Արգիշտի Քյարամյան. Հրաշամանուկ հերոսը

Արգիշտի Քյարամյանը Արցախի նախագահի կողմից պարգևատրվել է «Արիության համար» մեդալով: Կոտայքի քահանայապետի փառապանծ որդին, որն իր անձով մարմնավորեց Նիկոլ Փաշինյանի փայլուն կադրային քաղաքականությունը և մերիտոկրատիկ կառավարման սկզբունքները: 

Այո, լավագույնների կառավարություն, երբ այնքան կատարյալ ես, որ ցանկացած պաշտոնի կարող ես բազմել ժամերի ու օրերի ընթացքում: Թերևս երկինքը երբեք այսքան բարեհաճ չէր եղել որևէ մեկի հանդեպ։ Հիրավի սրբազնացված կարիերա։ 

Արիության մեդալ և այն էլ հողագործական աշխատանքների համար` խրամատաշինություն, դիրքապահություն և զենքի մատակարարում: Հենց մեր հերոսի աննկուն ջանքերի շնորհիվ և ի հեճուկս Ջաբրայիլի բարոյական ճակատամարտի` Շուշին մաքառեց մինչև նոյեմբերի սկիզբ: 

Բայց ընկավ, ընկավ Քյարամյանի աչքերի առաջ, ընկավ` այդպես էլ չտեսնելով Ծառուկյանի ջոկատն ու նիվաները և Վանեցյանի պատվախնդիր գունդը: Իսկ Քյարամյանին բերեց հերոսի կոչում։

Հայոց արգանդը սրբորեն բեղուն է ապաշնորհ հերոսներ երկնելու գործում։ 

Հիմա էլ բարեհաջող մոռանալով անհետ կորածների ու գերիների հարցը, ժամում 4 գեներալ-մայոր արագություն հավաքելով` իշխանությունը պարգևատրում է իր հավատարիմ ու երևելի զավակներին: 

Պարգևատրում է ու փայփայում, որովհետև դասականի խոսքով` երեխաները պատասխանատու չեն իրենց ծնողների համար:

Իսկ Արայիկ Հարությունյանն էլ բարեհաջող ամրապնդելով իր սասանված դիրքերը` վերադարձել է իր հին ու բարի սիրված գործին, պարգևատրում է բոլոր շարժվող ու անշարժ հերոսներին, նվիրյալներին ու հայրենադարձներին, հերոսներին ու հակահերոսներին: 

Իսկապես այնպիսի պատերազմ ու արդյունքներ, որ մեր հայրենիքն է տեսել, չէր կարող այդքան հերոսներ ու մեդալներ չստանալ, մանավանդ որ Արայիկ Հարությունյանի քաղաքական հայր Նիկոլ Փաշինյանն էլ հուլիսյան հաղթանակած մարտերում սկսեց հերոսաշինության սուրբ գործն ու մարտական խաչ բաժանեց` մի երեք սերունդ հաշվարկով: Եվ ի վերջո, աննախադեպության ու փառամոլության իսկական մրցավազք, մրցավազք մեր սերնդի ու հայրենիքի հաշվին: 

Հիմա էլ Արիության մեդալ ԱԱԾ գործունեությունը տապալած, դավաճաններին աչքաթող արած ու պատերազմական հանցագործությունը անտեսած, արհեստավարժության ապիկարության ու կադրային Չեռնոբիլի մարմնացում Քյարամյանին: 

Հիրավի, որքան պատերազմը` այնքան հերոսներ, որքան կորուստներ` այնքան մեդալներ, որքան դասալքություն` այնքան պարգևատրումներ, իսկ, դե, հայրենիքի պաշտպանությունն ու սերը թողնենք պողոսներին, պողպատին ու պատվին: 

Պատիվ, որ այնքան թանկագին անարժեքության բերեց ու բացահայտեց մեր միջավայրի հերոսապաշտ սնանկությունը:

Հուսանք` ճակատագիրը չի լքի Քյարամյանին, և նրան ապագայում կշողան գեներալիսիմուսի փայլուն ուսադիրները։

Վահրամ Թոքմաջյան եւ ընկերներ

MediaLab.am