«Կոմսոմոլսկայա պրավդայի» մանիպուլյատիվ հոդվածը Ռոբերտ Քոչարյանի գործի մասին. fip.am

Ռուսական Комсомольская правда («Կոմսոմոլսկայա պրավդա») պարբերականը ապրիլի 28-ին հոդված էր հրապարակել «Ինչո՞ւ են Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին 500 օր պահում բանտում առանց դատի» վերնագրով: 

Նյութի հեղինակը խիստ կողմնակալ և մանիպուլյատիվ ձևակերպումներով է ընթերցողներին ներկայացնում Ռոբերտ Քոչարյանի և Հայաստանի ներկայիս իշխանությունների հարաբերությունները՝ առանձին շահարկման թեմա դարձնելով այն փաստը, որ իշխանությունները հրաժարվում են փոխել նախկին նախագահի խափանման միջոցը՝ չնայած կորոնավիրուսի վտանգին:

Հայկական լրատվամիջոցներից նյութը թարգմանել և վերահրապարակել են news.amPanorama.amaysor.amtert.am կայքերը, ինչպես նաև «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը՝ ապրիլի 28-ի «Հայլուր» հաղորդման գլխավոր թողարկման ընթացքում:

«Փաստերի ստուգման հարթակը» վեր է հանել լայն տարածում գտած հոդվածի ապակողմնորոշիչ և սխալ պնդումները:

Բանտում՝ առանց դատի՞

Հոդվածը խնդրահարույց է սկսած վերնագրից։ Անհասկանալի է, թե ինչ նկատի ունի հեղինակը՝ գրելով, թե Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ են պահում առանց դատի։ 

Նշենք, որ երկրորդ նախագահի գործով դատական առաջին նիստը տեղի է ունեցել դեռ 2019 թ. մայիսի 13-ին։ Եվ այս ընթացքում անց են կացվել բազմաթիվ նիստեր։ Ինչ վերաբերում է նրան, որ փաստացի չի մեկնարկում դատական բուն պրոցեսը, ապա պատճառն այն է, որ Քոչարյանի պաշտպանական թիմն անընդհատ միջնորդություններ է ներկայացնում դատարան՝ նրան գրավով ազատ արձակելու, գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանին կամ դատախազին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ՝ այսպիսով անընդհատ ձգձգելով դատական բուն գործընթացը։ Իսկ վերջին մեկ ամսում դատական նիստեր չէին կայանում՝ դատավոր Դանիբեկյանի առողջական խնդիրների պատճառով։ 

Մայդանն ու Մարտի 1-ը

Հոդվածի հեղինակը նշում է, թե 2018 թվականին, երբ Հայաստանը սկսեց ղեկավարել Նիկոլ Փաշինյանը, «որը ազատազրկվել էր 2008 թվականի մարտ 1-ին զանգվածային  անկարգություններ կազմակերպելու համար, նրա «քաղաքական թշնամիներն» անմիջապես խոշորացույցի տակ վերցվեցին: Եվ «արդարադատության» թիրախում հայտնվեց Ռոբերտ Քոչարյանը»։ 

Ակնառու է հեղինակի կանխակալ վերաբերմունքը Մարտի 1-ի իրադարձությունների նկատմամբ, որը ակնհայտ է դառնում նրա շարադրանքի ենթատեքստում:

Հեղինակը Մարտի 1-ի իրադարձությունները ներկայացնում է որպես «հայկական Մայդան»: Ըստ նրա՝ Ռոբերտ Քոչարյանը պարտավոր էր արտակարգ դրության ռեժիմ մտցնել, «որպեսզի կանխեր արևմտյան խորհրդականների կողմից ոգևորված ամբոխի կողմից երկրի սահմանադրական կարգի տապալումը»։ 

«Երկրորդ նախագահի օրինական քայլերը թույլ տվեցին խոսափել մեծ արյունահեղությունից, որը հնարավոր եղավ արտակարգ դրություն մտցնելով»,- գրում է հեղինակը։ 

Վերջինս, սակայն, ակնհայտորեն այլ երանգներ է տալիս Մարտի 1-ին և նախորդող հետընտրական իրադարձություններին, քանի որ դրանք բովանդակային առումով որևէ կերպ հնարավոր չէ կապել 2013 թ.-ին Ուկրաինայում տեղի ունեցածի հետ։ Եվ Մարտի 1-ի իրադարձությունների հետևում «արևմտյան» խորհրդականների մասին նշելը, առնվազն, ապակողմնորոշելու նպատակ ունի, քանի որ դրանց առկայության մասին երբևէ ապացույցներ չեն եղել ու չի խոսվել, այդ թվում՝ անգամ Ռոբերտ Քոչարյանի կողմից։ 

