Համազեկուցողները նշել են՝ 2015-ի փոփոխություններով ՍԴ մոդել ունենալու մեր նպատակը լեգիտիմ է.Բադասյան

Հեղինակ MediaLab

ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողներ Անդրեյ Շիրցելը և Կիմմո Կիլջունենը ՍԴ ճգնաժամի շուրջ հունվարի 31-ին հրապարակված հայտարարությունում նշել են, որ այն նպատակը, որը ՀՀ կառավարությունը հետապնդում է, այսինքն՝ 2015 թվականի փոփոխություններով նախանշված Սահմանադրական դատարանի մոդել ունենալը, ամբողջությամբ լեգիտիմ է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում:

«Նրանք նաև առանձնացրել են այն փաստը, որ Հայաստանում սկսված բարեփոխումները չպետք է վտանգվեն ՍԴ ճգնաժամի արդյունքում: Ընդհանուր տպավորությունն արձագանքից այն է, որ Հայաստանի իշխանությունների մոտեցումներն ամբողջովին հասկանալի են: Շեշտվում է նաև, որ Կառավարությունն ու խորհրդարանը մինչ այս պահը գործել են ամբողջությամբ իրավաչափ դաշտում, իրավաչափ ուղիներ փնտրելով՝ ՍԴ ճգնաժամը լուծելու համար»,- նշեց Բադասյանը:

Բադասյանը հերքեց այն պնդումները, թե իշխանությունների կողմից ճնշում է գործադրվում դատավորների նկատմամբ: Նախարարը հավելեց, որ իրենք  ի գիտություն են ընդունել համազեկուցողների հայտարարությունը և ցանկանում են անել այնպիսի քայլեր, որոնք չեն բերի լարվածության:

ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողներ Անդրեյ Շիրցելը և Կիմմո Կիլջունենը հունվարի 31-ին հայտարարություն են տարածել Հայաստանում ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Հայտարարությունում նշվում է, որ մինչ այժմ ՀՀ կառավարությունն ու Խորհրդարանը գործել են իրավիճակը կարգավորելու իրավական ընթացակարգերին համահունչ:

«Ավելին, իշխանությունները դիմել են Վենետիկի հանձնաժողովին՝ Սահմանադրական դատարանի դատավորներին ինքնակամ վաղ կենսաթոշակի անցնելու նախաձեռնության համար կարծիք ստանալու համար: Վենետիկի հանձնաժողովը շեշտել է, որ եվրոպական չափանիշների համապատասխան, վաղաժամ կենսաթոշակի անցնելը պետք լինի լիովին կամավոր սկզբունքի հիման վրա և այդ սկզբունքը պետք է պահպանվի: Որպես համազեկուցողներ, մենք սերտորեն կհետևենք, որ ՀՀ իշխանությունները շարունակեն գործել այս կերպ՝ նկատի ունենալով անգամ, որ այս մեխանիզմի՝ «2015թ սահմանադրական փոփոխությունների ոգին պահպանելուն է միտված» նպատակը տեղին է»,- ասված է հայտարարությունում:

Միաժամանակ, համազեկուցողները անհանգստություն են հայտնում երկու պետական ինստիտուտների՝ ՍԴ-ի և վարչապետի աշխատակազմի միջև առկա լարվածության վերաբերյալ։

«Զսպվածությունը և հավասարակշռությունը ժողովրդավարական համակարգի կարևոր բաղադրիչներից են: Սա ենթադրում է, որ բոլոր ինստիտուցիոնալ իշխանությունները պետք է գործեն օրենքի գերակայության սկզբունքի համաձայն և իրենց գործողություններում ու արտահայտություններում հարգեն այն, այդ թվում՝ անմեղության կանխավարկածի սկզբունքի շրջանակներում: Եթե նրանց մոտ չստացվի գործել այս սկզբունքների համատեքստում, նրանք քայքայում և վնասում են միմյանց: Հետևաբար, մենք անհանգստացած ենք, որ այս լարվածությունը, որ հասել է աննախադեպ մակարդակի, կարող է ամբողջ դատական համակարգին երկարաժամկետ վնասներ հասցնել»,- նշում են համազեկուցողները։

Համազեկուցողները կոչ են անում կողմերին մեղմել լարվածությունը, որպեսզի այն չստվերի երկրում իրականացվող ու պատրաստվող բարեփոխումները։