Մի քանի ամիս է՝ ինչ գրեթե բոլորը քննարկում են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքման հավանականությունը, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի կողմից հնչում են անգամ ժամկետներ՝ մինչև տարեվերջ։
Կա փաստաթղթի անվանում՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության հաստատման և հարաբերությունների կարգավորման համաձայնագիր։
Կան տեղեկություններ, որ այս համաձայնագրում տեսականորեն ներառվող կետերի մոտավորապես կեսն արդեն իսկ համաձայնեցված է, թեպետ իհարկե խոսքը հարաբերականորեն համադրելի կետերի մասին է, այլ ոչ հիմնական ու բարդ։
Այս ամենին զուգահեռ ակտիվանում են նաև խոսակցությունները, որ եթե այդ պայմանագիրն անգամ կնքվի՝ աշխատունակ կլինի՞, թե՞ ոչ։ Պայմանագիրն ինքն իրենով որևէ բան կերաշխավորի՞, թե՞ ոչ։ Պայմանագիրը, որը ձգտելու է կարգավորել բոլոր հիմնական հարցերը բուն Հայաստանի և Ադրբեջանի միջև, այդ թվում և՝ Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը, հաղորդակցությունների ապաշրջափակումը, անկլավների հարցը և այլն, ինքն իրենով չի կարող խաղաղություն կամ կայունություն երաշխավորել առնվազն, քանի որ դրանում կարծես թե չի լինելու Արցախի ժողովրդի անվտանգության ու իրավունքների երաշխիքների ապահովման հարցը, չհաշված անգամ այն տրիվիալ, բայց առավել կարևոր ճշմարտությունը, որ կայուն ու երկարաժամկետ խաղաղություն սովորաբար նման հարցերում հաստատվում է միայն ուժային բալանսի հետ մեկտեղ։
Եթե չեն լուծվում այս հիմնական հարցերը, ուրեմն չեն մարում հակամարտության հիմնական օջախները։ Թեպետ դրանց լուծման հնարավորությունն անգամ միջազգային երաշխիքների տրամադրման պարագայում խիստ կասկածելի է։ Այս պարագայում ինչո՞ւ է պայմանագիրն էական, կամ ինչո՞ւ է կարևոր պայմանագրի ուղղությամբ շարժը։
Առավելագույնը, որը պայմանագիրը, որոշ այլ գործիքների (օրինակ՝ հայ-ամերիկյան զրավարժություններ) հետ համադրված կարող է անել, Հայաստանի տարածքային ամբողջականության կարճաժամկետ երաշխավորումն է։ Բայց միայն մեկ պայմանով, եթե պայմանագիրն ունենա երրորդ ստորագրող կողմ կամ, եթե կուզեք՝ երաշխավոր։
Միակ պետությունը, որ ներկա պահին կարող է այդպիսի երաշխավոր լինել, Ամերիկայի Միացյալ Նահանգներն է։ Առանց այս բաղադրիչի պայմանագիրը չի ապահովելու անգամ կարճաժամկետ «խաղաղությունը»։ Մեր առաջնահերթությունը պետք է լինի հասնելու այդ երրորդ ստորագրությանը ու, համապատասխանաբար, երաշխիքի առկայությանը։
Այս առումով հակաարդյունավետ են Նահանգներից առնվազն հանրության համար պարբերաբար հնչող հայտարարությունները ԱՄՆ-ի միայն ֆասիլիտատոր դերի մասին։
Բայց, նորից եմ կրկնում, անգամ լավագույն սցենարով սա միայն կարճաժամկետ հնարավորություն է, որը պետք է հնարավորություն տա Հայաստանին կարգի բերելու սեփական բանակը և ռազմաքաղաքական կարողությունները ու գնալու երկարաժամկետ խաղաղության՝ արդեն հենվելով ինչ-որ չափով ձևավորված ուժային բալանսի վրա։
Իհարկե այն հարցը, թե ինչպես է Հայաստանը տնօրինելու այդ ժամանակը, առանձին «օպերայից է»։ Ավելին, անգամ լավագույն սցենարով այս կարգավորումը կարճաժամկետ կտրվածքում լուծում է մեր առջև կախված երկու գոյաբանական խնդիրներից՝ ՀՀ տարածքային ամբողջականություն ու Արցախի հայ բնակչության անվտանգություն ու իրավունքներ, միայն մեկը՝ առաջինը։
Ու նորից հարկավոր է արձանագրել, որ երկրորդն այս պահին ամբողջությամբ օդի մեջ է կախված ու դեռևս չի նշմարվում դրա իրացման քիչ թե շատ տեսանելի ու վստահելի որևէ մեխանիզմ։ Սա չի նշանակում սակայն, որ չպետք է փորձել աշխատել երկուսի մասով էլ։
Վերջում հավելեմ, որ չեմ պնդում, թե ամերիկյան «երաշխիքի» տարբերակը առավել հավանականն է, նշված պայմաններում ու նշված ծրագրանպատակային դաշտում այն միակ հեռանկարայինն է, որ միաժամանակ գտնվում է իրատեսության դաշտում։
Իհարկե կա նաև շատ ավելի հավանական ու շատ ավելի հողեղեն սցենար, որը նաև ենթադրում է լրիվ այլ ծրագրանպատակային դաշտ, բայց դրա մասին արդեն բազմաթիվ անգամներ հնարավորություն եղել է խոսելու։
Արեգ Քոչինյան
MediaLab.am