Ինչ վերաբերում է այն պնդմանը, որ Քոչարյանն արտակարգ դրություն է մտցրել արյունահեղությունը կանխելու համար, ապա այս միտքն առնվազն տարօրինակ է՝ հաշվի առնելով այն փաստը, որ Մարտի 1-ի իրադարձությունների հետևանքով 10 մարդ է զոհվել, բազմաթիվ մարդիկ վիրավորվել են: Հեղինակն այս զոհերի մասին չի հիշատակում։ Հավանաբար, ըստ ռուսաստանցի հեղինակի, 10 մարդու մահը այնքան էլ մեծ արյունահեղություն չէ: 

Ի՞նչ մեղադրանք էր առաջադրվել Փաշինյանին 

Բացի վերը նշվածը, հոդվածագիրը կեղծում է Փաշինյանի և Մարտի 1-ի գործով դատված այլ գործիչների մեղադրանքը։ 

«Մարտյան անկարգությունների հրահրողները, որոնց շարքում էր նաև ապագա վարչապետ Փաշինյանը, դատապարտվեցին հեղաշրջման փորձ կատարելու և մարդկանց հասցված վնասի համար»,- գրում է հեղինակը։ 

Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը 2010 թ.-ին մեղավոր էր ճանաչվել Քրեական օրենսգրքի  225 հոդվածի առաջին մասով` մի խումբ անձանց հետ զանգվածային անկարգությունների կազմակերպումը, կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնության գործադրումն իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակցի նկատմամբ: Մարտի 1-ի գործով անցնող մյուս գործիչներից որևէ մեկը չէր դատապարտվել հեղաշրջման փորձ կատարելու համար։ 

Ի՞նչ մեղադրանք է առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին

Հոդվածագիր Սերգեյ Պետրովը պնդում է, որ Քոչարյանի գործը ոչ թե քրեական բնույթ ունի, այլ քաղաքական։ Եվ մատնանշում է ապացույցը. «Գործի ավելի քան 900 վկաներից ոչ մեկը չի հաստատել մեղադրող կողմի այն վարկածը, թե Քոչարյանը մարդկանց կրակելու հրաման է արձակել: Հակառակը՝ կան քրոնիկայի կադրեր, որտեղ ակնհայտ է, որ ոստիկանների ուղղությամբ կրակ են բացել «ցուցարարները»»։ 

Այս պնդումները գրելով՝ հեղինակը, սակայն, մանիպուլացնում է Քոչարյանի գործի էությունը։ Ըստ DataLex տեղեկատվական համակարգի՝ երկրորդ նախագահը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու և խոշոր չափի կաշառք վերցնելու համար: Ըստ մեղադրական կողմի՝ «0038» հրամանով բանակը ներքաշվել էր քաղաքական գործընթացներում: Եվ այս գործի էությունը բոլորովին կրակելու հրամանն արձակելը չէ, ինչպես նշում է հեղինակը։ 

Հատկանշական է նաև հեղինակի կողմից չակերտավորված եզրույթների օգտագործումը: Նախ՝ դրանք օգտագործվում են 2018 թվականից հետո «արդարադատությունը» կասկածի տակ առնելու համար, ապա 2008 թվականի ցույցերը նկարագրելիս իրադարձությունները որպես «համաժողովրդական ընդվզում» ներկայացնելու փորձը հեգնելու համար: 

Комсомольская правда («Կոմսոմոլսկայա պրավդա») կայքի մասին

Ուշագրավ է նաև այն, թե ինչպես ներկայացվեց հոդվածը հայաստանցի լսարանի համար: «5-րդ ալիքը» նշում է, որ Քոչարյանի մասին նյութը գրել է հեղինակավոր «Կոմսոմոլսկայա պրավդան», մինչդեռ կայքի մասին այս կարծիքն այնքան էլ միանշանակ չէ: Թերթը ռուսական մամուլում հայտնի է որպես «դեղին մամուլ»: Գաղտնի չէ նաև, որ այն չի առանձնանում Կրեմլին հակասող հրապարակումների առատությամբ:

Այսպիսով, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի մասին «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականում տեղ գտած հոդվածը մանիպուլյատիվ է, դրանում առկա են բազմաթիվ փաստական սխալներ, ապակողմնորոշիչ պնդումներ, որոնք ռուսական լսարանին, փաստացի, փոխանցում են գործի մասին ոչ ճիշտ տեղեկատվություն։ 

fip.am
Լուսինե Ոսկանյան