Մեր կողքին ապրող մարդիկ. Նեյթընը

Ամերիկացի Նեյթըն Հալթոնը 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ հորից՝ հայտնի լրագրող Չաք Հալթոնից առաջին անգամ լսեց Հայաստանի մասին: Հայրը, որ պատերազմի լրագրող է ու հոկտեմբեր ամսին եղել էր Հայաստանում՝ լուսաբանելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, այնքան տպավորված էր մեր երկրով, որ ԱՄՆ վերադառնալուն պես բոլորին հորդորում էր այցելել Հայաստան: 

Երեք տարի անց ես հանդիպում եմ Նեյթընի կնոջ՝ Ռուբինայի հետ, իրենց համեստ բնակարանում, որ վարձակալել են հարսանիքից հետո: Բնակարանում բացի իրենցից ապրում է մոխրագույն, փափկամազ ու համեստ կատուն, որ իմ տեսածների մեջ ամենաքաղաքավարին էր ու զուսպը՝ մի բան, որ բնորոշ չէ կատուներին: 

Երիտասարդ զույգը՝ Նեյթընը 22, իսկ Ռուբինան՝ 23 տարեկան, ապրում է Երևանում, սակայն ուզում են Դիլիջանում՝ անտառի մեջ, տուն գնել, ինչպես Նեյթի հայրական տունն է ԱՄՆ-ում, ունենալ նվազագույնը չորս երեխա, զարգացնել Հայաստանում տուրիզմն ու պարզապես երջանիկ լինել: 

Ռուբինան ինձ դիմավորեց գրկաբաց ու միանգամից մի քանի տեսակ սուրճ առաջարկեց, որ նոր են բերել Նահանգներից: Բաց մաշկով, բարձրահասակ, ժպտադեմ ամուսինը սկսեց հիացած հետևել կնոջ արագաշարժ գործողություններին,ու այդ ընթացքում հպարտանալով ակնարկեց, թե կինը անչափ համեղ է պատրաստում, տոլման 10-ից 10 է՝ ինչպես հիմա ընդունված է գնահատել ուտելիքը համացանցում: 

Ռուբինան դեռ սովորում է ԵՊՀ մագիստրատուրայում, ավարտելուն պես լրջորեն կմտածեն Դիլիջան տեղափոխվելու մասին, իսկ մինչև այդ երկուսն էլ ակտիվ ներգրավված են տուրիզմի ոլորտում ու փորձում են այնպես անել, որ Հայաստան եկող զբոսաշրջիկները ներդրումներ կատարեն մեր երկրում, հատկապես՝ մարզերում: 

Նրանք հանդիպեցին այն ժամանակ, երբ Նեյթընը առաջին անգամ էր եկել Հայաստան որպես զբոսաշրջիկ, իսկ Ռուբինան հերթական ճամփորդությունն էր իրականացնում իր երկրում: 

Երկու՝ տարբեր ուղղությամբ ընթացող ավտոբուսները, չգիտես ինչու, կանգ առան նույն սննդի կետում: Ռուբինայի ընկերներից մեկը սկսեց հոգու հետ խաղալ, թե՝ 21 տարեկան ես, արդեն ժամանակն է ամուսնանալ: 

Նա էլ հենց այդ պահին, հեռվում տեսնելով Նեյթընին՝ մատնացույց արեց ու ասաց. 

– Ա՜յ այն կովբոյի գլխարկով, բարձրահասակ, ոչ հայկական արտաքինով տղայի հետ եմ ամուսնանալու: 

Քիչ անց պարզվեց, որ Նեյթընը Չաքի որդին է, որի համար պատերազմի ժամանակ թարգմանություններ էր արել Ռուբինան: Մեկ շաբաթ անց նրանք միասին գնացին ճաշելու, մեկ ամիս անց Ռուբինան զանգեց մորն ու ասաց.

– Նա առաջարկություն արեց, ես նշանվել եմ…

Ռուբինան հաճախ է տարբեր մարդկանցից լսում, թե իբր ամուսնացել է ամերիկացու հետ՝ մի շարք հանգամանքներ հաշվի առնելով: Դա իրեն նեղացնում է, բայց հասկանում է մարդկանց կասկածների առիթը. իրենք նշանադրվեցին առաջին հանդիպումից մեկ ամիս հետո, ամիսներ անց՝ ամուսնացան: Հիշում է, որ միակ մարդը, որ ի սկզբանե հավատացել է իրենց սիրուն, Նեյթընի մայրն էր, որի հետ այնքան մտերիմ է, ասես նրա դուստրը լինի: 

