Արմատախիլ ենք անելու մեր համակարգից նման գործիչներին և երևույթները. Ռոմանոս Պետրոսյանը` որսի դեպքի մասին

Արմատախիլ ենք անելու մեր համակարգից նման գործիչներին և երևույթները, ֆեյսբուքյան էջում գրել է շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը` անդրադառնալով բեզուարյան այծի որսի բացահայտման դեպքին:

«Ոստիկանները բեզոարյան այծի որսի դեպք են բացահայտել։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածի (Ապօրինի որսը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով) 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Ձերբակալվել է «Հայանտառի» մասնաճյուղի տնօրենը

Խստորեն դատապարտում եմ նման արգահատելի աշխատաոճը։ Մեր պետության որակի և հասարակության ընկալման առումով անվերադարձ մերժված է նմանօրինակ գործելաոճը պետության հանդեպ։

Երևույթը կրկնակի անընդունելի է, երբ դրա հեղինակը մեր համակարգի ներկայացուցիչ է, ով իր վարքով միտված է շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքի օրինակ ծառայելու։

Եվ երբ մենք աշխատանքից ազատումներ ենք անում ու ծառայողական քննություններ նշանակում, հենց նման անընդունելի աշխատաոճի դեմ պայքարի շրջանակում է։

 Հայաստանի Հանրապետությունում գործում է օրենքի գերակայությունը։

Շրջակա միջավայրի նախարարության և ենթակա ստորաբաժանումների իմ գործընկերներին կոչ եմ անում գործել բացառապես օրենքի դաշտում և իրենց լիազորությունների շրջանակում․ մերժվելու և խստագույնս պատժվելու է սեփական շահը պետական ու հանրային շահից վեր դասող յուրաքանչյուր ոք՝ անկախ զբաղեցրած դիրքից։

Այսուհետ էլ ավելի հետևողական ենք լինելու՝ արմատախիլ անելու մեր համակարգից նման գործիչներին և երևույթները»։