Մակրոնը կոչ է անում չչափազանցնել իրեն հարվածելու միջադեպի նշանակությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունիսի 8-ին իր դեմ իրականացված հարձակումն առանձին դրվագ է համարում:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ այս մասին գրում է  Le Dauphine պորտալը՝ ընդգծելով, որ նախագահը հորդորել է միջադեպի նշանակությունը չչափազանցնել:

Ֆրանսիայում երկու մարդ ձերբակալվել էր այն բանից հետո, ինչ նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման մասնակիցներից մեկը հարվածել է նրա դեմքին:

Սոցցանցերում տարածված տեսանյութում երևում էր, թե ինչպես է Մակրոնը մոտենում քաղաքացիներին և սկսում քննարկել ինչ-որ հարցեր՝ բռնելով կանգնած տղամարդկանցից մեկի ձեռքը:

Այդ պահին տղամարդը ինչ-որ բան է պատասխանում և հարվածում է նրա դեմքին:

Անվտանգության աշխատակիցները, հեռացնելով դեպքի վայրից նախագահին, գետնին էին տապալել նրան հարվածած տղամարդուն: