«Ոչ մի քաղաքական ուժ երկրում այլևս բարձր լեգիտիմություն չունի և չի կարող մեծամասնություն կազմել». Անի Սամսոնյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անի Սամսոնյանը

– Տիկի՛ն Սամսոնյան, արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ձեր գնահատականը ո՞րն է: Ձեր քաղաքական թիմի քարոզարշավն արդյունավե՞տ եք համարում:

– Ընդհանուր քարոզարշավի մասին դրական կարծիք չեմ կարող հայտնել, որովհետև քաղաքական ուժերը, որոնց մենք կոչ էինք արել միանալ մեր հայտարարությանը, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ չեն օգտագործվելու ատելության քարոզ, վիրավորանք, հայհոյանք, չմիացան այդ հայտարարությանը և բոլոր դեպքերում իրենց սև գործն արեցին: Թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության կողմից այս առումով մենք տեսել ենք բացասական դրսևորումներ:

Մեր քարոզարշավը եղել է շատ դրական: Հենց սկզբից մեր առջև խնդիր էինք դրել ներկայացնել ոչ միայն մեր գաղափարները, այլ նաև մարդկանց համոզել, որ նրանք պետք է գնան ընտրության և իրացնեն իրենց ընտրական իրավունքը:

Մեր օրակարգը համերաշխությունն ու միասնությունն է, որ մենք փորձեցինք թե՛ մարզային համայնքներում, թե՛ Երևանի վարչական շրջաններում հասցնել մարդկանց: Կարող եմ ասել, որ չի եղել մեկը, որն ասեր՝ չգիտի, թե մենք ինչի՛ մասին ենք խոսում, այսինքն՝ մեր ասելիքը տեղ է հասել, և մարդիկ գիտեին, որ մենք համախմբման, համերաշխության քաղաքական ուժն ենք:

-Երբ լսում ենք Ռոբերտ Քոչարյանին, Նիկոլ Փաշինյանին և նրանց թիմակիցներին, տպավորություն է, որ քաղաքական դաշտում այդ երկու ուժից բացի, այլ ուժեր չկան: Այս երկբևեռացումը միտումնավո՞ր է արվում:

-Այո՛, և՛ Նիկոլ Փաշինյանին, և՛ նախկիններին ձեռնտու էր, որ այս ընտրությունները դարձնեն երկբևեռ, որպեսզի մարդկանց աչքերը փակեն և ցույց տան, որ այլ քաղաքական ուժ չկա ասպարեզում, միայն իրենք են, և մարդիկ պետք է ստիպված ընտրեն կա՛մ սևին, կա՛մ սպիտակին:

Բնական է, որ Նիկոլ Փաշինյանին՝ իբրև հակառակորդի շատ հարմարավետ էին նախկինները, որովհետև նրանց կարող է ասել թալանչի, կոռուպցիոներ, կարող է նրանց գլխին մուրճ պտտել, բայց մեր նկատմամբ չի կարող նույն վարքագիծն ունենալ, որովհետև մենք առողջ քաղաքական ուժ ենք, նմանատիպ անցյալ չունենք, և մեզ հետ մրցակցության հարցում իշխանությունը կաշկանդված է:

Նույնն էլ նախկիններն են, մենք միշտ էլ մրցակից ենք եղել, այդ իսկ պատճառով իրենք այս ընթացքում որևէ մեդիառեսուրս չխնայեցին, որպեսզի մեզ փորձեն սևացնել, մեր նկատմամբ հակաքարոզչություն իրականացնել:

-Տիկի՛ն Սամսոնյան, այնուամենայնիվ, ձեզ և մյուս քաղաքական ուժերին հաջողվե՞ց ասելիքը քաղաքացիներին հասցնել և ցույց տալ, որ դաշտն ամենևին էլ երկբևեռ չէ:

-Մյուս քաղաքական ուժերի մասին կարծիք չեմ կարող հայտնել, որովհետև նրանց քարոզարշավներին չեմ հետևել, չգիտեմ՝ ինչպես են աշխատել ընտրողների հետ:

Շատ քիչ քաղաքացի կգտնեք, որ չիմանա, թե «Լուսավոր Հայաստանը» ինչ է ուզում, իսկ մենք ուզում ենք ստեղծել ազգային համաձայնության կառավարություն, երկրում բերել ներքին համերաշխություն: Մենք մեր առաջադրանքը, կարծում եմ՝ կատարել ենք:

-Ինչպե՞ս եք պատկերացնում ազգային համերաշխության կառավարության ձևավորումը և ինչո՞վ է այն տարբերվելու կոալիցիոն կառավարությունից:

-Մեզ անընդհատ հարցնում են՝ ո՞ւմ հետ կոալիցիա կկազմեք, եթե մտնեք խորհրդարան: Մենք ոչ մեկի հետ կոալիցիա չենք կազմի, որովհետև այդ օրակարգը մերը չէ, մեր օրակարգն է ազգային համաձայնության կառավարության կազմումը, և դա պետք է լինի պրոֆեսիոնալների կառավարություն:

Քաղաքական գործիչները պետք է մնան խորհրդարանում, պրոֆեսիոնալների կառավարությունը պետք է ձևավորվի բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներից: Մեկ քաղաքական ուժը չունի այդքան ռեսուրս, որքան էլ ներկայացնեն, որ հաջողակ թիմ է, գալիս են իրենց թիմով և այլն:

