Le Figaro–ի հաղորդմամբ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաջորդ շաբաթ կայցելի Վաշինգտոն։ Տեղեկատվությունը հաստատել է Եվրոպայի հարցերով նախարար Բենժամեն Հադադը՝ ելույթ ունենալով LCI հեռուստաալիքով։
Մակրոնի այցի մասին առաջինը հայտնել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով հայտարարել էր, որ իր ֆրանսիացի գործընկերոջ հետ հանդիպումը կարող է կայանալ «շատ շուտով, հնարավոր է՝ երկուշաբթի»։ Ավելի վաղ ամերիկյան մի պաշտոնյա տեղեկացրել էր, որ Մակրոնը սպասվում է Սպիտակ տանը «հաջորդ շաբաթվա սկզբին»։
Բենժամեն Հադադը նշել է, որ Ֆրանսիայի նախագահը Վաշինգտոն է մեկնում՝ «Եվրոպայի ձայնը բարձրացնելու» և ընդգծելու, որ «Ուկրաինայի ապագան չի կարող որոշվել առանց եվրոպացիների»։ Նրա խոսքով՝ առկա է վտանգ, որ բանակցությունների ընթացքում կարող է հաստատվել «կեսատ-պեսատ հրադադար», որը կդիտվի որպես հաղթանակ Վլադիմիր Պուտինի համար։
Բենժամեն Հադադը նաև նշել է, որ Եվրոպան այս բանակցություններում մի շարք առավելություններ ունի, մասնավորապես՝ Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը, որը «ավելի մեծ է, քան ԱՄՆ-ի աջակցությունը»։ Նա որպես ազդեցության գործոններ նշել է նաև «Ռուսաստանի դեմ տնտեսական ճնշումը» և «Եվրոպայի՝ անվտանգության երաշխիքներ տրամադրելու կարողությունը»։
Հադադը քննադատել է Թրամփի այն հայտարարությունը, որով նա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն «բռնապետ» էր անվանել։ «Այս պատերազմում միակ բռնապետը Պուտինն է։ Զելենսկին հերոս է»,– ընդգծել է նախարարը։
Մակրոնի Վաշինգտոն այցը դիտարկվում է որպես Ֆրանսիայի և Եվրոպայի փորձ՝ ավելի ակտիվ դեր ունենալ ռուս-ուկրաինական պատերազմի խաղաղ բանակցություններում՝ զսպելով հնարավոր համաձայնություններ, որոնք կարող են վտանգել Ուկրաինայի շահերը։



















