Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան․ Հատուցման օրը

Մհեր Արշակյան

ԱԱԾ-ում դեռ պետք է սովորեն հաղորդագրություն կազմել։ Այսօր նրանք հայտարարություն են հրապարակել, որն իր բնույթով անեկդոտիկ է՝ ԱԱԾ-ն մեղադրանք է առաջադրել Հայ Առաքելական եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդին։ 

Ինչու՞ է այս ձևակերպումն անեկդոտիկ։ Որովհետև ԱԱԾ-ն փորձել է թաքցնել մեղադրյալի տվյալները ըստ էության հրապարակելով հենց տվյալները։ Այստեղ նույնիսկ անուն-ազգանունի կարիք չկա։

Հայ Առաքելական եկեղեցին ունի միայն մեկ առաջնորդական փոխանորդ։ Դա Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն է։ Բանն այն է, որ եկեղեցու մնացյալ բոլոր թեմերն ունեն առաջնորդներ, նրանցից ոչ մեկը չի կարող լինել իր թեմի առաջնորդական փոխանորդը։

Միայն Արարատյան թեմն է, որ ունի առաջնորդական փոխանորդ։ Ինչո՞ւ։ Որովհետև Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդն բոլորովին այլ մարդ է, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը չէ։

Թեմի առաջնորդն ի պաշտոնե Ամենայն Հայոց կաթողիկոսն է։ Հենց այդ պատճառով է թեմը կոչվում Արարատյան Հայրապետական թեմ։ 

14-18-րդ դարերում Արարատյան թեմը գոյություն չի ունեցել, եղել է միայն Երևանի թեմ։ 18-րդ դարի 50-ականներից Երևանի թեմը դառնում է Տերունական թեմ, որի իրական առաջնորդը կաթողիկոսն էր։

Նավասարդ արքեպիսկոպոսը Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ է դարձել 1999-ին, երբ Ամենայն Հայոց կաթողիկոս ընտրվեց Գարեգին Բ-ն։ Եթե չեմ սխալվում, մինչ այդ նա երեք տարի գլխավորել է Արագածոտնի թեմը։ 

Եթե մեղադրանքը կարճ ձևակերպենք, Հայ Առաքելական Եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդը քցել է հայ գործարար Փայլակ Հայրապետյանին այն հիմնավորումով, թե «Աֆրիկայի մայրցամաքում իր սանիկ Աշոտ Սուքիասյանին պատկանող ադամանդի հանքավայրերում 12.000.000 ԱՄՆ դոլար գումարի չափով ներդրում պետք է կատարվի, որի արդյունքում բարձրանալու է ադամանդի արդյունահանման արտադրողականությունը և արդյունահանված ադամանդի հումքը ՀՀ-ում վերամշակելու են ու վաճառելու»։

Ըստ մեղադրանքի՝ հանցավոր եղանակով ստացված եկամուտներն օրինականացնելու համար հանցավոր խումբը՝ Սուքիասյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը և արքեպիսկոպոսը օգտագործել են նախապես՝ 2010 թ. գարնանը, օֆշորային գոտում հիմնադրված ընկերությունը, որի 33 տոկոսով բաժնեմասը պատկանել է եկեղեցու հիշյալ սպասավորին։

Փայլակ Հայրապետյանը մնացել է ձեռնունայն, 12 միլիոն դոլարից ոչ մի լումա նրան չի վերադարձվել։

Նավասարդ արքեպիսկոպոսը երբեք միանշանակ չի ընկալվել Հայաստանի հասարակության շրջանում, նրա հեղինակությունը լրջորեն տարբերվում էր եկեղեցու այլ բարձրաստիճան ղեկավարների հեղինակությունից։ Նա համարվում էր այդ տարիներին Հայաստանում իշխող Հանրապետական կուսակցության «պաշտոնական» հոգևորականը։

Այդ կուսակցության հետ նրա մտերմությունն ուժեղացավ Սերժ Սարգսյանի նախագահ դառնալուց հետո։ Այդ ժամանակ էր, որ մամուլը անխնա անդրադառնում էր նրա ճոխ կյանքին, նա նույնիսկ մականուն ձեռք բերեց՝ Բենթլի։ Հոգևորականը չէր էլ թաքցնում, որ այդ մակնիշի մեքենա ունի, բայց դա «նվեր» է։ 

Արքեպիսկոպոսի հեղինակությունն ուղղակիորեն հողին հավասարվեց, երբ պարբերականներից մեկը գրեց օֆշորային սկանդալի մասին, որի մեջ, ըստ հրապարակման, թաթախված էին վարչապետ Տիգրան Սարգսյանն ու արքեպիսկոպոսը։

Երկուսն էլ ակտիվորեն հերքում էին իրենց դերը գործարար Փայլակ Հայրապետյանից գրեթե մինչև վերջին շապիկը խլելու մեղադրանքում։ Սակայն երկուսն էլ որևէ փաստ չներկայացրեցին, որն ապացուցեր նրանց անմեղությունը։ Եկեղեցու հեղինակությունն ընկնում էր պարզապես առանց դիմադրության։

Արքեպիսկոպոսը աչքն էլ չթարթեց, երբ վարչապետ Տիգրան Սարգսյանից անվանական նվեր ստացավ՝ ատրճանակ։

Բենթլիին ու օֆշորին միացավ զենքը։ Նավասարդ արքեպիսկոպոսը նույնիսկ մեկնաբանեց նվեր ստանալու փաստը․ «Զենքով բոլոր երկրներում պարգևատրում են նրանց, ում գնահատում են: Զենքը գնահատանք է, ուրիշ նպատակի համար չէ»։ 

Հոգևորականն անվրեպ էր սեփական հեղինակության հետ հաշվի չնստելու գործողություններում։ Ամենայն Հայոց կաթողիկոսը որևէ կերպ չէր միջամտում Նավասարդ արքեպիսկոպոսի գործողությունները հասարակությանը հասկանալի դարձնելու անհրաժեշտությանը։

Այդ ընթացքում ընդհանրապես Եկեղեցին չքննարկեց նրան թեմի առաջնորդական փոխանորդի աթոռից իջեցնելու հարցը։ 

Այսօր հայտնի է դառնում, որ Նավասարդ արքեպիսկոպոսին մեղադրանք է առաջադրվել։ Մենք անմեղության կանխավարկածի մասին չենք մոռանում։ Բայց ոչ մի կասկած, որ մեղադրանքը Եկեղեցուն առնվազն մտածելու տեղիք կտա։

Այլևս ՀՀԿ-ական իշխանությունը չկա, որը բալանսավորում էր հոգևորականի անկումն ու եկեղեցու լոյալությունը իշխանության նկատմամբ։ Հիմա Եկեղեցին պետք է փորձի ինքնուրույն դուրս գալ այս վիճակից։ Խոսքը ի վերջո կրոնական մի կառույցի մասին է, որը թեմեր ունի աշխարհի խոշորագույն երկրներում։ 

Մհեր Արշակյան

MediaLab.am