«Գեղարքունիքում խուճապ չկա, մարդիկ գնում են արտագնա աշխատանքի՝ հետ գալու նպատակով, այդ տեղեկությունները հերյուրանք են»․ Լիճք համայնքի ղեկավար

Հայաստանի գյուղերից մեկում ((Photo: Dean C.K. Cox))

Գեղարքունիքի մարզից այս օրերին տղամարդիկ մեկնում են արտագնա աշխատանքի Ռուսաստան։ Տեղեկություններ ու գնահատականներ կան, թե արտագաղթի տեմպերն ավելանալու են առաջիկա ամիսներին։

«Իրականում մեր մարզից տղամարդիկ այս օրերին մեկնում են արտագնա աշխատանքի, ինչպես ամեն տարի։ Նրանք գնում ու հետ են գալիս։ Այս պահին նույն իրավիճակն է, սովորականի նման է, որևէ խուճապ չկա, իրավիճակը նորմալ է։ Ընտանիքներով, երեխաներով գնացողներ չունենք առայժմ»,- «Մեդիալաբին» ասում է Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքի ղեկավար Գնել Գրիգորյանը։

Նշենք, որ փետրվարի 1-ից Հայաստանի քաղաքացիներն արդեն կարող են այցելել Ռուսաստան, այդ թվում՝ արտագնա աշխատանքի նպատակով։ 

«Ճամփորդիր առանց Covid-19-ի» էլեկտրոնային ծրագրի միջոցով երկու երկրի սահմանային անցման կետերում լաբորատոր թեստի բացասական արդյունքի հիման վրա անձը կկարողանա հատել երկրի սահմանը:

Ըստ այս կարգի` քաղաքացին անձնագրով, որով պետք է ճամփորդի, դիմում է ՊՇՌ թեստավորում իրականացնող և ծրագրում ընդգրկված լաբորատորիա, տրամադրում անհրաժեշտ տվյալները, որոնք լաբորատորիայի կողմից ներմուծվում են «Ազատ տեղաշարժ» պետական տեղեկատվական էլեկտրոնային հարթակ: Այսօր արդեն ծրագրում ընդգրկվել է վճարովի ծառայություն մատուցող 6 լաբորատորիա։

Մեկնելուց առաջ անձը պետք է հավաստիանա, որ բջջային հավելվածում թեստի արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունն առկա է, և ամսաթիվը համապատասխանում է մեկնելու ժամկետին` թռիչքից առավելագույնը 72 ժամ առաջ։

Լիճք համայնքի ղեկավար Գնել Գրիգորյանն նշում է, որ կոնկրետ իրենց համայնքում չկա իրավիճակ, որ մարդիկ ընտանիքներով արտագաղթեն այս օրերին։

«Այդ տեղեկությունները լրիվ հերյուրանք են։ Գնում են արտագնա աշխատանքի, հիմա սեզոնն է։ Մեր տարածաշրջանի բնակչության մեծ մասը սովորաբար արտագնա աշխատանքի է գնում՝ իր գոյությունը պահպանելու համար։ Անցյալ տարի էս վիրուսի պատճառով մարդիկ չգնացին։ Հիմա նույն կարգավիճակն է, չեն արտագաղթում, ժամանակավոր են գնում։ Էն պահն է, որ մարդիկ պիտի գնան աշխատեն, մի կտոր հաց վաստակեն իրենց երեխեքի համար»,- ասում է Գնել Գրիգորյանը։

Համայնքի ղեկավարի խոսքով՝ նույն իրավիճակն է նաև Գեղարքունիքի մյուս համայնքներում։ 

Ըստ Գրիգորյանի՝ մարդկանց այս փուլում աշխատանք է պետք, իսկ տրամադրությունները հետպատերազման շրջանում այնպիսիք են, ինչպես մյուս մարզերում։ Մարդկանց սոցիալական վիճակը, նրա խոսքով՝ վատթարացել է, քանի որ մոտ մեկ տարի ճանապարհները փակ են եղել համավարակի պատճառով։

Հարցին, թե այս տարի նախորդ տարիների համեմատ արտագնա աշխատանքի մեկնողների թիվն ավելի մե՞ծ կլինի, Գնել Գրիգորյանը պատասխանում է.

«Միգուցե ավելի շատ լինի, այդ հարցին հիմա դժվար է պատասխանել։ Բայց միտումները ցույց են տալիս, որ նախորդ տարիների պես կլինի»։

Լիճք համայնքի ղեկավարը նշում է, որ աշխատանքներ են տարվում համայնքներում, որպեսզի մարդիկ խուճապի մեջ չլինեն։

«Նախ` մեր ժողովուրդն իմաստուն է, այդ խուճապներին, քաղաքական իրավիճակին չեն խառնվում, լավ էլ խելամիտ ձևով ամեն ինչ հասկանում են։ Ես կարծում եմ, որ միանշանակ պետք է մնանք, մեր հող ու ջրին տեր կանգնենք, անկախ ամեն ինչից, մեր փրկությունը դա է։ Մեր բոլորիս նպատակն ու իղձը այն է, որ մնանք ու մեր հողը շենացնենք»,- հավելում է նա։

Ըստ Գնել Գրիգորյանի՝ Գեղարքունիքի մարզի տղամարդիկ այս ամիսներին են գնում արտագնա աշխատանքի, աշնան վերջին հետ գալիս։

«Հազվադեպ ընտանիքներ կարող են լինել, որ ընտանիքներով գնան ու մնան այնտեղ։ Ռուսաստանում հիմնականում աշխատում են շինարարության, ասֆալտապատման ոլորտներում»,- նշում է նա։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am