Պատի՞ժ. Վերլուծաբանները ուղիղ կապ են տեսնում սառեցված հայ-թուրքական հարաբերությունների եւ Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւի միջեւ

Պատի՞ժ. Վերլուծաբանները ուղիղ կապ են տեսնում սառեցված հայ-թուրքական հարաբերությունների եւ Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւի միջեւ
Պատի՞ժ. Վերլուծաբանները ուղիղ կապ են տեսնում սառեցված հայ-թուրքական հարաբերությունների եւ Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւի միջեւ

Եվրախորհրդարանի լիագումար նիստում ընդունված և Հայաստանում մեծ աղմուկ բարձրացրած բանաձևը, որում առկա են  Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առնչութամբ որոշ ձևակերպումներ, քննարկումների նոր ալիք է առաջացրել երկրի քաղաքական շրջանակներում:
Բանաձևի ընդունման վերաբերյալ երկու հիմնական կարծիքներ են շրջանառվում.  Հայաստանի թույլ արտաքին դիվանագիտությունը եւ հայ-թուրքական ձախողված բանակցությունները:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը երեքշաբթի լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին, նշել է, թե իշխանությունները ցույց են տվել, որ պատրաստ են գնալ զիջումների` նույնիսկ ազգային շահի հաշվին:

Ապրիլի 22-ին, նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը կասեցնելուց հետո, երբ գործընթացը սառեցվեց, սկսվեց շրջանառվել միջազգային հանրության կողմից Ղարաբաղյան հարցի վրա ճնշումների հնարավորության մասին:

«Ղարաբաղի շուրջ օղակը սեղմվում է»,– հունիսի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ  հայտարարել է ընդդիմադիր ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը` շեշտելով որ հայ-թուրքական գործընթացի տապալումից հետո միջազգային ճնշումները կկենտորնանան Ղարաբաղի վրա:

Մայիսի 20-ին Եվրախորհրդարանի ընդլայնված նիստում քվեարկության է դրվել և ընդունվել «Հարավային Կովկասում Եվրամիության որդեգրած ռազմավարության հիմնական ուղղությունները» անվանումն ունեցող բուլղարացի պատգամավոր Եվգենի Կիրլովի հեղինակած աղմկահարույց թիվ 2216 բանաձևը: Բանաձևը կոնկրետ ձևակերպումներ է պարունակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ:

Փաստաթղթում մասնավորապես նշվում է, որ  Եվրախորհրդարանը «ուժով հաստատված ու միջազգային օրենքներին չհամապատասխանող» է որակում հակամարտության գոտում ստեղծված ստատուս քվոն և կոչ է անում զերծ մնալ այն պահպանելուն ուղղված գործողություններից:

Բացի այդ բանաձևում նաև օգտագործվել է «ադրբեջանական օկուպացված» տարածքները արտահայտությունը, որտեղից կոչ է արվել դուրս բերել «հայկական ուժերը»:

Որոշակի ձևակերպումներ  կան նաև ԼՂ կարգավիճակի վերաբերյալ: Փաստաթղթում ասվում է. «Լեռնային Ղարաբաղին կարող է որոշակի միջանկյալ կարգավիճակ շնորհվել մինչև վերջնական կարգավիճակի հստակեցումը, ինչն էլ, իր հերթին, հնարավորություն կտա անցումային այդ փուլում ապահովել տարածաշրջանի հայ և ադրբեջանցի բնակչության խաղաղ համակեցությունն ու համագործակցությունը»։

Հայաստանի կառավարությունը բանաձևի ընդունման հաջորդ օրը շտապել է արձագանքել:

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 21-ին Երևանում Արգենտինայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է, թե զերկույցում շատ դրույթներ հակասում են հենց Եվրամիության դիրքորոշմանը:

«Ակնհայտ խառնաշփոթ է ձևակերպումների, և կարծում եմ` պատճառներից մեկն այն է, որ զեկույցը գրողը երբևէ չի եղել Ղարաբաղում, տարածաշրջանում` և չի խորհրդակցել անգամ Եվրամիության անդամ և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ հանդիսացող Ֆրանսիայի ներկայացուցչի հետ»,-նշել է Նալբանդյանը:

