Նիկոլ Օջախունու և Հայկ Կարգինյանի ահեղ ճակատամարտը. նախերգանք

Նիկոլ Օջախունի ամենակալ տիտանի կառավարման և թավշյա լիֆտաշինության չորրորդ տարում, երբ խառնվել էին նախկիններն ու ներկաները, երբ սևերը սպիտակներ էին, իսկ սպիտակները՝ հներ, գժտություն եղավ Արարատյան տան ամենակալ տիտան Նիկոլ Օջախունու և կրտսեր տիտան Հայկ Կարգինյանի միջև։

Այս Հայկը վտիտ էր, վառվռուն աչքերով ու նեղլիկ բազուկներով, նա քաջ և երևելի հանդիսացավ Սերժ Բելի դեմ ապստամբության տարիներին և իրավամբ վաստակեց Արարատյան երկրի ռամիկների ու սեպուհների սերը։

Բիզմիդիր Նիսալավուրտի արշավանքի տարում, երբ Արևելքի թուրքը ասպատակում էր Արարատյան երկիրը, այս Հայկը խրոխտանալով ձեռք բարձրացրեց Նիկոլ Օջախունու կայսերաբթի (լայք) ու բաղդատումների (շեյրերի) վրա։

Եվ որովհետև այդ ժամանակներում ամեն մի մարդ կատաղած կայսերաբութը դրկիցի կողն էր խոթում, ձգտում էր մյուսներին սիրաշահելու, Նիկոլ Օջախունին վտանգ զգաց արքունական Ոստանի կառավարիչ Հայկ Կարգինյանի կողմից։

Երբ մեծն տիտան Օջախունուն հաջողվեց վերընտրվել Արարատյան մարդկանց ձայնով ու խորտակել Ռոբոս Կռունու անժամանակ ապստամբությունը Աժաց ճակատամարտում, ամենակալ տիտանը որոշեց իր հաղթական բազկի տակ մեկտեղել նաև Արարատյան աշխարհիս ՏԻՄաց ցեղերը, զի դրանք բազմազան էին ու խառնամբոխ։

Դրանց մեջ կային Բազուկ Հուժկու Կիրանց (ԲՀԿ) և հյուսիսո կողմանց արշաված բազմաթիվ ցեղեր։ Արիներ ու անարիներ, տարատեսակ մանկլավիկներ ու բարձրախոսի մարտիկներ իրենց պարտքն էին համարում Օջախունու կուռ բազկի ու կառավարման ներքո մեկտեղել շեներն ու դաստակերտները։

Երբ, վերջիվերջո, Օջախունուն հաջողվեց վերատիրել իր նախնիների թավշյա գահին, վճռվեց, որ ժամանակն է հիշելու և վերջնականապես ճնշելու Հայկ Կարգինյանի անհնազանդությունը։ 

Եվ ինչպես վայել է Արարատյան երկրի բարքերին, շաբաթն ուրբաթից շուտ եկավ։

Օջախունիների ընտանիքին պատկանող «Արարատյան մունետիկ» հանդեսում լույս տեսավ ամբաստանության առաջին արարը։

«Արարատյան մունետիկը» պնդում էր, որ Հայկ Կարգինյանը խախտել է հսկաների ավանդույթն ու, դեմ գնալով թավշյա լիֆտաշինության հսկաների խորհրդի կամքին, որոշել էր իր երկրպագությունը հայտնել Ռոբոս Կռունուն։ Հայկը, սակայն, չկամենալով հնազանդվել բռնակալ Օջախունու թավշյա հրահանգներին ու անտեսելով թավշյա լիֆտաշինության սրբազան օրենքները՝ հավաքեց իր լիֆտերն ու ավտոբուսները և, իր Խաժակ որդուն պահապան կարգելով արիների վրա, փակվեց Երևանի բերդում։ 

Երբ Տիտանյան Օջախունին իր թագավորությունն ամենքի վրա հաստատեց, իր որդիներից մեկին՝ Հուրաչ Սարգսին, Երևանի կրտսեր տիտան կարգեց և հավատարիմ մարդկանց հետ ուղարկեց Երևանի կողմը Հայկի մոտ, որ նա գա հնազանդության և խաղաղությամբ ապրի։ 

— Դու նախկինների լիֆտերի մեջ բնակվեցիր,— ասում է,— սակայն տաքացրու և մեղմացրու քո հպարտ ավտոբուսների ցուրտ սառնությունը և, ինձ հնազանդվելով, խաղաղ ապրիր, որտեղ որ կհաճես իմ երկրում բնակվելու, այսպես սկսեց իր խոսքը Տիտանյան Օջախունին։ 

Ապա Օջախունին ժողովում է իր քայլազեն հսկաներին ու թավշյա անվերապահների ամբոխն ու հսկա բանակի գլուխն անցած, ինչպես մի մեծ փորձանք, արշավում Երևանյան աշխարհը՝ շտապելով հասնել Հայկի բնակության սահմանները՝ Կարգինյանին հնազանդեցնելու ու Արարատյան աշխարհից վռնդելու համար։

Այս ժամանակ ուշիմ ու խոհեմ, գեղագանգուր ու զվարթաչյա Հայկ Կարգինյանը շտապով հավաքում է իր լիֆտերն ու ավտոբուսները՝ թվով 520, քաջ և աղեղնավոր կանաչապատողների և գնում հասնում է մի կարգին ափ, որի ջրերը նախկին էին, և իրենց մեջ մանր ավագիկներ էին պարունակում: Եվ իր զորքերին ձայնելով՝ ասում է նրանց.

— Երբ մենք դուրս կգանք Տիտանյան Օջախունու ամբոխի դեմ, պետք է աշխատենք այն տեղին պատահել, որտեղ անցած կանգնած կլինի Օջախունին քաջերի բազմության մեջ, որպեսզի կամ մեռնենք, և մեր դաստակերտ Երևանը Տիտանյանի ծառայության տակ ընկնի, կամ մեր լիֆտերի ու ավտոբուսների հաջողությունը նրա վրա ցույց տանք, նրա ամբոխը ցրվի, և մենք հաղթություն տանենք։

Բոլոր համընկնումները պատահական են։

Շարունակելի… 

Վահրամ Թոքմաջյան

Գոռ Մադոյան

MediaLab.am