Մեր երկրի բեռն այնքան ծանր է, որ մի քաղաքական ուժն այդ բեռի տակից երկիրը չի կարող հանել, դրա համար էլ ասում ենք, որ պետք է համախմբել բոլոր քաղաքական ուժերի խելոք մարդկանց, որը կնպաստի նաև ներքին համերաշխության հաստատմանը, որովհետև եթե քաղաքական ուժերը բավարարված են հանրային պետական կառավարման համակարգում իրենց ներդրումն ունենալով, նրանք կդադարեն իրար կոկորդ կրծել ու ամբողջ ռեսուրսները կծառայեցնեն ի նպաստ պետության:

-Բայց այս պայմաններում ինչպե՞ս եք դա հնարավոր համարում, քաղաքական ուժերը կտա՞ն իրենց համաձայնությունը:

-Մեր քաղաքական պատմության մեջ ունեցել ենք նման նախադեպ: Կարծում եմ, որ մեր օրակարգն այլընտրանք չունի, հասկանում ենք, որ քաղաքական ուժերն ունեն ամբիցիաներ, հատկապես՝ իշխանություն ստանալու ու մեկը մյուսին պատժելու ամբիցիաներ:

Բայց այդ ամբիցիաները պետք է զսպենք, որովհետև եթե նորից ընկնենք նույն տեղապտույտի մեջ՝ նախկին-ներկա, սև-սպիտակ, կարմիր-կապույտ, ուղղակի չենք կարողանալու դիմակայել արտաքին սպառնալիքներին, որոնք սարերի հետևում չեն, ավելին՝ մեր սարերում նստած են:

-Տիկի՛ն Սամսոնյան, իսկ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ կոալիցիոն, էլ չեմ ասում՝ ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու խնդիր չի լինելու, որովհետև իրենց քաղաքական թիմը ստանալու է 60 տոկոս քվե: Կարծում եք՝ որևէ քաղաքական ուժ կկարողանա՞ բացարձակ մեծամասնություն ձևավորել:

-Հնարավոր չեմ համարում, որովհետև ոչ մի քաղաքական ուժ երկրում այլևս այդքան լեգիտիմություն չունի և չպետք է ունենա: Մենք տեսել ենք, որ իշխանությունը պատկանել է լեգիտիմություն չունեցող քաղաքական ուժի, և երկիրը հասել է անդունդի եզրին: Մենք տեսել ենք նաև լեգիտիմություն ունեցող քաղաքական ուժ, բայց երկիրը կանգնեցրել է աղետի եզրին:

Քաղաքացիները պետք է հասկանան, որ այլևս մեկ ուժի չպետք է այդքան ձայն տալ, որպեսզի կարողանանք կյանքի կոչել ազգային համաձայնության կառավարության ծրագիրը:

Բնականաբար, թե՛ իշխանությունը, թե՛ նախկինները, որոնք փորձում են ցույց տալ, թե ով է ավելի ուժեղը, ով կարող է ավտոբուսներով շատ մարդ բերել հրապարակ, ով ավելի բարձր կհայհոյի, իրենց մասին մեծ կարծիք ունեն, բայց ես վստահ եմ, որ այլևս ոչ մի քաղաքական ուժ մեծամասնություն չի կազմելու, և թող բոլորը պատրաստ լինեն, որ մենք պնդելու ենք մեր օրակարգը:

-Ընտրությունների արդյունքները կընդունվե՞ն քաղաքական ուժերի կողմից, թե՞, ինչպես նշվում է, հետընտրական զարգացումներ, ավելին՝ բախումներ կլինեն:

-Ակնհայտ է, որ հակադիր բևեռները՝ Քոչարյան-Փաշինյան, նախապատրաստվում են հետընտրական գործընթացների, որոնք չեն խոսում նրանց հաղթանակի մասին:

Մի քանի օր անընդմեջ Հանրապետության հրապարակը ռեզերվ անելու ծանուցումը խոսում է այն մասին, որ մեկի շատ տոկոս հավաքելու դեպքում մյուսը մարդ է հանելու փողոց: Այսինքն՝ մեր քաղաքացիներին ուզում են հանել իրար դեմ, մենք մարդկանց քարոզարշավի ժամանակ զգուշացրել ենք, որ ոչ մի պարագայում դուրս չգան փողոց, որովհետև դա տանելու է քաղաքացիական բախումների:

– Տիկի՛ն Սամսոնյան, մտավախություն ունե՞ք, որ ընտրությունների արդյունքները կկեղծվեն:

– Ընտրատեղամասերում մասսայական կեղծիքներ դժվար է անել, մենք ունենք մեծ թվով հանձնաժողովականներ, ունենալու ենք վստահված անձինք, չեմ կարծում, որ թվեր են նկարվելու:

Գուցե հեռավոր համայնքներում, որտեղ չլինեն դիտորդներ, ԶԼՄ ներկայացուցիչներ, ինչ-ինչ փորձեր լինեն, բայց չեմ կարծում, որ դրանք կկրեն մասսայական բնույթ և որևէ ազդեցություն կունենան ընտրությունների արդյունքների վրա: Մեծ հույս ունեմ, որ մարդկանց ընտրության իրավունքն անկեղծորեն արտահայտվելու է:

 Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am