Արթուր Վանեցյան․ կադրային չեկիստը

Թոթովախոս և ոճային՝ տարիներ հետո այսպես կնկարագրեն մեր հերոսին ապագայի մարդաբանները, որոնք ստիպված կլինեն առնչվել հայոց քաղաքական դաշտի մտքի խոկումների և «կուլտուրական կառուցվածքների» հետ:

Այսօրվա մեր ազգափրկիչը գեներալ-մայոր է, բայց պատվելի այդ կոչման խրամատները եղել են Երևան քաղաքում։ Հենց երևանցի ու քաղաքի տղա լինելու փաստն էլ շեշտվում է մեր հերոսի կողմից՝ փորձելով իր կողմը գրավել «իսկական» երևանցիների քվեները։ 

Ավարտել է մեր «բնիկ» երևանցին Երևանի 2-րդ միջնակարգ դպրոցը։ Խաչատուր Աբովյանի անվան դպրոցը՝ «Պապլավոկի» դիմաց, համարվել է խորհրդային էլիտայի սիրելի դպրոցներից մեկը, և մեր հերոսն էլ փոքրուց իմացել ու զգացել է, որ ինքը կապտարյուն ազնվական է1, և իրեն հարիր չէ շարքային մահկանացուների հետ երկրորդական դպրոցներում սովորել։

Այդ դպրոցն են ավարտել այնպիսի երևելի դեմքեր, ինչպիսիք են Ռուբեն Հախվերդյանի հայրը՝ գրականագետ, ակադեմիկոս Լևոն Հախվերդյանը, գործարար Գարեգին Նուշիկյանը, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանը և այլք։ 

1 Կապտարյուն ազնվական – եվրոպական փնթիությունների փուլում, երբ ազնվականներին քիչ թե շատ հաջողվում էր լվանալ ձեռքերը, երակներն ընդգծվում էին։ Ռամիկ մարդիկ էլ կարծում էին, թե ազնվականների երակներով կապույտ արյուն է հոսում։ Մեր կողմից պատմական պարզաբանում օրվա հերոսին։

Ուսումն ավարտելուց հետո՝ 1997-99 թթ., ծառայել է նորանկախ Հայաստանի զինված ուժերում։ 1999-ին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան՝ անասնաբույժի որակավորմամբ։ Ծառայությունից ու անասնաբույժի որակավորում ստանալուց հետո ծառայության է անցնում ՀՀ ԱԱԾ-ում։

Իհարկե կենսագիրները չեն կարողացել դեռ մեկնաբանել, թե ուսումնատենչության ինչպիսի ձիրքով է հասցրել ծառայելուն զուգահեռ ձեռք բերել անասնաբույժի կարևորագույն մասնագիտությունը, բայց դա մեր պատմության մեջ ոչ էական դետալ է։

2000-2003 թթ. աշխատել է Արարատի մարզի Մասիսի բաժնում՝ որպես օպերլիազոր։ Ծառայության տարիներին՝ 2002 թ., վերապատրաստվել է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության՝ ՖՍԲ ակադեմիայում։ 2003 թ. ավարտել է Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, տնտեսագիտության և իրավունքի ինստիտուտը։

Թերևս հենց այստեղ է յուրացրել Крым наш սրբազան ուխտը։ Իսկ կադրային չեկիստ լինելու հանգամանքի մասին հենց ինքն է խոսում հպարտությամբ։

Կրթվելով ու ամրապնդվելով հայրենիքը ծաղկեցնելու ու շինելու մտայնությամբ՝ վերադառնում է Սանկտ Պետերբուրգից և 2003-2009 թվականներին աշխատում ՀՀ ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչությունում՝ սկզբում որպես ավագ օպերլիազոր, այնուհետև՝ որպես գլխավոր վարչության պետի օգնական, բաժանմունքի պետ։

2009-2016 թվականներին աշխատել է Երևանի քաղաքային վարչությունում որպես Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի պետ։ Ըստ մամուլում շրջանառվող լուրերի և հետագայում էլ մեր հերոսի հաստատման՝ սերտ և մտերմիկ հարաբերություններ է հաստատել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ոչ թագադիր տիրակալ Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի և նրա շրջապատի հետ։

