Արա Այվազյանը տեսակապի ձևաչափով հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի ԳՔ տեղակալ Արմիդա Սալսիա Ալիսահբանանի հետ

Ապրիլի 7-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը  տեսակապի ձևաչափով զրույց ունեցավ  ՄԱԿ ԳՔ տեղակալ, Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի Գործադիր Քարտուղար Արմիդա Սալսիա Ալիսահբանանի հետ: 

Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին Հայաստանի և Հանձնաժողովի միջև հաստատված սերտ փոխգործակցության առնչությամբ՝ վերահաստատելով փոխադարձ պատրաստակամությունը՝ ապահովելու տարբեր գերատեսչությունների մակարդակով ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման շարունակականությունը: 

Միջտարածաշրջանային համագործակցության ընդլայնման ուղղությամբ Հանձնաժողովի կողմից իրականացվող ծրագրերի շուրջ քննարկումների համատեքստում նախարար Այվազյանն ընդգծեց, որ Հայաստանը, լինելով դեպի ծով ելք չունեցող երկիր, մշտապես հանդես է եկել տարածաշրջանային համագործակցության և փոխկապակցվածության ամրապնդման դիրքերից՝ հիմնված ներառականության սկզբունքի լիարժեք իրականացման վրա: 

Ի թիվս մի շարք հարցերի՝ քննարկվեցին առաջիկայում կայանալիք Հանձնաժողովի 77-րդ նստաշրջանին վերաբերող հարցեր: Արտգործնախարար Արա Այվազյանն ու Գործադիր Քարտուղար Արմիդա Սալսիա Ալիսահբանանը մտքեր փոխանակեցին նաև COVID-19-ի հաղթահարման գործում միջազգային ջանքերի գործադրման և համավարակից կայուն վերականգնմանն ուղղված քայլերի շուրջ: 

ԱԳ նախարար Այվազյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը և Թուրքիան, անտեսելով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի՝ համավարակի ժամանակ գլոբալ հրադադարի կոչը, լայնամասշտաբ ագրեսիա սանձազերծեցին Արցախի դեմ, որի հետևանքով արցախահայության առջև ծառացել են հումանիտար և սոցիալ-տնտեսական հրատապ խնդիրներ: Կարևորվեց միջազգային կառույցների՝ տեղում  անմիջական ներգրավվածությունը և գործուն քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը: 

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ կայքից։