«Շիրակ» օդանավակայանի աշխատանքները ժամանակավորապես կդադարեցվեն

Գյումրու «Շիրակ» օդանավակայանում սույն թվականի հուլիսի 15-ից սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում իրականացվելու են պլանային վերանորոգման աշխատանքներ, մասնավորապես, իրականացվելու է վազքուղու ամբողջական նորոգում: Նշենք, որ օդանավակայանի վազքուղին վերջին անգամ կապիտալ նորոգվել էր 2007թ.-ին:

Շինարարական աշխատանքների ընթացքում ժամանակավորապես կդադարեցվեն օդանավակայանի աշխատանքները, որի մասին Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) պահանջների համաձայն նախապես տեղեկացվել է համապատասխան ավիացիոն մարմիններին:

Այդ մասին հայտնում են Զվարթնոց միջազգային օդանավակայանից։

Մամուլում տարածված տեղեկատվության վերաբերյալ, թե Գյումրու «Շիրակ» օդանավակայանում իրականացվում են շինարարարական աշխատանքներ, որպեսզի օդանավակայանը ծառայի նաև ռազմական օդանավերի համար, ցանկանում ենք նշել, որ օդանավակայանի աերոդրոմը համարվել և շարունակում է համարվել համատեղ բազավորման աերոդրոմ ՀՀ քաղաքացիական ավիացիայի և ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաօդային ուժերի ինքնաթիռների և ուղղաթիռների համար:

Հիշեցնենք, որ Գյումրու «Շիրակ» օդանավակայանը գործում է 1961 թվականից և երկրորդն է Հայաստանի Հանրապետությունում: