Պետբյուջեի միջոցներով կազմակերպված ԱԳՆ-ի ամանորյա ֆուրշետը՝ հեղինակային և բացառիկ իրավունք․ FIP.am

Անցած տարեվերջին Արտաքին գործերի նախարարությունն իր տոնական հանդիպում- ֆուրշետի համար ծախսել է 2․4 մլն դրամ։ Ըստ պետական գնումների պաշտոնական տեղեկագրի՝ այս միջոցառումը կազմակերպվել է ԱԳ նախարարի և նախարարության 300 աշխատակիցների տարեվերջյան հանդիպման համար։

Ուշադրության արժանի ոչինչ չէր լինի, եթե պետական գերատեսչության աշխատակիցների տարեվերջյան խնջույքը չիրականացվեր պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին և չներկայացվեր որպես ներկայացուցչական ծախս։

Ըստ պետական գնումների gnumner.am կայքի՝ դեկտեմբերի 29-ին կազմակերպված միջոցառման նպատակը «ԱԳ նախարարի աշխատակիցների հետ տարեվերջյան հանդիպման շրջանակներում 300 անձի համար ֆուրշետի» կազմակերպումն էր։

«Ներկայացուցչական ծախսեր»՝ աշխատակիցներով հավաքվելու համար

Ինչպես նշեցինք, միջոցառման համար ծախսվել է 2․4 մլն դրամ, իսկ մեկ անձով ընտրված մասնակիցը «Քոֆֆիս» ՍՊԸ-ն է։

Հատկանշական է, որ այս գնումը ներկայացվել է որպես ներկայացուցչական ծախս, մինչդեռ ներկայացուցչական ծախսերը հիմնականում լինում են օտարերկրյա պաշտոնական կամ գործարար պատվիրակությունների այցելությունների շրջանակներում, երբ անհրաժեշտություն է առաջանում հյուրերին դիմավորելու և սպասարկելու համար միջոցներ ծախսել կամ՝ համապատասխանաբար, հայաստանյան պատվիրակությունների արտասահմանյան այցերի ժամանակ։ 

«Ներկայացուցչական ծախս» հասկացությունը սահմանված է Հարկային օրենսգրքովըստ որի՝ ներկայացուցչական ծախսեր են համարվում այլ կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հետ փոխշահավետ համագործակցություն հաստատելու և (կամ) այն պահպանելու նպատակով կատարվող ծախսերը:

Տվյալ դեպքում արտգործնախարարությունը որոշել է նախարարի և աշխատակիցների տարեվերջյան հանդիպումն իրականացնել հարկատուների հաշվին, ինչն օրենսդրությամբ նախատեսված չէ։

«Միակ» ֆուրշետ կազմակերպողը Հայաստանում

Քանի որ ֆուրշետի կազմակերպումը պատվիրակվել էր «Քոֆֆիս» ՍՊԸ-ին մեկ անձով գնման ընթացակարգով, պարզաբանում ստանալու նպատակով հարցում ուղարկեցինք արտգործնախարարություն՝ խնդրելով հայտնել, թե ի՞նչ իրավական հիմքով է պետբյուջեի միջոցներից կազմակերպվել կորպորատիվ միջոցառումը և ինչու է ընտրվել մեկ անձից գնման տարբերակը։ Ի պատասխան, ԱԳՆ-ից հայտնեցին, որ գործարքի իրականացման համար առկա է եղել «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասին 1-ին կետի պայմանը։

Իսկ ի՞նչ է պահանջում վերը նշված հոդվածը։

«Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված է, որ գնումը կարող է կատարվել մեկ անձից, եթե դա պայմանավորված է նրա հեղինակային և հարակից իրավունքներով, հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայությամբ։

Սա նշանակում է, որ ըստ ԱԳՆ-ի՝ տարեվերջյան ֆուրշետը հեղինակային, հատուկ կամ բացառիկ իրավունքի առարկա է։ Այլ կերպ ասած՝ բացի «Քոֆֆիս» ՍՊԸ-ից, ուրիշ ոչ մի կազմակերպություն չէր կարող ֆուրշետ կազմակերպել։

Այսպիսով, փաստենք, որ ԱԳ նախարարի՝ նախարարության աշխատակիցների հետ տարեվերջյան հանդիպման նպատակով կազմակերպված ֆուրշետը խնդրահարույց է նախ այն առումով, որ իրականացվել է պետբյուջեի հաշվին, իսկ նախարարության ներկայացմամբ՝ մեկ անձով իրականացված գնումը պայմանավորված է հեղինակային և հարակից իրավունքներով, հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայությամբ։

Փաստերի ստուգման հարթակ