Ռոբերտ Քոչարյան․ առյուծասպանը

Մեր այսօրվա հերոսը ծնունդով պատմական Արցախ աշխարհից է և, լինելով կովկասյան Ալբանիայի հարևանը, լավագույնս է տիրապետում ալբաներենին, որն էլ իր կառավարման տարիներին հատկապես օգնել է իրեն՝ պետականաշինության ու ձեռներեցության հմտությունների ձեռքբերման և զարգացման գործում։ 

Հեռու լինելով քաղաքականությունից, իրեն երբեք չհամարելով քաղաքական գործիչ և համակերպվելով Ղարաբաղյան շարժման բուռն վերելքի և իր դերակատարության հետ՝ մեր հերոսը նախագահ Արմեն Սարգսյանի նման միայն թերթից է իմանում, որ իրեն ընտրել են «Ղարաբաղ» կոմիտեից վերակազմված Հայոց համազգային շարժում կուսակցության վարչության կազմում։ 

Լինելով ազատ ոճի ըմբիշ և ջութակահար Ստրադիվարիուսի լավագույն աշակերտը՝ այնուամենայնիվ իր կոչումը գտել է տնտեսական կրթության ոլորտում և սովորել է Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտում։ 

Այդ տարիներին է, որ մեր հերոսը սկսել է ուսումնասիրել փիլիսոփայություն, քաղաքական ու աստվածաբանական գրականություն, իմացել ստալինյան բռնաճնշումների մասին և լավագույնս է սերտել մեծ վրացու գործերն ու սերունդներին ժառանգած անգնահատելի փորձը։ 

Լինելով կրքոտ ու կռվարար՝ կիսատ է թողնում ուսումը, հեռացվում համալսարանից և վերադառնում հարազատ Ստեփանակերտ։ 1972-74 թթ. ծառայելով Վոլոգդայից մինչև Մոնղոլիա՝ վերադառնում է հարազատ քաղաք, ապա մեկնում Մոսկվա՝ շինարարական խոպանի։ 

Իր ակտիվությունը շարունակել է դրսևորել խորհրդային վարչահրամայական համակարգում, Սերժ Սարգսյանի պես լինելով կուսակցական ակտիվիստ, զբաղեցնելով տարբեր պաշտոններ ԼՂԻՄ-ի մարզկենտրոնի կուսակցական ապարատում, լինելով կոմերիտմիության քաղկոմի կազմբաժնի հրահանգիչ։ Իսկ արդեն Ղարաբաղյան շարժման սկզբում վերափոխվում է բոցավառ հեղափոխականի՝ լինելով «Կռունկ» (Комитет революционного управления Нагорного Карабаха) կոմիտեի անդամ, ապա՝ «Միացում» շարժման առաջնորդներից։ 

Մեր հերոսը նախ դառնում ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր (Լոռուց), ապա նաև ԼՂ նախագահի թեկնածու, սակայն թեև հայաստանյան ՀՀՇ-ի հովանավորությանը՝ պարտվում է դաշնակցական Արթուր Մկրտչյանին։ 

Իհարկե, ինչպես արդեն գուշակել եք, այսօրվա մեր հերոսը Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահ, վաստակավոր շինարար և ջազմեն, կենդանիների պաշտպան Ռոբերտ Քոչարյանն է։ 

Քոչարյանի սրընթաց կարիերան նախ՝ Արցախում, ապա նաև՝ Հայաստանում իսկապես հեղափոխական ժամանակներին հարիր հետագիծ է։ 1992 թ. Շուշիի ազատագրումից հետո Աբուլֆազ Էլչիբեյը, վերադասավորելով ուժերը, հակահարձակման է անցնում՝ խոստանալով աշնանը թեյ խմել Ստեփանակերտում և Սևանում լվանալ ոտքերը։ 

Լեռնային Ղարաբաղի խորհրդարանը վերադասավորվում է, վարչապետ Օլեգ Եսայանն ու Գերագույն խորհրդի խոսնակ Գեորգի Պետրոսյանը հարաժարական են տալիս, ստեղծվում է Պաշտպանության պետական կոմիտե՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ։ 2020 թ. պարտությունից հետո Պաշտպանության պետական կոմիտեի ստեղծման առաջարկով հանդես կգա Ռոբերտ Քոչարյանի բազմամյա արբանյակ Վազգեն Մանուկյանը։ 

Արդեն այդ փուլում և դրանից էլ առաջ պարզ էր, որ Ռոբերտ Քոչարյանը և իր մերձավոր շրջապատը վայելում են պաշտոնական Երևանի ու ՀՀՇ-ի աջակցությունը, հատկապես՝ ի հակակշիռ Դաշնակցության։ Մանավանդ որ, դրանից 4 ամիս առաջ՝ քաղաքականապես շատ հարմար պահին, սպանվել էր Քոչարյանի հիմնական մրցակից, դաշնակցական, Արցախի Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը։ 

