Սեպտեմբերի 13-ի կեսգիշերից անմիջապես հետո Ադրբեջանը լայնածավալ հարձակում և ներխուժում է սկսել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք՝ գնդակոծելով խաղաղ բնակիչներին, քաղաքացիական ենթակառուցվածքները և այլ քաղաքացիական օբյեկտներ Հայաստանի արևելյան սահմանի երկայնքով և առաջնագծի խորքերում։ Ադրբեջանական ուժերը նախապես ծրագրել են մարտական անօդաչու թռչող սարքերի, հրետանու և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառումը։Այս մասին տեղեկացնում է Իրազեկ քաղաքացիների միավորումը:
Արդյունքում Հայաստանն ունի 207 սպանված կամ անհայտ կորած զինծառայող, 5 զոհված քաղաքացիական անձ, հարյուրավոր վիրավորներ, ավելի քան 7600 քաղաքացիական անձիք տեղահանվել են։ 3 միլիոնից պակաս բնակչություն ունեցող երկրի համար այս թվերը նշանակալի են։
Այստեղ ակնհայտ է Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելության և անհանդուրժողականության՝ տասնամյակներ շարունակվող պետական քարոզչությունը: Բացի հայ ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, խոշտանգումների, նվաստացման, անդամահատման և մահապատժի ապացույցներից, վերջին հարձակումների ժամանակ ադրբեջանցի զինծառայողները նաև մերկացրել, խոշտանգել և մահապատժի են ենթարկել հայ կին զինծառայողներին։ Ադրբեջանցի զինծառայողների կողմից սոցիալական ցանցերում կամավոր կերպով տեղադրվել և տարածվել են հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի և սպանության մասին վկայող տասնյակ տեսանյութեր, ինչը ցույց է տալիս պատժից վախի բացակայությունը: Հայ կին զինծառայողների նկատմամբ հատուկ սարսափելի վերաբերմունքը որակվում է որպես ամենածանր գենդերային բռնություն: Այս վարքագծի պատճառը ադրբեջանցի զինծառայողների և ընդհանրապես հասարակության խորը արմատացած կնատյացությունն է, որն ապացուցված է նաև ադրբեջանցի օգտատերերի կողմից սոցցանցերում այդ հանցագործությունների խրախուսմամբ և նորմալացմամբ:
2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանը հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Ադրբեջանի՝ Ադրբեջանի պետական հովանավորությունը վայելող հայատյաց քաղաքականության դեմ պայքարելու համար, որի հետևանքով Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում հայերը ենթարկվում են համակարգված խտրականության, սպանությունների և խոշտանգումների։ 2022 թվականի օգոստոսի 30-ին Ռասայական խտրականության վերացման կոմիտեն հրապարակեց իր եզրափակիչ դիտարկումները Ադրբեջանի վերաբերյալ՝ հայտնելով իր մտահոգություններն ու առաջարկությունները Ադրբեջանին՝ նշելով, որ «Կոմիտեն խորապես մտահոգված է ռասայական ատելության հրահրմամբ և հայազգի կամ էթնիկ ծագում ունեցող անձանց նկատմամբ ռասիստական կարծրատիպերի տարածմամբ՝ ներառյալ համացանցում և սոցիալական ցանցերում, հասարակական գործիչների և պետական պաշտոնյաների կողմից, ինչպես նաև նման գործողությունների համար հետաքննության, հետապնդումների, դատապարտումների և պատժամիջոցների վերաբերյալ մանրամասն տեղեկատվության բացակայությամբ»:
Հոկտեմբերի 2-ին ադրբեջանական տելեգրամ ալիքներով նոր տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները հայ գերիներին մահապատժի ենթարկում Հայաստանի Հանրապետության տարածքում։ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը հաստատել է տեսանյութի իսկությունը։
Մենք՝ ներքոստորագրյալներս, ապշած ենք այս ագրեսիայի և բռնության շուրջ միջազգային հանրության լռությունից և երկիմաստությունից։ Այս լռությունը միայն ծառայում է Ադրբեջանի կառավարությանը քաջալերելուն և անհնարին դարձնում խաղաղության ձեռքբերումը Հարավային Կովկասում։ Իրավապաշտպան կազմակերպությունները հատուկ պատասխանատվություն են կրում հանդես գալ Ադրբեջանի կառավարության անպատժելիության դեմ և պատասխանատվության ենթարկել նրան մարդու իրավունքների կոպիտ խախտումների, խոշտանգումների և միջազգային պարտավորությունների այլ խախտումների համար:
Մենք՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս.
- Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի վերջին հարձակումները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա և նրա հայատյաց հռետորաբանությունն ու քաղաքականությունը։
- Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում բանակցություններ սկսել բարեխղճորեն՝ հանուն իրական, կայուն տարածաշրջանային խաղաղության:
- Կոչ ենք անում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին ուղարկել զեկուցողներ՝ այցելելու և ստուգելու ադրբեջանական ներխուժումից տուժած հայկական բնակավայրերն ու քաղաքները, ինչպես նաև հարցազրույցներ վարել տուժած բնակիչների և վկաների հետ՝ փաստագրելու և ուղղակիորեն արձագանքելու Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի խախտումներին և պատասխանատվության ենթարկելու համար:
- Բոլոր ժողովրդավարական երկրներին կոչ ենք անում դատապարտել Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք և դադարեցնել ցանկացած ռազմական օգնություն Ադրբեջանին։
- Կոչ ենք անում Ադրբեջանի դեմ կիրառել պատժամիջոցներ Միջազգային իրավունքի կոպիտ խախտումների համար։
- Կոչ ենք անում ԵՄ-ին և ԱՄՆ-ին դադարեցնել անուղղակիորեն աջակցել Ալիևի վարչակարգին մարդու իրավունքների կոպիտ խախտումների պայմաններում։
- Կոչ ենք անում անկախ իրավապաշտպան կազմակերպություններին, այդ թվում՝ Human Rights Watch-ին, հրատապ առաքելություն ուղարկել Հայաստան՝ ինքնուրույն հաստատելու Ադրբեջանի ռազմական հանցագործությունները և մարդկության դեմ հանցագործությունները:
- Ողջունում ենք ագրեսորին ուղղված անհատական կոչը տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են Freedom House-ը, Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը, մի շարք կառավարություններ, քաղաքական գործիչներ և իրավապաշտպան համայնքի անդամներ:
Հայտարարությանը միացել են․
1․ Երևանի մամուլի ակումբ ՀԿ
2․ Հանուն հավասար իրավունքների ՀԿ
3․ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ
4․ Ռեստարտ Գյումրի նախաձեռնությունների կենտրոն ՀԿ
5․ Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն ՀԿ
6․ Մեդիա նախաձեռնությունների կենտրոն ՀԿ
7․ Ազատ քաղաքացի ՔՆԱԿ
8․ Կանանց իրավունքների տուն ՀԿ
9․ Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
10․ Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ
11․ Խաղաղության երկխոսություն ՀԿ
12․ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
13․ Հելսինկյան Ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ
14․ Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ
15․ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
16․ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
17․ Քաղաքական երկխոսություն ՀԿ
18․ Առաջադեմ սոցիալական տեխնոլոգիաներ ՀԿ
19․ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ ՀԿ
20․ Ժողովրդավարությունն այսօր ՀԿ
21․ Քաղաքացիական երիտասարդական կենտրոն համայնքային զարգացման ՀԿ
22․ Բրիտանա-Հայկական մարդու իրավունքների ասոցիացիա
23․ Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա
24․ Գրանիշ գրական համայնք ՀԿ
25․ Սպիտակի Հելսինկյան խումբ իրավապաշտպան ՀԿ
26․ Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ
27․ Հասարակություն առանց բռնության ՀԿ
28․ Կանանց աջակցման կենտրոն ՀԿ
29․ Փինք իրավապաշտպան ՀԿ
30․ Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն ՀԿ
31․ Իրական աշխարհ, իրական մարդիկ ՀԿ
32․ «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ
33․ Իրավունքի ուժ ՀԿ
34․ Մշակութային եւ սոցիալական նարատիվների լաբորատորիա ՀԿ
35․ Գորիսի մամուլի ակումբ ՀԿ
36․ Հեռանկարային զարգացման կենտրոն ՀԿ
37․ Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ ՀԿ
38․ ՕքսԵՋեն շահերի պաշտպանության և զարգացման հիմնադրամ
39․ Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ
40․ «Ռեգիոն» հետազոտական կենտրոն
41․ Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան
42․ «Բայազետ» վերլուծական-հետազոտական հայկական կենտրոն ՀԿ