Ինչու է Հայաստանի համար կարևոր այն, ինչ տեղի է ունենում Վրաստանում

Ինչու է Հայաստանի համար կարևոր այն, ինչ տեղի է ունենում Վրաստանում:

Նախ եկեք հասկանանք, թե, այնուամենայնիվ, ի՛նչ է տեղի ունենում Վրաստանում։ Օլիգարխիան, որը փաստորեն հին կարգերի վերջին միջնաբերդն է Վրաստանում՝ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ, մինչև բոլորովին վերջերս փորձում էր երկու ուղղությամբ խաղալ, որպեսզի և՛ բավարարի Վրաստանի հասարակության պահանջները, որոնք ակնհայտ արևմտամետական են, և՛ «կուշտ» պահի Ռուսաստանին, որից վախենում է և որի հետ ունի նաև բավականին ծանրակշիռ բիզնես հետաքրքրություններ։ 

Սակայն «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը, ըստ էության, փոխում է ամեն ինչ։ Այն նշանակում է լուրջ հետքայլ ժողովրդավարական, ազատական ու օրինական Վրաստանի տեսլականից, ինչն իր հերթին նշանակում է նաև լուրջ հետքայլ Վրաստանի արևմտյան, այդ թվում և՝ եվրոատլանտյան ինտեգրացիայից։

Եվ այս վերջինը արդեն զուտ ենթադրություն չէ, այլ կոնկրետ հայտարարություններ, օրինակ՝ ԱՄՆ պետքարտուղարությունից ու ԵՄ արտաքին հարաբերությունների գերատեսչությունից։

Ուստի խնդիրն արդեն իսկ ձեռք է բերում երկու շերտ. նախ՝ Ռուսաստանին գոհացնել փորձող օլիգարխիայի փորձերը, և երկրորդ՝ ինքնին օլիգարխիայի առկայությունն ու ազդեցությունը քաղաքական գործընթացների վրա։

Սա իր հերթին մեծագույն ու աճող մարտահրավեր է Վրաստանի ժողովրդավարության ու անկախության դեմ։ Ժողովրդավարական հետընթացը այս օրենքի ընդունման գործընթացի հետ զուգահեռ մտնում է վճռական փուլ։ Այժմ ամբողջապես Վրաստանի հասարակության դիմադրողունակությունից է կախված լինելու ժողովրդավարական ու արևմտյան Վրաստանի ապագան։

Ինչո՞վ է դա կարևոր Հայաստանի համար, բացի, իհարկե, ակնհայտ մարդասիրական հարթություններից։

Հայաստանի ժողովրդավարական ապագան, ինչքան էլ այժմ մեր իշխանությունները փորձում են մեզ հակառակն ապացուցել, բայց ուղիղ կապված է Հայաստանի արևմտյան ինտեգրացիայի հետ։ Անհնար է կառուցել և պահել կայուն ու կայացած ժողովրդավարական համակարգ եվրասիական (ռուսական) ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում։

Նման պնդումներ անողները կամ քաղաքականապես բավականաչափ հասուն չեն, կամ աֆերիստ են։ Եվ ուրեմն, ժողովրդավարական, իրավական ու ազատական Հայաստան նշանակում է նաև արևմտյան կառույցներում ու ինտեգրացիոն գործընթացներում ներգրավված Հայաստան։ 

Հայաստանի արևմտյան ու, որպես դրա հետևանք, նաև ժողովրդավարական ապագան անհնար է առանց Վրաստանի համանման ապագայի։ Վրաստանն է Հայաստանին Արևմուտքի հետ աշխարհագրական, տնտեսական, քաղաքական, աշխարհաքաղաքական, ենթակառուցվածքային և մի շարք այլ հարթություններում կապող հիմնական օղակը։

Արևմուտքը չի կարող լուսնից կապվել Հայաստանի հետ, Հայաստանն էլ չի կարող ավտորիտարիզմի ու անախրոնիզմի այս ծովի մեջ լինել ինքնաբավ, մոդեռն ժողովրդավարական պետություն։

Ժողովրդավարությունը և արևմտյան ինտեգրացիան Վրաստանում անհրաժեշտ պայման է ժողովրդավարության ու արևմտյան ինտեգրացիայի համար Հայաստանում։ Անհրաժեշտ, բայց ոչ բավարար։ Անհրաժեշտ այնքան, որ առանց դրա պարզապես անիմաստ է խոսել Հայաստանի նշված ապագայի մասին։

Եվ ուրեմն, այժմ Թբիլիսիի փողոցներում որոշվում է ոչ միայն Վրաստանի ապագան, այլ նաև Հայաստանի։ 

Հաջողություն մաղթենք մեր վրացի ընկերներին ազատության համար տարվող իրենց պայքարում։

Արեգ Քոչինյան

MediaLab.am