Ադրբեջանը ձեռք էր բերում արբանյակներ, իսկ մեր նորօրյա «փրկիչները»՝ դղյակներ և վիլլաներ. Արուսյակ Ջուլհակյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Երեկ Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել առաջին տիեզերական արբանյակը: Սա անչափ կարևոր իրադարձություն է, թեպետ ուշացած: Ինչևէ, ասում են լավ է ուշ, քան երբեք:

Պատերազմից հետո հայտնի դարձավ, որ դեռևս 2017 թվականին Հայաստանը կրիտիկական ենթակառուցվածքների զարգացման առումով տասը անգամ զիջում էր Ադրբեջանին:

2017 թվականին Ադրբեջանն արդեն ուներ երեք արբանյակ, որոնցից մեկը՝ հետախուզական: Առաջին արբանյակն Ադրբեջանը Երկրի ուղեծիր էր հասցրել դեռևս 2013 թվականին, մինչ մենք ուրախանում էինք Ռոդենի արձանիկի ձեռքբերմամբ և Երևանի կենտրոնում տեղադրմամբ:

Ադրբեջանը ձեռք էր բերում արբանյակներ, իսկ մեր նորօրյա «փրկիչները»՝ դղյակներ և վիլլաներ:

Իսկ 44-օրյա պատերազմի ընթացքում արդեն այդ արբանյակների միջոցով Ադրբեջանը կարելի ասել օնլայն ձևաչափով հետևում էր ՊԲ զորքերի տեղաշարժին, ինչի մասին նաև հպարտությամբ խոսել է Ալիևը պատերազմից հետո:

Ավելորդ է ասելը, թե ինչ առավելություն է տվել այս հանգամանքը ադրբեջանական զինված ուժերին:

Ինչևէ, Հայաստանն արդեն ունի արբանյակ, և սա վստահաբար վերջինը չի լինելու: Սխալները ուղղելու, չարվածը անելու համար ջանք և եռանդ չպետք է խնայենք»։