Ինչպես հռոմեացի փառապանծ իրավագետներ ու իրավաբաններ Մարկուս Տուլիուս Կիկերոնն ու Սքիավոլլան, մեր հերոսը նույնպես ընտրել է իրավունքի տառն ու ոգին և անկոտրում սրտում է կրում ժողովրդին ծառայելու հավատամքը։ Այն տարում, երբ Մադամ Մաոյին մահապատժի էին դատապարտում, իսկ Ռոնալդ Ռեյգանը Ջիմմի Քարթերին Սպիտակ տնից դուրս էր ուղեկցում, մեր հերոսը ծնվեց ՀԽՍՀ արդյունաբերական մայրաքաղաքում։
Նախնական կրթությունը ստանալով տեղի դպրոցում՝ այնուհետև ծառայել է անկախ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։
Չափազանց գովելի ու պատկառելի որոշում, հատկապես եթե հաշվի առնենք, թե ինչ տարածված մարզաձև է եղել և կա պարտադիր զորակոչից ազատումը հետանկախական շրջանում։ Այնուհետև մեր հերոսը սովորել է մետրոպոլիայի կենտրոնում՝ Մոսկվայում։ Բակալավրի աստիճան է ստացել Մոսկվայի կոմերցիայի և իրավունքի ինստիտուտի իրավագիտության բաժնում։ Ինչպես իրեն հարգող ուսումնատենչ երիտասարդ՝ շարունակել է ինքնակրթությունն ու ֆորմալ կրթությունը Վարշավայում, ՀՀ պետական կառավարման ակադեմիայում, ապա նաև Ֆլեթչերի ծրագրով ԱՄՆ Մինեսոտայի համալսարանի իրավաբանական դպրոցում՝ դառնալով մարդու իրավունքների և միջազգային իրավունքի մագիստրոս։
Մինչև ակտիվ քաղաքական կյանքին ու ընտրական գործընթացներին մասնակից դառնալը՝ իրավաբանական պրակտիկայով ու դասախոսական գործունեությամբ է զբաղվել հայրենի արդյունաբերական Շեֆիլդում՝ Կիրովականում և Երևանում։
Դասախոսել է համալսարանում, աշխատել մասնավոր իրավաբանական գրասենյակներում ու միջազգային կառույցներում։ Կարճ ասած՝ իսկական մտավորական-ազնվական երիտասարդի բեղուն կյանքի ուղի, դրսերում սովորած, դրսերը տեսած ու հայրենիք վերադարձած երիտասարդ՝ երկիրը փոխելու, լուսավորելու ու եվրոպականացնելու անհագ ցանկությամբ։
2012 թ. առաջին անգամ մեր հերոսը մեծամասնական ընտրակարգով դառնում է պատգամավոր հայրենի սառը զենքի մայրաքաղաքում՝ հաղթելով նախագահական կլիենտիզմի ու պենջակագիտության մասնագետ, պատգամավորության անփոփոխ թեկնածու Վիկտոր Դալլաքյանին։
Ինչպես արդեն գուշակել եք, այսօր խոսում ենք կիրովականյան հաբիտուսի ներկայացուցիչ, իրավաբանական գիտությունների ռահվիրա, ազիզագիտության մունետիկ, մարդու իրավունքների պաշտպան ու կիսապաշտպան, երրորդ ուղու փարոս Էդմոն Մարուքյանի՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահի մասին։
Հիշեցնենք, 2012 թ. պատգամավոր դառնալով՝ Էդմոն Մարուքյանը հաղթեց ՀՀԿ-ական անմնացորդ պատգամավոր, կիրովականյան թվացյալ հավերժ երեսփոխան Դալլաքյանին, երբ վերջինս այնքան էր կտրվել իրականությունից, որ, ըստ չար լեզուների, հերոսացել էր՝ «եթե պենջակս էլ ուղարկեմ Կիրովական, կընտրվի» արտահայտությամբ։
Եթե նույնիսկ ճշմարտության նշույլ էլ չկա, այս արտահայտությունը ուշ ՀՀԿ-ական շփացածության ու անկառավարելիության և բացարձակ իշխանության առաջին ախտանշաններից էր, և հետո նոր էին գալու «ինչքան ուզենք՝ էնքան խփենք», «հաջորդ իշխանությունը Մելիք-Ադամյանով է անցնելու» իշխանազավթման արտահայտությունները։
