Ձեռքդ ետ տար ջեբիցս

Հեղափոխությունից հետո հասարակության ակնկալիքները Ազգային ժողովից տատանվում էին Էվերեստի բարձունքներից մանանա բերելուց մինչև Մարիանյան փողրակ համազգային աղետ ամպլիտուդով։ 

Շատերը իրենց երկրային դրախտի կառուցումը կապում էին հեղափոխական դուչեի և իր 88 փրկիչների հետ, առավել հոռետեսները փորձանք էին գուժում ու երազում լավագույնների կառավարման, թափանցիկության ու հանրային հաշվետվողականության մասին։ Բայց խեղճերը կրկնակի սխալվեցին իրենց լավատեսության մեջ, ոչ թե փորձանք եղավ, այլ ստացանք հեղափոխական գործիչներ։ 

Լավագույններ, որոնք երեք տարի շարունակ թմբկահարեցին իրենց 70 տոկոսանոց մանդատների առկայությունը, հիշեցին պողոսին ու ծեծեցին ազիզին, խորամուխ եղան կլինկերագիտության մեջ և ճաշակեցին պարգևավճարների ու վարչական այլևայլ կալորիաների բերկրանքը, արդյունքում սիրեցին իրենց բյուրոկրատի դերում։ 

Եվ, անշուշտ, յուրաքանչյուր ընդունած կալորիայի դիմաց մատուցեցին բազմաթիվ մանր ծառայություններ։ Գնահատվեցին կաբինետն ու օգնականը, վարորդն ու առաքիչը, աշխատավարձն ու հավելավճարը, մանդատն ու հայդատը։ 

Իսկապես հեղափոխական խորհրդարան՝ հակահեղափոխական գաղափարներով, օջախային տրամաբանությամբ ու թիմային անգործությամբ։ Թիմային անոմիայով, երբ կորսվել էին մակունցյան փարոսն ու միրզոյանական հոգեհայրությունը։ 

Ընդհանրապես, ընտրական ժողովրդավարություններն ունենում են խորհրդարաններ՝ 3-ի սկզբունքով. մեկ երրորդը զբաղվում է պետական գործերով, մեկ երրորդը՝ սեփական գործերով, մեկ երրորդը՝ ընդհանրապես չի զբաղվում։ Մերը յուրատեսակ է, քանի որ վերջին՝ չաշխատող մեկ երրորդի սկզբունքը 100 տոկոսանոց է։

Բայց անգործությունն ու քափ-քրտինք աշխատանքը մի կողմ, իսկ հիփոթեքները, վարկային բեռն ու սուրճը, գարեջուրը, երկրային բարիքները ոչ ոք չի չեղարկել։ 

Դե, դադարներ եղել են՝ չինական համավարակն էր, անսպասելի ու անհարմար սկսված երրորդ Արցախյանը, միջանկյալ ճգնաժամեր և այլն, բայց այդ ամենն իհարկե հացիվը չի չեղարկում։ 

Ոչ միայն չի չեղարկում, այլև սրացնում է պահանջը, չէ՞ որ սթրեսային իրավիճակներում սկսում ես շատ ուտել, ուղեղդ անհանգիստ է, մտավոր աշխատանքը շատ էներգիա է խլում, և հենց այդ հերթական սրացումների հանդարտության փուլում մեր ազգընտիր երեսփոխանները հիշել են դասականի «Մեծապատիվ մուրացկաններ» գործն ու որոշել հեռացող խորհրդարանական «Իմ քայլով» նվեր անել նորընծա «Քաղաքացիական պայմանագրին» և ընդդիմադիր օլիգարխներին։ Եվ այն էլ ինչ նվեր՝ գրպանի ծախսերի 50 հազարը դարձնելով 250 հազար։ 

Այսպես խոսեց կախարդական փայտիկը։ 

Իսկապես 10-ապատիկ աշխատել են, օրնիբուն տքնել են օրինաստեղծ գործունեության ու ժողովրդի ծառայության համար, Պիսիստրատից Համուրապպի, Սոլոնից մինչև ֆրանսիացի լուսավորիչներ ստվերել են և հիմա էլ որոշել մի փոքր հանգիստ առնել ու հնգապատիկ կում անել ԱԺ անհատակ բյուջեից։ 

Գալուստ Սահակյանի արդար գործի շարունակող Հովիկ Աղազարյանն էլ շտապեց մանրամասնել, որ կաֆեներում բազմահազար ընտրողների հետ հանդիպելու, սուրճ խմելու ու հաշիվ փակելու փողը սուղ է։ 

Դեռ բախտներս բերել է, որ Հովիկ Աղազարյանի սիրած սրճարանում՝ «Կետիկնոցում», սուրճն էժան է, հակառակ դեպքում մեկ միլիոնով չէինք պրծնի։ Իրենք՝ ազգիս ընտրյալները, ինչքա՞ն կարող են դիմանալ այս դժնդակ սահմանափակումներին, սրա-նրա ձեռքին նայեն, հաշիվը բերելուց գլուխները թեքեն, չուզենալով գնան զուգարանում լվացվելու, երբ անգամ շվեյկյան հայտնի իք-ն է դավաճանում, ու աստված հեռու պահի, իրենց գործնական հանդիպումներն անցկացնեն հասանելի ու սպասարկվող կաբինետներում։

Հաջորդիվ օրենք կընդունեն նաև, որ սոված պատգամավորները կարող են ուտել իրենց կուշտ ընտրողներին, իսկ առավել ունակները բաժանորդագրում կգնեն «Պոպլավոկում»՝ միջխմբակցային հանդիպումների ու փորձի փոխանակման համար։ Կվերականգնվի սննդի կտրոնային համակարգը, խորհրդային լավագույն ավանդույթներով պատգամավորության առաջավորներին կտրվի կրկնակի օրապահիկ, բայց պայմանով, որ ունենալու է անձի երկվություն, երկու շիշ մածուն, ՋիՋի ամսական բաժանորդագրում և հավելյալ զեղչեր Երևանի մոլերում։ 

Վահրամ Թոքմաջյան և ընկերներ

MediaLab.am