Լաչինի ճգնաժամը․ ի՞նչ ելքեր կան

Միանգամից դրական պատասխանելով ու առաջ անցնելով անպտուղ քննարկումից՝ արդյոք Ռուսաստանի թողտվությա՞մբ է տեղի ունենում այն, ինչ տեղի է ունենում Լաչինում, փորձենք մի քանի արձանագրումներ անել։

Ադրբեջանը փորձում է իրականություն դարձնել իր խոստումը ու հողի վրա հավասարության նշան դնել Լաչինի միջանցքի և այսպես կոչվող «Զանգեզուրի միջանցքի» միջև։ Ասել է թե՝ եթե Հայաստանը չի տալիս անխոչընդոտ ու չվերահսկվող ճանապարհ Մեղրիով, ապա չի ստանա նման ճանապարհ Լաչինով։

Ռուսաստանը, որ նույնպես հետաքրքրված է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» տրամաբանությամբ, ցուցաբերում է թողտվություն և գործիքավորում է Արցախի անվտանգությունն ու տեղի բնակչության հիմնարար իրավունքները՝ որպես ճնշման գործիք վերջնանպատակ ունենալով Հայաստանից զիջումներ կորզելը։

Հավաքական Արևմուտքը և մի քանի այլ ուժային կենտրոններ, որոնք շահագրգռված չեն միջանցքային տրամաբանության իրացմամբ, դեռևս միայն վերբալ դաշտում ակտիվորեն հակազդում են Լաչինի միջանցքի փակմանը։

Սրա թերևս լավագույն ցուցիչն էին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկումը ու այդ քննարկման ընթացքում հնչած հայտարարությունները։

Ակնհայտ է սակայն, որ ռուսական թողտվության պայմաններում միայն վերբալ հակադրությունը բավարար չի լինելու միջանցքի ապաշրջափակման հարցում հաջողություններ գրանցելու համար։ Սա մեզ բերում է հետևյալ եզրակացության՝ կա երկու սցենար, թե ինչպե՛ս կավարտվի Լաչինի միջանցքի այս վերջին ճգնաժամը։ 

Առաջին․ հավաքական Արևմուտքը ու մյուս ուժային կենտրոնները կշարունակեն այս քաղաքականությունը, կաճեցնեն այն ու ճնշման մակարդակը կբարձրացնեն այն աստիճանի, որ Ադրբեջանի համար այլևս ձեռնտու չլինի ճգնաժամի շարունակությունը (անգամ այդ պարագայում հնարավոր է Ադրբեջանի ավելի նվազ պահանջների կատարումը՝ «դեմքը փրկելու» տրամաբանության շրջանակներում)։ 

Այս սցենարը իհարկե հնարավոր է միայն աշխարհաքաղաքական որոշակի դրվածքի ու Հայաստանի համապատասխան լուրջ տնային աշխատանքի պարագայում, և դժվար է ասել՝ արդյոք դրա ժամանակը հիմա՞ կա, թե՞ ոչ։

Մյուս սցենարն այն է, որ ճգնաժամը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի գնացել էական զիջումների կա՛մ արցախյան հիմնախնդրում, կա՛մ միջանքային տրամաբանության մեջ։

Ոլորտային քաղաքականության մշակման ու իրացման գերատեսչության հիմնական խնդիրը պետք է լինի առանց հույզերի, հոռետեսության կամ ցանկալի մտածողության (wishful thinking) հստակ պատասխանելու հետևյալ հարցին՝ որքանո՞վ է հնարավոր առաջին սցենարը և որքանո՞վ՝ երկրորդը։ Ի՞նչ ռեսուրսների է տիրապետում Հայաստանը՝ յուրաքանչյուր սցենարի հետ աշխատելու համար։

Հիմա պետք է անել ամենաբարդը՝ կայացնել որոշումներ, դնել ռազմավարական նպատակներ ու սկսել դրանց մասին ռազմավարական հաղորդակցությունը։ Հայաստանը նմանվել է ալիքների հետ լողացող ու կոնկրետ նշանակետ չունեցող նավի, և դա է մեր գլխավոր խնդիրը, այլ ոչ ռուս-ադրբեջանական տանդեմը։

Ցանկացած սցենարի իրացման համար աշխատել է պետք։ Եթե առաջին սցենարի իրացման համար դեռ ուշ չէ, ապա վճռական գործողություններ են պետք փոփոխելու Հայաստանի անվտանգային ճարտարապետությունը։ Դե իսկ եթե արդեն ուշ է, պետք է ֆիքսել, որ Լաչինի միջանցքի հարցը պրագմատիկ առումով համադրելի չէ մեր հակառակորդների կողմից պահանջվող «Զանգեզուրի միջանցքի» հետ։ Համադրելի չէ այն պարզ պատճառով, որ անորոշ է Արցախի ապագան։ 

Դեպքերի աղետալի զարգացման պարագայում երկու տարուց Լաչինի միջանցքի կարիք որպես այդպիսին կարող է ընդհանրապես չլինել։ Քանի դեռ լուծված չեն արցախյան հիմնախնդիրը ու Արցախի կարգավիճակի հարցը, ինքնըստինքյան որոշված չէ նաև Լաչինի միջանցքի կարգավիճակի, ապագայի ու կարևորության հարցը։ 

Միևնույն ժամանակ պետք է պահպանվի իրավիճակը, որում Մեղրիի ապագան նույնն է, ինչ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի ցանկացած այլ հատվածի ապագան։

Այսպիսով, պետք է արձանագրել, որ «Զանգեզուրի միջանցքը» ռացիոնալի տեսանկյունից չի կարող զիջվել՝ ստանալու համար Լաչինի միջանցքը անգամ ամենավատ սցենարի իրացման պարագայում, դա խիստ անտրամաբանական ու ինքնավնասող քայլ կլինի։

Միևնույն ժամանակ, կարծում եմ, որ Հայաստանը շարունակում է պատասխանատվություն կրել Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգության ու իրավունքների համար: Այլ բան է՝ թե ինչպե՛ս և որտե՛ղ։

Արեգ Քոչինյան

MediaLab.am