Պարզվում են 46-ամյա տղամարդու սպանության հանգամանքները

Պարզվում են 46-ամյա տղամարդու սպանության հանգամանքները
Պարզվում են 46-ամյա տղամարդու սպանության հանգամանքները

ՀՀ  քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 1973 թվականին ծնված տղամարդու  սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հուլիսի 2-ին՝ ժամը 23:10-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ  բժշկական կենտրոն»-ից Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ  հրազենային վնասվածքով իրենց մոտ է բերվել 1973 թվականին ծնված Անդրանիկ Հ-ի դիակը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի  104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի  հատկանիշներով:  

Ձեռնարկված անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել  է, որ 1973 թվականին ծնված տղամարդը հրազենային վնասվածք է ստացել Նոր Նորքի 5-րդ զանգվածի շենքերից մեկի բակում:

Կազմվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են պարկուճներ, 1  փամփուշտ, արնանման հետքեր, վերցվել նմուշներ: Դեպքի վայրից հայտնաբերվել է սպորտային պայուսակ, պլաստմասե շիշ, ֆիքսվել է տեսանկարահանող սարքերի առկայությունը: Առգրավվել են դեպքի պահին տուժողի հագին եղած հագուստները, որոնց վրա առկա են եղել արնանման հետքեր: Կատարվել է դիակի զննություն, ինչի արդյունքում պարզվել է, որ դիակի վրա առկա է թվով 4 հրազենային վնասվածք, որոնցից մեկը՝ տեղակայված դեմքի ձախակողմյան ստորին այտոսկրի շրջանում, երկուսը՝ ձախ ձեռքի նախաբազկի վերին երրորդ հետին մակերեսին և ստորին երրորդ դրսային մակերեսին, իսկ մյուսը՝ միջթիակային հատվածում:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաձգաբանական, դատահետքաբանական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք վկաներ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ սպանության բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու և նրա (նրանց) գործողություններին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

ՀՀ քննչական կոմիտե