Էդուարդ Շարմազանով. «Արտահերթ ընտրությունների առաջարկը որքան անհիմն է, այնքան էլ վնասակար է»

Այն բանից հետո, ինչ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը հայտարարեց երկխոսության համար կազմված պատվիրակության պատրաստ լինելու մասին, եւ իշխող ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը ԶԼՄ-ներին տարատեսակ մեկնաբանություններ տվեց, այսօր` հունիս վեցին վերջինս հանդես եկավ գրավոր հայտարարությամբ:
Շեշտելով, թե իրենք միշտ ողջունել են ու շարունակում են ողջունել առկա խնդիրները քննարկելու և լուծումներ գտնելու ճանապարհով առաջ շարժվելու գործելաոճը` Շամազանովը նշել է, թե «անշուշտ գոհացուցիչ է, որ արդեն բավական ժամանակ է երկխոսություն է ընթանում նաեւ արտախորհրդարանական ընդդիմության հետ, ընթանում է բաց, հրապարակավ, բոլորի աչքի առջեւ, ինչի դրական արդյունքներն էլ ակնհայտ են»:
«Եվ այսօր ունենք մի իրավիճակ, երբ մեր երկրում առկա ամենատարբեր խնդիրների լուծման գործընթացում լայնորեն կարող են հաշվի առնվել նաև արտախորհրդարանական ընդդիմության տեսակետներն ու առաջարկները: Կարծում եմ, որ նման դրական զարգացումներն ու ստեղծված միջավայրը պետք է կարողանանք պահպանել, ինչի համար անհրաժեշտ են համատեղ ջանքեր, բոլոր կողմերի ցանկություն: …Արտահերթ ընտրությունների առաջարկը որքան անհիմն է, այնքան էլ վնասակար` սկսված դրական զարգացումներն արգելակելու տեսանկյունից»,- գրել է Շարմազանովը:

Իր հայտարարության մեջ ՀՀԿ մամլո խոսնակը նաեւ նշում է, թե «ընդդիմադիր դաշտի մոնոպոլիստի դիքերից ոչ մի տեղ չտանող առաջարկություններով հանդես գալով` չի կարծում, թե ՀԱԿ-ը կկարողանա դրական ներդրում ունենալ մեր ժողովրդին հուզող խնդիրների լուծման գործում»:

«Իշխանությունն իսկապես կառուցողական է տրամադրված եւ նույնն իրավունք ունի նաեւ ակնկալել ՀԱԿ-ից: Տնտեսական, սոցիալական, քաղաքական, աշխարհաքաղաքական կամ ցանկացած այլ ոլորտի` Հայ ազգային կոնգրեսի բոլոր առաջարկները, քանի հոգանոց խմբերով էլ ներկայացվեն, Հայաստանի համապատասխան պետական կառույցները, գերատեսչությունները պատրաստ են շահագրգիռ քննարկման եւ համատեղ լուծումների: Ավելին ասեմ, Հայ ազգային կոնգրեսի` որպես արտախորհրդարանական ընդդիմության բոլոր այն առաջարկները, որոնք, իրատեսական լինելով, կօգնեն մեր ժողովրդի հոգսերն օր առաջ թեթեւացնելու գործին եւ կպահանջեն օրենսդրական լուծումներ, Հանրապետական կուսակցությունը պատրաստ է նրանց անունից դրանք հնչեցնելու ու պաշտպանելու Ազգային ժողովում»,- հայտարարել է Էդուարդ Շարմազանովը:

© Medialab.am