Պատերազմից ու հաղթական զինադադարից հետո Արցախում մտցվում է նախագահական կառավարման ռեժիմ, և բոլորի համար սպասելիորեն նախագահ է ընտրվում Ռոբերտ Քոչարյանը երկու տարով, իսկ 1996 թ.՝ վերընտրվում։ 

1996 թ. հայաստանյան նախագահական ընտրություններից հետո, երբ ուժեղացել էին Վանո Սիրադեղյանն ու Վազգեն Սարգսյանը, երբ աշխատանքից ազատվել էր վարչապետ Հրանտ Բագրատյանը, երբ բազմաթիվ խնդիրների առջև կանգնած Լևոն Տեր-Պետրոսյանը շուրջ 4 ամիս չէր կողմնորոշվում, վարչապետի հարցում բեկում է տեղի ունենում։ 

Վանո Սիրադեղյանին ուղարկելով պատվավոր աքսոր՝ Երևանի քաղաքապետարան, ԱԱԾ-ն ու ներքին գործերը միավորելով ու տալով իրեն լավ ծառայությամբ դրսևորած Սերժ Սարգսյանին, վերջնական բալանսի համար Լևոն Տեր-Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանին հրավիրում է որպես ՀՀ վարչապետ։ Մանավանդ որ, ըստ չար լեզուների՝ Քոչարյանն առանձնապես ուրախ օրեր չէր ապրում Սամվել Բաբայանի քվազիռազմական վարչակարգի օրերին։ 

Քոչարյանը, թեև ըստ իր հուշերի՝ շատ դժկամորեն, բայց ընդունում է հրավերը, կրկին ըստ տարածված լեգենդների՝ իր նախապայմանները առաջադրելով Տեր-Պետրոսյանին։

Սակայն հայկական քաղաքականության պատրիարք համարվող Տեր-Պետրոսյանը ինքն իր թակարդն է ընկնում՝ լավ սերտած չլինելով հունական առասպելաբանությունն ու Զևսի ու եղբայրների կողմից հոր՝ Քրոնոսի գահընկեցության ողջ շղթան։ 

1996 թ. ընտրությունները ըստ էության հետհաշվարկ էին Տեր-Պետրոսյանի համար, մանավանդ որ վերջինս հայտարարել էր, որ թեև սահմանադրական հնարավորության՝ այլևս չի առաջադրվելու։ 

Եվ իշխանության ներսում սկսել էր ապագա համակարգի կազմակերպման ու խմորման գործընթացները։ Հետագայի բազմաթիվ քաղաքական սպանությունները՝ գլխավոր դատախազից մինչև վարչապետ և խորհրդարանի նախագահ, այդ մեծ պատկերի փոքր արարներն էին։ Այն ուժերը, որոնք ըստ էության պետք է բալանսավորեին իրար, և Քոչարյանը, որ պետք է օտար լիներ Հայաստանի քաղաքական դաշտին և, դրանով իսկ, իշխանության որևէ թևի չհարեր, շատ արագ կողմնորոշվում է, և արցախյան ու հայաստանյան քաղաքական էլիտաները՝ Սամվել Բաբայան, Արկադի Ղուկասյան, Վազգեն Սարգսյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան համամասնությամբ, առիթ ընդունելով ղարաբաղյան կարգավորման հարցը, իսկ ըստ էության վերցնելով փաստացի իշխանությունը իրենց ձեռքը՝ Տեր-Պետրոսյանին հրաժարական են պարտադրում։ 

Սորոսը Սերժի և Քոչարյանի ժամանակ - Aniarc

Կոմբինացիայի հաջողությունից հետո արդեն Քոչարյան-Սարգսյան զույգը, որ ԼՂԻՄ-ի տարիներից զինակիցներ ու գաղափարական դաշնակիցներ էին, հաջողությամբ նաև նոր դաշնակիցների հարցերն են լուծում՝ կրկին երջանիկ քաղաքական պատահականությանների շարքի միջոցով։ Նախ՝ բանտից ազատված ու «իրավիճակի փոփոխությամբ» ռեաբիլիտացված Դաշնակցության ուղղակի և Վազգեն Սարգսյանի անուղղակի աջակցությամբ Ռոբերտ Քոչարյանը դառնում է ՀՀ նախագահ՝ հաղթելով Կարեն Դեմիրճյանին, իսկ արդեն հաջորդ տարում գլխատվում են խորհրդարանն ու բանակը՝ 1999-ի հոկտեմբերի 27-ին սպանվում է Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյան դաշինքը, որը դե ֆակտո Անգլիայի թագուհու կարգավիճակի էր բերել նախագահ Քոչարյանին։ 

Իսկ ավելի ուշ, արվեստագետի նուրբ պարույրներում տքնող և քրեական ռոմանտիզմի հանդեպ անհուն սեր տածող Աղվան Հովսեփյանը սկսեց հետապնդել Վանո Սիրադեղյանին։ 