Հեղափոխության ժամանակ արդեն մեր հերոսն աշխատում էր ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության պետի տեղակալի պաշտոնում։ Իսկ հեղափոխությունից հետո՝ 2018 թ. մայիսի 10-ին, վարչապետ Փաշինյանի առաջարկությամբ ու նախագահ Սարգսյանի հրամանագրով նշանակվում է ԱԱԾ տնօրեն։ Թերևս այստեղ արժի հիշել ԱԺ մի որոշ փոխփոխանի, բայց չենք ծանրաբեռնի մեր գիրը։

Սիրելի ընթերցողը հավանաբար կռահել է արդեն, որ խոսքը թավշա հեղափոխության ԱԱԾ տնօրեն, սանրվածքի ու հագուստի ոճաբան Արթուր Վանեցյանի մասին է։ Արթուր Վանեցյանը նաև ֆուտբոլի հուզառատ սիրահար է ու գիտակ՝ ՀՖՖ նախագահ էր ու բուտերբրոդների մեծ խոհարար, որի մրցակցությանը չդիմացավ նույնիսկ բուռգեռաբան ու պաղպաղակագետ Արմեն Սարգսյանը։

Վանեցյանը իհարկե հայտնի է նաև իր պատվելի ու մեծահարուստ ազգականներով։ Այստեղից էլ թերևս ժառանգել է հարստության, թանկարժեք վերնազգեստների և կոկիկ սանրվածքի հանդեպ աննկուն սերը։ 

Արթուր Վանեցյանն ազատվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից

Ըստ մամուլի հրապարակումների՝ Վանեցյանները նախ խոշոր սեփականատերեր ու գործարարներ են՝ պղնձամոլիբդենային կոմիբինատից մինչև ՀՀ ծաղկի մեծածախ շուկա։ Վանեցյանը նաև իրեն հարգող ցանկացած կովկասցու նման մտերիմ հարաբերություն ունի չեչենական մշակույթի և անձամբ Ռամզան Կադիրովի հետ։

Կադիրովի հետ մտերմությունը հատկապես կարևոր էր մեր հերոսի համար՝ «ուժեղ տղու» կերպարի ու քաղաքական կարիերայի փիառ արշավի դիտանկյունից։ 

Արթուր Վանեցյանի օրոք ու գլխավորությամբ էին հենց բացահայտվել Մանվել Գրիգորյանի արջանոցի ու սեփականաշնորհման բանաձևերը, վերջինիս շրջապատի տեռորը Արմավիրի մարզում և անօրինական բիզնես գործունեությունը ՀՀ ողջ տարածքում։

Ավելին, Վանեցյանը խոստանում էր պատասխանատվության կանչել նախկիններին՝ Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին, և որպես իսկական ԱԱԾ-ական ավելի մտերմացավ Սերժ Սարգսյանի հետ, նրա հետ «Պատիվ ունեմ» դաշինքը կազմեց, որպեսզի մոտիկից ծանոթանա և կարողանա չեզոքացնել ու շարունակել հեղափոխության ձեռքբերումները։

Չէ՞ որ ԱԱԾ պետի պաշտոնից ազատվելուց հետո Վանեցյանը օրնիբուն խոսում էր հեղափոխական արժեքների ու հեղափոխական օրակարգի պահպանման մասին։ Իսկ էլ ի՛նչ հեղափոխության օրակարգ առանց հեղափոխության հիմնական հովանավորի՝ Սերժ Սարգսյանի։ 

Հիմա արդեն Արթուր Վանեցյանը, Տարոն Մարգարյանն ու այլ մեծապատիվ գործարար-հեղափոխականներ որոշել են իրենց ձեռքը վերցնել էստաֆետը և Նիկոլ Փաշինյանին ցույց տալ, թե ինչպես է պետք կյանքի կոչել հեղափոխության օրակարգն ու արժեքները։

Նա թերևս պատմության մեջ կմնա որպես ԱԱԾ ամենաշատախոս պետ։

Վահրամ Թոքմաջյան և ընկերներ

MediaLab.am