– Մարդիկ երբեմն նեղմիտ են մտածում, բայց Նեյթն ինձ մի կարևոր բան է սովորեցրել այս մեկ տարվա համատեղ կյանքի ընթացքում՝ ուշադրություն չդարձնել կամ գոնե կառչած չլինել հասարակության կարծիքից: 

Նեյթի համար ամենածիծաղելին այն է, որ Հայաստանում թյուրըմբռնում կա, թե բոլոր ամերիկացիները հարուստ են, ու եթե հայ աղջիկը ընտրում է ամերիկացու, ապա դրա տակ ավելի շատ հաշվենկատություն է, քան՝ սեր: Մեկ տարվա ընթացքում արդեն իսկ մի շարք խնդիրներ են միասին հաղթահարել՝ մշակութային, սոցիալական տարբերություններից մինչև ֆինանսական դժվարություններ, որ բնորոշ է նորաստեղծ ընտանիքներին: 

– Դու հիմա հարո՞ւստ, թե՞ սիրառատ տուն ես տեսնում: Մենք դժվարությամբ ենք անգամ տունը տաքացնում, Ռուբինան ամբողջ օրը ջեռակը ձեռքին քայլում է տնով մեկ: Մենք, ինչպես լիքը հայ ընտանիքներ, հատկապես՝ երիտասարդ, նոր ոտքի կանգնող, տարբեր խնդիրներ ունենք: 

Հանկարծ բազկաթոռի վրա կովբոյի գլխարկ եմ տեսնում: Հարցական նայում եմ Նեյթին ու հայացքս բռնելով՝ ասում է, որ, այո՛, գլխարկը գրեթե ամեն օր կրում է ու արժանանում տեղացիների փսփսոցներին: Ու եթե Նեյթն այս ամենի հանդեպ խիստ հանդուրժող է, ապա Ռուբինան՝ ոչ, հավանաբար այն պատճառով, որ Նեյթը հայերեն չիմանալով՝ միայն փսփսոց է լսում, իսկ կինը՝ խտրական, երբեմն քամահրական արտահայտություններ: 

– Որքան էլ մեր հասարակությունը փոխվում է, տեսնում տարբեր մարդկանց, միևնույն է՝ արտահայտվելիս մենք հանդուգն կարող ենք լինել, երբեմն՝ աննրբանկատ: Ես ինքս երբեք չեմ մտածել այս ամենի մասին, քանի դեռ չէի հանդիպել ամուսնուս: 

Ռուբինան ինքը ոչ տիպիկ հայկական արտաքին ունի, ու նրան բավական հեշտ է շփոթել օտարերկրացու հետ: Փողոցում քայլելիս հաճախ է լսում տարբեր արտահայտություններ ամուսնու հասցեին՝ «իբր ի՞նչ է կովբոյի գլխարկ դրել», «պա՜հ, մի սրան նայեք» և այլն: 

Զբոսաշրջիկների մեծ հոսքը դեպի մեր երկիր կօգնի նաև բնական կերպով հաղթահարելու այս խնդիրը՝ մեր մոտեցումը ոչ մեզ նման հագնվողների, ոչ մեզ նման խոսողների, ոչ մեզ նման մտածողների նկատմամբ: 

Ի դեպ, մտածելակերպի տարբերությունները երիտասարդների մոտ երբեմն փոքրիկ վեճեր են առաջացնում, որոնք հաղթահարվում են առավելագույնը մեկ ժամվա ընթացքում: Նեյթը հիշում է, որ երբ Ռուբինային առաջին անգամ ասաց՝ դե, գնացի ափսեները լվանալու, կնոջ կլորացած աչքերին նայելով՝ մտածեց, որ հաստատ մի բան այն չի արել: 

– Նա այնքան զարմացավ, որ ես չգիտեի՝ հիմա լա՞վ բան եմ անում, թե՞ վատ: Ռուբինային բացատրել եմ, որ տղամարդու ֆունկցիան միայն աշխատել, ընտանիք պահելը չէ, չնայած հայ տղամարդկանց մեջ այս գիծը ես իսկապես շատ եմ գնահատում, նրանք ուզում են այնպես անել, որ իրենց կողքի կինն իրեն լավ զգա, բայց դա բոլորովին չի նշանակում, որ տան բոլոր գործերը պիտի թողնել կնոջ վրա: 

Ռուբինան գլխով համաձայնում է ու ասում, որ մոր համար իսկական շոկ էր, երբ մի անգամ զանգեց ու լսեց հետևյալը՝ «դե, Նեյթը ամաններն է լվանում, ես էլ աշխատում եմ»: 

Ասում է, որ միասին տան գործեր անելը մտերմացնում է, ավելի թեթև դարձնում կենցաղը, բացի այդ, հաճելի է, երբ կողակիցդ գնահատում է քո ժամանակն ու փորձում հնարավորինս օգտակար լինել: 

