ԱԺ փոխնախագահը պատվաստվել է չինական «ԿորոնաՎակ» պատվաստանյութով

Այսօր ստացա կորոնավիրուսային հիվանդության դեմ «Սինովակ» ընկերության «ԿորոնաՎակ» (CoronaVac) պատվաստանյութի առաջին չափաբաժինը։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը:  

«Այս պատվաստանյութը Հայաստանին մայիսի 2-ին տրամադրել է բարեկամ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի կանխարգելման միջոցառումների շրջանակում (100.000 դեղաչափ՝ 50.000 անձի համար): 

«ԿորոնաՎակ» (CoronaVac) պատվաստանյութը ցուցված է 18 տարեկան և բարձր տարիքի ռիսկի խմբի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների իրականացման համար: Կիրառվում է երկու դեղաչափով` յուրաքանչյուրը 0,5 մլ:

Երկրորդ դեղաչափն իրականացվում է առաջին դեղաչափից 28 օր հետո: Պատվաստվի՛ր և կանխարգելի՛ր COVID-19-ը։ 18 տարեկանից բարձր բոլոր անձինք կարող են անվճար պատվաստվել COVID-19-ի դեմ ցանկացած պոլիկլինիկայում՝ անկախ գրանցման վայրից: 

Պատվաստումներն անվճար են նաև օտարերկրյա քաղաքացիների համար: Պոլիկլինիկաներում պատվաստումների համար հերթապահություններ են սահմանվել նաև շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 10։00-16։00-ը: 

Նախապես զանգահարի՛ր պոլիկլինիկա և գրանցվի՛ր պատվաստման համար»,- գրել է ԱԺ փոխխոսնակը։