Այսպիսով 2012-2017 թթ. Էդմոն Մարուքյանն անկախ պատգամավոր էր եվրոպամետ ու արևմտասեր հայացքներով, իսկ 2015-ին արդեն հիմնեց «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։ 2015 թ. Էդմոն Մարուքյանն ու իր կուսակցությունը դեմ էին սահմանադրական փոփոխություններին, սակայն կրկին երրորդ ուղի էին գտել և ոչ էլ «ՈՉ»-ի ճամբարում էին, քանի որ դեմ էին քաղաքական պրոցեսները անձնավորելուն և կողմ խորհրդարանական կառավարմանը։
2017 թ. խորհրդարանական ընտրություններում արդեն Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» և Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետության» կուսակցությունների հետ հիմնադրեց «Ելք» դաշինքը՝ ակնարկելով, որ Սերժ Սարգսյանի գլխավորած քաղաքական համակարգից ու իշխանության վերարտադրությունից ԵԼՔ ԿԱ։
Այնինչ, 2018 թ. արդեն, երբ ապրիլ-մայիսյան իրադարձությունները պայթեցին, երբ Նիկոլ Փաշինյանն ու իր փոքրաթիվ աջակիցները սկսեցին իրենց գանդիզմն ու Գյումրուց շարժվեցին Երևան, նրա դաշինքային գործընկերները՝ Արամ Սարգսյանն ու Էդմոն Մարուքյանը, չաջակցեցին նրան՝ պատճառաբանելով, որ կա երրորդ ճանապարհ, որ առճակատում հարկավոր չէ, և որ փողոցային պայքարն ընդունելի չէ։
Խառը օրերին Մարուքյանը տատանվում էր օդանավակայանների լայվերում՝ հորդորելով սպասել իրեն։
Իսկ հեղափոխությունից հետո էլ նոր խորհրդարանական ընտրություններին Էդմոն Մարուքյանը Հրայր Թովմասյանի փառահեղ Սահմանադրության օգնությամբ 18 մանդատ ձեռք բերեց և անցավ խորհրդարան։ Գործընկեր ու ջրատու Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանի» հետ դարձավ խորհրդարանական ընդդիմություն։
Արդեն խորհրդարանական ուղին փշոտ էր Մարուքյանի համար։ Դեգերելով «փրկչի» ու «ջրաբերի» քաղաքական խորխորատներում, ունենալով կայուն տատանվող քաղաքական բնավորություն՝ Մարուքյանը դժվար հարմարվեց նոր իրողություններին։
Նախ՝ ստացված ներխմբակցային ծանր հարվածները (Բաբաջանյանից և Թանդիլյանից), ապա արդեն հերթն իրական հարվածներինն էր։ Բոլորս ենք թերևս հիշում, թե ինչպես էր Սասուն Միքայելյանը շփոթել Քելբաջարի լեռները ԱԺ ստորոտների հետ ու լայնածավալ գրոհով փորձում էր գրավել Մարուքյանի դեմքը։
Ինչպես քուչի յուրաքանչյուր կռվում, կողքից հայտնվում են աբուռ-ժուբուռ առիթավորվողներ, ու այս մեկը ևս բացառություն չէր։ Սակայն ի պատիվ Մարուքային փաստենք, որ նա արժանի դիմադրություն ցույց տվեց ու շպրտեց ոսոխին ելման դիրքեր։
Մեր օրվա հերոսը բուռն սեր է տածում առ Արցախ։ Թերևս դրանով է պայմանավորված Արցախի թթի օղու ազդեցության տակ լայվ անելու նրա հակումը։
Դե իսկ ինչպես ընկնող ինքնաթիռում աթեիստներ չեն մնում (մեկ-երկու փոքրիկ բացառությունները չհաշված, որոնք աղոթելու փոխարեն փորձում են կանխել անկումը), այնպես էլ պատերազմի արդյունքում հայոց քաղաքական դաշտում արևմտամետ գրեթե չմնաց։
Ժանրի լավագույն կանոններով, մոսկովյան այցերից մեկից հետո Մարուքյանի գլխին իջավ հյուսիսի լույսը, և նա պահանջեց ռուսական բազա Սյունիքում։ Թե ի՛նչ տեսիլք է երևացել նրան, կամ այդ ի՛նչ մարգարեության հետ է աղերսվել, Լյուբլյանկայի մագաղաթներն առայժմ լռում են։
Թերևս նա տելեպատիկ կապ է հաստատել Ներսես Մեծի 4-րդ դարում տեսած երազի հետ․ կգա հյուսիսի հզոր ազգը և կփրկի մեզ։
Կօրհնի՞ ցարի սրբազան ոտքը էդմոն Մարուքայի տրիումֆը նոր գումարվելիք Ազգային ժողով, կիմանանք միայն հունիսի 20-ին։
Վահրամ Թոքմաջյան և ընկերներ
MediaLab.am