Վերջապես լավ լուրեր կան

Երեկ հաստատվեց արդեն մի քանի օր Հայաստանի ԶԼՄ-ներով շրջանառվող այն տեղեկությունը, թե Եվրամիությունը Հայաստան երկարաժամկետ դիտորդական առաքելություն է ուղարկելու։ Առաքելությունն այդ չափազանց կարևոր է Հայաստանի համար, մանավանդ այս պահին։ Առաքելությունը, չնայած իր քաղաքացիական բնույթին, լուծելու է կարևորագույն անվտանգային խնդիր՝ հաշվետվողական ու թափանցիկ է դարձնելու հայ-ադրբեջանական սահմանը։ 

Արդեն տևական ժամանակ է՝ ինչ աշխարհաքաղաքական իրավիճակը, տնային աշխատանքը (ավելի ճիշտ՝ դրա բացակայությունը) և հակառակորդների գործողությունները առիթ չէին տալիս խոսելու լավ լուրերի մասին։ Բայց դիտորդական երկարաժամկետ առաքելությունը նման է ազատ անկման մեջ գտնվողին նետված կառչելու ճյուղի։

Այս գործիքը լավագույնս կիրառելու դեպքում հայ-ադրբեջանական սահմանը կարելի է տեղափոխել օնլայն տիրույթ և այնտեղ տեղ գտած խախտումներին ապահովել առժամանակյա ու համապատասխան միջազգային արձագանք, ինչն իր հերթին նվազեցնում է սահմանային խախտումների և բռնազավթումների վտանգները։

Առաքելությունն արձանագրելու և միջազգային հանրության սեփականությունն է դարձնելու Ադրբեջանի կողմից արդեն կատարված սահմանային խախտումներն ու բռնազավթումները։ 

Կան տարբերակներ, որ այս գործիքի միջոցով հայ-ադրբեջանական սահմանի հարցը միջազգայնացվում և դադարում է լինել Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան աղետաբեր եռանկյունու հարթության մեջ։ 

Այս գործիքը կարող է առաջին և բնավ ոչ վերջին փաստարկը կամ երաշխիքը դառնալ Հայաստանի նոր անվտանգային ճարտարապետության մեջ։ 

Այս գործիքը տրամադրվել է Հայաստանին հավաքական Արևմուտքի կողմից՝ չնայած Հայաստանի ՀԱՊԿ անդամակցությանն ու Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցությանը։ Այս փաստը լուրջ փոփոխություններ է բերում Հայաստանի այլընտրանքների ու այդ այլընտրանքների կողմից տրվող հնարավոր երաշխիքների մասին խոսակցության մեջ։

Ստացվում է, որ Արևմուտքն արդեն այստեղ է հողի վրա, այլ ոչ հայտարարություններով, նորից եմ կրկնում՝ թեև Հայաստանը դեռ ըստ էության որևէ լուրջ քայլ չի էլ արել։

Այս ամենին զուգահեռ միանգամից նշեմ, որ այս գործիքը չի բացառելու պատերազմը, չի ապահովագրելու Հայաստանի սահմանները հնարավոր հարձակումներից, միայնակ չի ապահովելու մեր երկրի անվտանգությունը, բայց եթե որևէ մեկն այդպիսի սպասելիքներ ուներ, ուրեմն այդ սպասելիքները քաղաքական դաշտից չեն։ 

Որևէ մեկը, որևէ գործիք, որևէ մեկքայլանի կախարդական կոմբինացիա չի ապահովելու վերոնշյալը։ Մեր իրավիճակում չկան նման հեշտ, մեկքայլանի ու սահուն լուծումներ, և հակառակը պնդողները սովորական շառլատաններ են։ Սա ընդամենը գործիք է, որ մեզ տրամադրում են մեր եվրոպացի գործընկերները։ 

Սա գործիք է, որն ավելի լայն գործընթացների շրջանակներում կարող է լավագույնս օգտագործվել ու իր հստակ դերն ունենալ։ Այստեղ ավելի լայն գործընթացներ ասելով պետք է առաջին հերթին նկատի ունենալ Հայաստանի անվտանգային ճարտարապետության հիմնարար փոփոխությունները։ 

Առանց այդ փոփոխությունների, որպես ռազմավարական նպատակի սահմանման այս նորությունը, ինչպես և բազում այլ նորություններ ու գործողություններ պարզապես դառնում են անիմաստ, իսկ լավագույն դեպքում՝ մի փոքր ավելի ժամանակ են տալիս։

Այսպիսով շնորհակալ լինելով տրված գործիքի համար ու շունչ քաշելով այս դրական նորության համատեքստում՝ պետք է հստակ արձանագրենք, որ գնդակը Հայաստանի դաշտում է, և հասունացել է վճռական գործողությունների ժամը։

Արեգ Քոչինյան

MediaLab.am