմտյան կամ ամերիկյան տարբերակի մասին՝ իբրև կայացած փաստի, բայց կան բաներ, որոնք կարելի է պնդել նաև հիմա։

Առաջին․ Նահանգները, ի տարբերություն Ռուսաստանի, չի դնում միջանցքի հարց:

Երկրորդ․ Նահանգները շահագրգռված է հայ-ադրբեջանական խաղաղության հեռանկարով և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությամբ այն պարզ պատճառով, որ դա թուլացնելու է տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերը և ավելացնելու է Նահանգների ու իր դաշնակիցների ներկայությունը։

Երրորդ․ Նահանգներն առաջարկում է գործնական ու մեթոդաբանական աջակցություն հայ-ադրբեջանական սահմանի արագ սահմանազատման ու սահմանագծման համար։

Չորրորդ․ հայ-ադրբեջանական պայմանավորվածությունների կատարման համար, ինչպիսիք էլ դրանք լինեն, անհրաժեշտ է լինելու երաշխավորի ինստիտուտ։ Նահանգները թե՛ իր կարողությունների ու թե՛ իր հետաքրքրությունների տեսանկյունից այսօր միակ ուժային կենտրոնն է, որ կարող է ստանձնել այդ դերը։

Սեղանին դրված այլ թուղթ ու գործընթաց այս պահին կարծես թե չկան։

Արեգ Քոչինյան

MediaLab.am