Սահմանադրական կարգն ամբողջությամբ տապալված է․ սահմանադրագետը՝ Կաթողիկոսի և Եկեղեցու շուրջ քրեական գործընթացների մասին

Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու շուրջ զարգացումները նոր փուլ են մտնում։ Փաստաբան Արա Զոհրաբյանի փոխանցմամբ՝ ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով։ Զոհրաբյանի տեղեկացմամբ՝ Կաթողիկոսի նկատմամբ կիրառվել է նաև խափանման միջոց՝ արգելվել է նրա ելքը Հայաստանի Հանրապետությունից, ինչը, ըստ նրա, կարող է խոչընդոտել Ավստրիայում նախատեսված եպիսկոպոսաց ժողովին մասնակցությունը։

«ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով: Արգելվել է Վեհափառ Հայրապետի ելքը Հայաստանից, ինչով փորձ է արվում ձախողել Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովը: Սա պատմական ամոթալի գործողություն է իշխանության կողմից»,- հայտարարել է փաստաբան Արա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ դեռ հունվարի 29-ին ՀՀ քննչական կոմիտեն քրեական վարույթ էր նախաձեռնել Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչների նկատմամբ՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելու և այն չկատարելուն դրդելու առերևույթ հանցագործության հատկանիշներով։ Վարույթը վերաբերում է կարգալույծ հռչակված Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու վերաբերյալ դատարանի որոշման կատարմանը։

«Նկատի ունենալով, որ հաղորդմամբ փաստվում են հիշյալ կատարողական վարույթի շրջանակներում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու համապատասխան ծառայողների կողմից իրենց ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելու և այն չկատարելուն դրդելու առերևույթ հանցագործության դեպքեր, 2026 թվականի հունվարի 29-ին ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 2-րդ մասի և 46-507-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որով իրականացվում են վարութային և ապացուցողական գործողություններ»,- ասված էր ՔԿ տարածած հաղորդագրությունում:

Միջազգային իրավունքի մասնագետ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանը «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է, որ կատարվողն ակնհայտ միջամտություն է Եկեղեցու ներքին գործերին, որն արգելված է ՀՀ օրենսդրությամբ:

«Պետական իշխանությունները, ըստ մեր օրենսդրության, որևէ իրավասություն չունեն խառնվելու Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու ներքին գործերին, այսինքն՝ եկեղեցական կյանքի ինքնավարությունը սահմանադրական պահանջ է ու վերաբերում է բոլոր կրոնական կազմակերպություններին, առավելևս՝ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն, որովհետև Սահմանադրության 18-րդ հոդվածով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն տրվել է բացառիկ կարգավիճակ»,- «Մեդիալաբին» ասում է Վարդան Պողոսյանը՝ ընդգծելով, որ պետական որևէ մարմնի կողմից զուտ կրոնական կազմակերպության ներքին գործերին միջամտությունը բացառված է:

Վարդան Պողոսյանի բնորոշմամբ՝ մենք հիմա ունենք «աբսուրդային, անհեթեթ իրավիճակ», որովհետև դատարանը քննության է առել մի դիմում, որի վերաբերյալ որևէ իրավասություն չունի:

«Այդ դատարանի ապօրինի որոշումից հետո Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն ընդունել է մեկ այլ ապօրինի որոշում, ու դրանից հետո տեղի է ունեցել երրորդ խայտառակությունը, երրորդ ապօրինությունը՝ ՔԿ-ն քրեական գործ է հարուցել, որովհետև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին չի կատարել այդ երկու ապօրինի որոշումները: Ցավոք սրտի, սա է իրականությունը Հայաստանում, որտեղ սահմանադրական կարգն ամբողջությամբ տապալված է»,- ասում է նա, հավելելով, որ գործադիր իշխանությունը դատական իշխանության հետ կատարում է ապօրինություններ, որոնք ոչ մի առնչություն չունեն ՀՀ Սահմանադրության ու օրենքների հետ: 

Հիշեցնենք՝ Եկեղեցու դեմ արշավին միացած, արդեն կարգալույծ հռչակված Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը հայց էր ներկայացրել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ, որով պահանջում էր անվավեր ճանաչել իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու մասին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հունվարի 10-ի հայրապետական տնօրինությունը՝ որպես հետևանք վերականգնելով Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում:

Արմավիրի մարզի դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանն էլ մեկ օրում որոշում էր ընդունել Գևորգ Սարոյանին վերականգնել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։ Հոգևորականները հայտարարել էին, որ դատարանի որոշմամբ թեմում ստեղծված իրավիճակը հակասում է եկեղեցական կարգին և հանդիսանում է միջամտություն Եկեղեցու ներքին գործերին։ Նշվել է, որ առաջնորդ նշանակելու կամ ազատելու իրավասությունը բացառապես պատկանում է Կաթողիկոսին և եկեղեցական մարմիններին։

Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ էր նշանակվել Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը։ Տեղապահ նշանակվելուց հետո թեմում լարված իրավիճակ էր ստեղծվել, իրավապահները շրջապատել էին տարածքը՝ դատարանի որոշման կատարման շրջանակում։ 

«Մենք և մեր հոգևոր խնամքին հանձնված եկեղեցական ծուխերը լիակատար աջակցություն ենք հայտնում մեր նորանշանակ առաջնորդին և պատրաստակամ ենք նրա հոգևոր իշխանության ներքո՝ սիրով, համերաշխությամբ և ծառայական ոգով, շարունակելու մեր սպասավորությունը հավատավոր մեր ժողովրդի և Սուրբ Եկեղեցու կյանքում»,- հունվարի 17-ին Մասյացոտնի թեմի հոգևորականները հայտարարությամբ զորակցություն են հայտնել Գարեգին Բ-ին ու թեմի առաջնորդական տեղապահին: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am