Ամուսնության մեկ տարվա ընթացքում զույգը հասցրել է մի քանի անգամ ԱՄՆ-ում լինել: Տարօրինակ, բայց նաև հուզիչ էր լսել, որ Նեյթը, որ ծնվել-մեծացել է այդ երկրում, վերջին ճամփորդության ժամանակ հասկացել է, որ իր ընկերները Հայաստանում են, որ իր տունն այստեղ է՝ մի երկրում, որտեղ ամեն ինչի չափաբաժինը մեծ է՝ սկսած ուտելիքներով լի ծանրաբեռ սեղաններից մինչև սեր: Անգամ այն դեպքում, երբ ԱՄՆ-ում կարող էին հանգիստ ապրել, գուցե չմտածել շատ հարցերի մասին, որոնք առաջանում են այստեղ, մեկ է՝ Հայաստանից տեղ չեն ուզում գնալ:

– Հայերի մեջ ամեն ինչ շատ է՝ նրանք չեն սիրում միջին լինել,- ասում է Նեյթն ու ժպտում այն ժպիտով, որ բնորոշ է անխռով, հանդարտ ու իրեն իր տեղում գտած մարդուն: 

Ռուբինան ասում է, որ գրեթե բոլորը զարմացած են, որ իրենք տուն են վարձել Երևանում, որովհետև վստահ էին, որ ԱՄՆ-ում են ապրելու: Բայց իրենք որպես երիտասարդ զույգ ուզում են օրինակ ծառայել մյուսների համար, որ պետք է մնալ, պետք է տեր կանգնել Հայաստանին, զարկ տալ զբոսաշրջությանն ու հորդորել մարդկանց ներդրումներ անել մեր երկրում, դա շատ անհրաժեշտ է մեզ: 

Այժմ սպասում են Ռուբինայի համալսարանն ավարտելուն, հետո կմտածեն երեխաների մասին, որ իրենց երազանքի՝ մեծ ընտանիք ունենալու գրավականն են: Նեյթը քնքշորեն ասում է, որ Ռուբինան այնքան պատասխանատու մարդ է, որ անդադար մտածմունքների մեջ է՝ բայց արդյո՞ք լավ մայր կլինի, բայց արդյո՞ք կկարողանա… իսկ ինքը վստահ է՝ միասին ամեն ինչ էլ կարող են: 

Ընտանիքը իրենց համար առաջնահերթություն է, ուզում են, որ Հայաստանում ապրող երիտասարդ զույգերը կարևորեն դրա նշանակությունը, հեշտ չհանձնվեն, պայքարեն, որ ընտանիքը պահպանվի: Նեյթը նկատել է, որ մեր երկրում ամուսնալուծությունների թիվը մեծ է, գտնում է, որ երբեմն իսկապես ելք չկա, պիտի հեռանալ, բայց հաճախ մարդիկ ուղղակի հոգնում են պայքարելուց: 

– Երբ մենք էինք ամուսնանում, որոշեցինք, որ պիտի ծերանանք միասին, որոշեցինք, որ չկան անհաղթահարելի վախեր, խնդիրներ, որ պիտի խոսենք ու հասկանանք իրար: Ես մեծացել եմ Հայաստանում ու գիտեմ, թե որքան վատ կարող են վարվել կնոջ հետ, ու Նեյթի հետ համաձայն եմ, որ հաճախ միակ ելքը գնալն է: Բայց նաև կարծում եմ, որ սերն արժանի է, որ մենք չհանձնվենք: Հիմա ասում են՝ դուրդ չի գալիս, գնա, մի կյանք ես ապրում: Իսկ ես գտնում եմ, որ հարաբերությունների վրա պիտի աշխատել, ջանք թափել, ու եթե իրոք ոչ մի ելք չլինի, նոր հեռանալ: 

Իմ գնալու ժամանակն է, Նեյթն ու Ռուբինան պատրաստվում են ընկերների այցելության, որ ավանդույթի պես բան է դարձել հատկապես հանգստյան օրերին: Հավանաբար նա այսօր ի թիվս այլ ուտեստների՝ տոլմա կպատրաստի, որ շատ է սիրում ամերիկացի ամուսինը, բայց չի մոռանա վերջում ամերիկյան սուրճ հյուրասիրել, որովհետև այս ընտանիքը հայի կամ ամերիկացու դոմինանտության մասին չէ, այլ համերաշխության, իրարից նոր բաներ սովորելու, երկու գեղեցիկ մշակույթների փոխանակության մասին: 

Կուշանե Չոբանյան

Լուսանկարները՝ անձնական արխիվ

MediaLab.am