Չի կարող լինել այնպիսի իրավիճակ, որ այսպիսի տեմպի պարագայում մահճակալների թիվը լինի բավարար․ Lragir.am

«Այս ընթացքում արվել է ավելին, քան հնարավոր էր։ Կորոնավիրուսային հիվանդությունը սպասարկելու համար շուրջ 2000 մահճակալ է առաձնացվել թվով 9 բժշկական հաստատություններում, որոնցից 5-ը Երևանում և 4-ը մարզերում։ Այդ հաստատությունները վերապրոֆիլավորվել են և մինչև այս պահը սպասարկում են պացիենտներին»,- Ֆեյսբուքի ուղիղ եթերով ճեպազրուցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեղեկացնում է Lragir.am-ը։

Նրա խոսքով՝ Նորք ինֆեկցիոն կլինկական հիվանդանոցում կառուցվել է մոտ 35 սենյակ ունեցող մոդուլ։ Այսօրվանից գերծելու է կորոնավիրուսային հիվանդության կասկածով պացիենտների ևս մեկ տիրաժ՝ ընդունման և ախտորոշման կենտրոն՝ Այրվածքաբանության ազգային կենտրոնի բազայի վրա։ Մինչ այս պահը նման գործառույթ իրականացնում էր միայն Նորք ինֆեկցոն հիվանդանոցը։

Նոր կենտրոնն այս պահին ունի 65 մահճակալ և ևս 9 վերակենդանացման մահճակալ։ «Մի քանի օրվա մեջ կավելանա ևս 58 մահճակալ՝ ընդհանուր կունենանք ևս 132 հավելյալ մահճակալ այս խնդրի լուծման համար։ Նոր մահճակալներ են ծավալվել Աստղիկ ԲԿ-ում՝ մոտավորապես  20 ռեանիմացիոն և  20 ինտենսիվ թերապիա։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում սկսվել են երկրորդ ռեանիմացիոն բաժանմունքի շինարարական աշխատանքները՝ մոտ 50 մահճակալ։ Աշխատանքեր են տարվում Էրեբունի ԲԿ-ում մոտ 50 ռեանիմացիոն մահճակալ ծավալելու ուղղությամբ։ Այս 100 մահճակալները պատրաստ կլինեն անհրաժեշտության դեպքում պացիենտներ ընդունել մոտ 1,5 ամիս հետո։

Նախարարն ինձ գրել էր՝ ամեն օր ծավալվում են նոր մահճակալներ, բայց ուզում եմ ընդգծել, որ երբեք չի կարող լինել այնպիսի իրավիճակ, որ այսպիսի տեմպի պարագայում մահճակալների թիվը լինի բավարար։ Օրինակ՝ աշխարհի ամենազարգացած  քաղաքներից մեկում՝ Նյու Յորքում հաստատվել էր ճիշտ նման իրավիճակ։ Մենք հատել ենք դժոխքի սահմանը, բայց մենք հումանիտար աղետ դեռևս չենք ապրում։ Կառավարությունն իրենից կախված ամեն ինչ կանի, կանի անհնարը, բայց շատ ավելի կարևոր է ընդամենը մեկ մարդու ջանքը, դիրքորոշումն ու վարքագիծը»,- ասաց Փաշինյանը։