ԼՂ-ում ՌԴ խաղաղապահների մանդատը երկարաձգելու առաջարկը Սոչիում չընդունվեց, բայց մտավ օրակարգ․ վարչապետ

Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության երաշխավորման կարևորագույն գործոնը Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների ներկայությունն է այնտեղ, քանի դեռ չեն ստեղծվել անվտանգության և իրավունքների ապահովման հուսալի մեխանիզմներ և երաշխիքներ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եռակողմ բանակցությունների ընթացքում առաջարկել ենք, որ որոշում կայացվի Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսաստանցի խաղաղապահների մանդատը երկարաձգել անորոշ ժամանակով, 5 տարով, 10 տարով, 15 տարով, 20 տարով։ Պետք է ասեմ, որ ինչպես ակնհայտ է բոլորիդ համար, այդ առաջարկը չընդունվեց, բայց պետք է արձանագրեմ, որ իմ ընկալմամբ հարցը դարձավ օրակարգային։  Ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել հետևյալ փաստի վրա։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների ժամկետը երկարաձգվում է ինքնաբերաբար։ Այսինքն՝ դա կարող է երկարաձգվել, եթե կողմերից որևէ մեկը առարկություն չներկայացնի ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ։ Ինչո՞ւմն է նորությունը։ Նորությունը հետևյալն է՝ խաղաղապահների մանդատը երկարացնել և ֆիքսել, որ այդ առարկության ինստիտուտը պետք չէ, կամ հաղթահարել այդ առարկության ինստիտուտը և երկարաժամկետ կտրվածքով ունենալ խաղաղապահների ներկայությունը»,- ասաց վարչապետը։