Շոգը, արտագաղթը, թե ուռճացված թվերը. ի՞նչն ազդեց ընտրությունների մասնակցության վրա

Հայաստանի Հանրապետությունում 2017-ին անցկացված խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 1 մլն 574 հազար (60 տոկոս) քաղաքացի, 2018-ին՝ շուրջ 1 մլն 260 հազար (շուրջ 49 տոկոս), 2021-ին՝ 1 մլն 281 հազար (49,4 տոկոս): 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գլխավոր քարտուղար Արմեն Սմբատյանը դժվարանում է բացատրել մասնակցության նման ցուցանիշը:

«Դա, հավանաբար, այլ վերլուծության թեմա է»,- «Մեդիալաբին» ասում է Սմբատյանը:

Ինչ վերաբերում է տվյալներին, որ առավոտյան ժամերին մարդկանց հոսքը ընտրատեղամասեր ակտիվ է եղել, Սմբատյանը դա պայմանավորում է եղանակային պայմաններով.

«Կարող է, օրինակ՝եղանակային պայմանները լինեն պատճառ, որ առավոտյան ժամերին մարդիկ ամենաշատն են գնացել ընտրատեղամասեր: Օրինակ՝ ձմռանը, երբ ընտրություն էր, առավոտյան ցուրտ է եղել, քիչ են գնացել քվեարկության, ամռանը, երբ առավոտյան հով է եղել, շուտ են գնացել: Կարող է հազար ու մի պատճառ լինել: Մենք կազմակերպում ենք ընտրությունները, ամփոփում, թող քաղաքական գործիչները գնահատական տան՝ շատ է, թե քիչ»:

Սոցիոլոգ Գևորգ Պողոսյանը, իր մասնագիտական փորձառությունից ելնելով, ընդգծում է՝ սովորաբար Հայաստանում մարդիկ հետաքրքրված են եղել նախագահական ընտրություններով, իսկ խորհրդարանական ընտրությունների նկատմամբ հանրության հետաքրքրությունն այդքան էլ մեծ չէ: 

«Նախորդ բոլոր ութ խորհրդարանական ընտրությունների ժամանակ մենք ունեցել ենք 50-52 տոկոս մասնակցություն: Ամենաբարձր մասնակցությունը եղել է 2012-ի խորհրդարանական ընտրություններում՝ 62 տոկոս: Իսկ ահա նախագահական ընտրությունների նկատմամբ հետաքրքրությունն այլ է, քանի որ դրանքանձնավորված են, և մասնակցությունը, ըստ այդմ՝բարձր:

Խորհրդարանական ընտրությունների ժամանակ մարդկանց շատ քիչ է հետաքրքրում, թե որ կուսակցությունը որքան ձայն կստանա, կանցնի,թե չի անցնի: Այսինքն՝ ընտրողի մոտիվացիան շատ ցածր է»,- «Մեդիալաբին» ասում է Գևորգ Պողոսյանը:

Այդուհանդերձ, սոցիոլոգի խոսքով՝ իրենք սպասում էին, որ 55 տոկոս և ավելի մասնակցություն կարող է գրանցվել այս ընտրություններում, քանի որ գրանցված ավելի քան 20 քաղաքական ուժերը կարող էին մոբիլիզացնել իրենց էլեկտորատը: Բայց այդպես չստացվեց:

Պատճառներից մեկը, ըստ Պողոսյանի, հանրության շրջանում եղած անտարբերությունն է, իսկ մյուս պատճառը պաշտոնապես գրանցված և ընտրելու իրավունք ունեցողների թվի ուռճացված լինելը:

Սակայն, այդուհանդերձ, մասնագետի դիտակմամբ՝ընտրություններին մասնակցության ցուցանիշը այդքան էլ ողբերգական չէ, քանի որ Հայաստանում ընտրելու իրավունք ունեցող քիչ մարդ է մնացել:

«Ընտրելու իրավունք ունեցողների թիվն ուռճացված է այն իմաստով, որ մարդիկ Հայաստանում չեն, բայց նրանց անունը գրանցված է ընտրացուցակներում: Այսինքն՝ մեկնել են աշխատանքի և չեն եկել: Իրականում այդքան մարդ Հայաստանում չկա, միգրացիան շատ բարձր է, մարդիկ գնում են: 

Բայց մենք այդ մեծ թվերը բերում ենք ու տոկոսները այդ մեծ թվից ենք հաշվում, դրա համար ստանում ենք մասնակցության նման ցածր ցուցանիշ: Իրականում մասնակցությունը հավանաբար բավականին բարձր է եղել, եթե հաշվի առնենք Հայաստանում եղած և ընտրելու իրավունք ունեցող մարդկանց թիվը»,- ասում է Գևորգ Պողոսյանը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am