Բանաձեւը սուր քննադատության է ենթարկվել նաեւ ընդդիմադիր ուժերի կողմից: «Ժառանգություն» կուսակցությունը տարածած հայտարարության մեջ փաստաթութը դիտարկել է որպես ՀՀ արտաքին գործերի նախարարության և իշխող կոալիցիայի անգործության հետևանք:

«Սույն զեկույցի հիման վրա Եվրախորհրդարանի թիվ 2216 բանաձևի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի գնահատականները և կոալիցիան ներկայացնող պատգամավորների ելույթները վկայում են, որ գործող իշխանությունը բոլորովին չի տիրապետում տարածաշրջանում տեղի ունեցող հակահայ գործընթացներին և հիմնավորապես զուրկ է դրանց վրա ազդելու ունակությունից»,-նշված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ:

ՀԱԿ արտաքին կապերի հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Կարապետյանն էլ բանաձևի անդրադառնալով, նշել է, թե մտահոգիչ է  Ղարաբաղից զորքերի դուրս բերման պահանջը:

«Առավել հիասթափեցնողը հայկական պատվիրակության անկարողությունն էր փաստաթղթում փոփոխություն մտցնելու առումով»,-նշել է Կարապետյանը։ Սակայն, հակադարձելով իշխանությունների հասցեին հնչող քննադատություններին, իշխանական ՀՀԿ անդամ Գագիկ Մելիքյանն ասել է, թե բանաձեւն ընդունվել է թուրք–ադրբեջանական լոբբիի լավ աշխատանքի արդյունքում։

Մինչ քաղաքական որոշ ուժեր սպասում  են իշխանության կողմից բանաձեւին պաշտոնական պատասխանին, որոշ քաղաքական գործիչները փորձում են հասկանալ նման շրջադարձի բուն պատճառները:

Մինչ իշխանական կուալիցիայի ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանը չի ընդունում, թե բանաձեւի ընդունում Հայաստանի վրա` միջազգային ճնշումների հետեւանք է, շատ քաղաքական ուժեր ձեւակերպումները ուղղակիորեն կապում են Հայաստանի կողմից պաշտենապես սառեցված հայ-թուրքական հարաբերությունների հետ:

«Բանաձևի ընդունումը միանշանակ պատասխանն էր, ճնշում սառեցված հայ-թուրքական հարաբերությունների,-«Մեդիալաբին» ասում է ԱԺ Ժառանգություն խմբակցության նախագահ Ստեփան Սաֆարյանը,-Նման ձևակերպումները միջազգային հանրության հիասթափության արդյունքն էր»:

Թե ում մեղքով կամ անգործության շնորհիվ է ընդունվել Հայաստանի համար այս անընդունելի բանաձևը, այսօր դժվար է ասել:

Փորձագետներին, սակայն, այս պահին ավելի շատ մտահոգում է ոչ թե բուն բանաձևն այլ այն ազդեցությունը, որը նա կարող է թողնել հետագայում ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացի վրա:

«Երբ աշխարհը սկսում է քո դեմ սանկցիաներ կիրառել, դա նախազգուշացում է, որ իրավունք չունես խախտելու խաղի կանոնները,-«Մեդիալաբին» ասում է մեկ այլ  ընդդիմադիր` Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը,-եթե դու դեմարշ ես անում աշխարհի դեմ, ինչպես արեց Սերժ Սարգսյանը` պաշտոնապես սառեցնելով արդեն իսկ սառած հարաբերությունները, պատասխանն արդեն իսկ կանխատեսելի է»:

Անկախ քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանը եւս կապեր է տեսնում հայ-թուրքական հարաբերությունների եւ Եվրոխորհրդանի ընդունած բանաձեւի միջեւ:

Նա նշում է, թե բանաձեւի տեքստը չի հակասում  Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հաճախ հնչեցրած հայտարարություններին:

«Ֆորմալ առումով այս բանաձևը վտանգ չի ներկայացնում, բայց նման գնահատականներն անուղակի կերպով կարող են լուրջ ազդեցություն ունենալ ղարաբաղյան գործընթացի վրա»,-«Մեդիալաբին» ասում է վերլուծաբանը:

Լիաննա Խաչատրյան

© Medialab.am