Իսկ 2000 թվականին էլ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ կատարելու մեղադրանքով 14 տարով ազատազրկման է դատապարտվում Արցախի փաստացի ղեկավար Սամվել Բաբայանը։ 

Խոստովանենք՝ հիրավի սրընթաց կարիերա հեղափոխական ու հետհեղափոխական ժամանակներին հարիր, ուղեկցված բազմաթիվ բնական մահերով ու «պատահական» սպանություններով, ուղեկցված պետական հեղաշրջմամբ ու ահաբեկչությամբ, «կրկնակի կրակոցներով» ինքնասպանություններով, որի երջանիկ շահառուն դարձան Ռոբերտ Քոչարյանն ու իր հավատարիմ թագակիր Սերժ Սարգսյանը։ 

Քոչարյանի նախագահության տարիները կհիշվեն տնտեսական կարճատև ոչ ներառական աճի տարիներ՝ նավթի բարձր գներ, միլիարդ դոլարի տրանսֆերտներ, նարեկսարգսյանական շինագարություն Երևանի կենտրոնում, մարդկանց ունեզրկում պետական կարիքների շղարշով, պետական մենաշնորհների ու տնտեսական օլիգարխիզացիայի վերջնական հաստատում, «գույք՝ պարտքի դիմաց» գործարքներ և այլն։ 

Քոչարյանը, ըստ էության, քաղում է Բագրատյանի տնտեսական վերափոխումների պտուղները, գտնում արագ տնտեսական աճի բանալին, կենտրոնացնում առանց այն էլ կենտրոնացած տնտեսական համակարգը, ստանում գրպանի օլիգարխներ ու ամայացնում քաղաքական դաշտը՝ դաշնակցականացնելով հանրային խոսքն ու առաջին պլան մղելով հայրենակցական միությանը հարիր խոսույթը։ Այս վերջինը հատկապես շատ կարևոր էր, եթե հաշվի առնենք Քոչարյանի հայերենի աբեղյանական մակարդակը։ 

Արդյունքում՝ 2008 թ., փորձելով բարեհաջող փոխանցել իշխանությունը Սերժ Սարգսյանին՝ որպես իր վաստակավոր հանգստի միակ երաշխավորի և իրենց ստեղծած համակարգի գլխավոր հոգաբարձուի, իրականացնում մարտի 1-ը և դառնում ամենաերիտասարդ թոշակառու։ 

Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին արդեն, նոր՝ սարգսյանական էլիտան ամեն կերպ երկրորդ պլան է մղում քոչարյանական օլիգարխիային ու քաղաքական էլիտային՝ փորձելով վերաձևակերպել ներիշխանական կոնսենսուսը – Քոչարյան սկզբունքով։ 

Մարտի 1-ի իրադարձություններն էլ գլխավորապես վերաորակվում են որպես Քոչարյանի ու միմիայն Քոչարյանի պատասխանատվության դաշտ՝ չթողնելով ռեաբիլիտացիայի և ոչ մի հնարավորություն։ 

Քոչարյանը սակայն ողջ ընթացքում աշխատում է Սերժ Սարգսյանի դեմ, նախ՝ փորձելով հովանավորել քառյակ դաշինքը՝ Տեր-Պետրոսյանին համոզելով, որ Գագիկ Ծառուկյանը պակաս Բիձինա Իվանիշվիլի չէ, հետո հանդես գալիս նաև սահմանադրական փոփոխությունների դեմ, ակնարկելով, որ դժգոհ է Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրման հեռանկարից, ապա նաև իր արբանյակներով աջակցում թավշյա հեղափոխության ժողովրդական զանգվածներին՝ ներսից քանդելով համակարգը ու ջուր հասցնելով ծարավյալներին։

Հետո սկսում է «Մարտի 1»-ի գործի թատերական ներկայացումը, Փաշինյանը խորովածը չվառելու ակնկալիքով բուծում է ռուբեն վարդազարյաններ ու հրայրթովմասյաններ, մարգինալացնում վահեգրիգորյաններին։ 

Քոչարյանին դարձնելով իր իշխանության համար 1 հակառակորդ՝ նրանից ստանում է յոգան թողած ու ԱԱԾ մեկուսարաններում իմաստություն ձեռք բերած վարչապետացու, ու հիմա էլ վերջինս, շեշտը դնելով հանրային ամնեզիայի տեսության վրա, նետվում է մարտի՝ դառնալու նորընտիր վարչապետ և ավարտելու գործերը, որոնք, ցավոք, կիսատ են մնացել։ 

Գործեր, որոնց փառքը թնդում է «Պապլավոկից» մինչև Տանզանիա, ուչաստկովիից մինչև քինդեր ձվիկի ու ռոմանտիկների առեղծված։ 

Վահրամ Թոքմաջյան և ընկերներ

MediaLab.am