«Հայաստանում գնաճը շարունակվում է, գործ ունենք անկառավարելի իրավիճակի հետ». մասնագետները՝ միտումների մասին

Հայաստանում առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը շարունակվում է, գործ ունենք անկառավարելի իրավիճակի հետ. «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։

Նրա խոսքով՝ իրենք ամենօրյա մոնիթորինգ չեն իրականացնում, քանի որ գները արագ փոփոխվում են։ «Ունենք անկայուն վիճակ։ Ընդ որում, անկայուն իրավիճակ ունենք թե՛ շուկայի, թե՛ միտումների, թե՛ զարգացման մասով։

Ապագայի կանխատեսելիության հարցով ևս ունենք անկայուն վիճակ, կանխատեսումներ անելը դժվար է։ Ներդրումների հետ խնդիր կունենանք, այսինքն՝ սեփական արտադրանք ունենալը խնդիր կլինի։

Դրամի փոխարժեքը ևս անկայուն է, բնականաբար, ռիսկը՝ բարձր։ Իսկ բարձր ռիսկերի պարագայում ունենում ենք այն, ինչ ունենք»,- «Մեդիալաբին» ասում է Պիպոյանը։

Նրա խոսքով՝ այս իրավիճակում գործուն քայլեր ձեռնարկելու փոխարեն Կառավարությունը այլ գործով է զբաղված։

Կենտրոնական բանկը փետրվարի 2-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է 0,25 տոկոսային կետով՝ նպատակ ունենալով զսպել գնաճը։ Բաբկեն Պիպոյանն ասում է, որ ԿԲ-ն կիրառում է այն գործիքը, որն ունի։

«Ազդեցություն կունենա՞ այդ գործիքը գների նվազեցման վրա։ Ոչ այն ծավալով, ինչ ծավալով սպասվում է։ Երբ ասում են՝ գնաճը կառավարելի է, կառավարելի գնաճը տրամաբանություն ունի։ Պետության համար որոշակի տոկոս գնաճ պետք է, որովհետև դա տնտեսությանը հնարավորություն է տալիս շնչելու, դա տնտեսության համար թթվածին է»,- ասում է նա։

Գնաճին զուգահետ, Պիպոյանի խոսքով, նաև պետք է աճեն մարդկանց եկամուտները։

«Պայմանական ասենք՝ մարդն աշխատում էր 100 հազար դրամ, ծախսում 100 հազար դրամ։ Հիմա կյանքը թանկացել է, ինքն ստիպված է նույն ապրանքներն առնել՝ ծախսելով 104 հազար դրամ։

Եթե եկամուտները դարձած լինեին 105 կամ 110 հազար, մարդու կյանքն առնվազն չէր վատանա, մի բան էլ կլավանար։ Երբ ասում են՝ գնաճը կառավարելի է, մենք պետք է հասկանանք, որ գոնե ունենք համարժեք եկամուտների աճ։ Մենք հիմա փաստացի չունենք այդ եկամուտների աճը։

Նվազագույն աշխատավարձը չի ավելացել, բոլոր առումներով ունենք եկամուտների կա՛մ անկում, կա՛մ եկամուտներն անփոփոխ են։ Բա գնաճը ո՞նց եղավ կառավարելի»,- նշում է Պիպոյանը։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանն ասում է, որ հասարակությունը գտնվում է ֆինանսատնտեսական ճգնաժամի մեջ։

«2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին պաշտոնական վիճակագրությամբ ունեցել ենք ընդամենը 1.2 տոկոս գների ինդեքսի աճ։ Դեկտեմբերին նոյեմբերի համեմատ գնաճը կազմել է մոտ 7.2 տոկոս, որը բավական բարձր է։

Հատկապես բարձրացել էին առաջին անհրաժեշտության ապրանքների գները, մասնավորապես, շաքարավազի, ալյուրի, ձեթի, կարագի գները, որոնք հիմնականում ներկրվում են»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է Պարսյանը։

Նրա խոսքով՝ հաշվի առնելով այն, որ դրամն արժեզրկվեց նոյեմբերի սկզբից, ներկրվող ապրանքների գները՝ հիմնականում այդ գործոնով պայմանավորված, բարձրացան։

«Բայց գներն ավելի արագ տեմպերով բարձրացան, քան դրամն արժեզրկվեց, քանի որ բիզնեսները, որոնք այս կամ այն ապրանքն էին ներկրում, իրենց հաշվարկներն անում էին ոչ թե տվյալ պահի փոխարժեքով, օրինակ՝ 520 դրամ փոխարժեքով, այլ 550-ով։ Դրանով իրենց համար ֆինանսական բարձիկներ էին ստեղծում, որ հնարավոր է՝ դրամն ավելի արժեզրկվեր, քանի որ անորոշությունը մեծ էր»,- նշում է տնտեսագետը։

Կենտրոնական բանկը, փորձելով զսպել դրամի հնարավոր արժեզրկումը նաև 2021 թվականի ընթացքում, դիմել է վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման գործիքին։ Սա հայտնի գործիք է, որը կիրառվում է, բայց, Սուրեն Պարսյանի խոսքով, Հայաստանի դեպքում այդ գործիքը բավական լուրջ խնդիրներ կարող է առաջացնել, քանի որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման հետևանքով Հայաստանում բարձրանում են նաև վարկերի տոկոսադրույքները։ Այսինքն՝ փողը թանկանում է, ֆինանսական միջոցները դառնում են անհասանելի բիզնեսի, բնակչության համար։

«Հիմա ունենք մի հասարակություն, որը գտնվում է ֆինանսատնտեսական խիստ ճգնաժամի մեջ։ Եվ կանխատեսվում է, որ այդ ճգնաժամից դուրս գալու համար հնարավոր միջոցները թանկանալու են։

Այս իրավիճակում, երբ փողը թանկանում է, ճգնաժամը՝ շարունակվում, բնականաբար, կազմակերպությունների և բնակչության մեջ ավելի է խորանալու ճգնաժամային իրավիճակը։

ԿԲ նպատակը գների ապահովումն է 4 տոկոս գնաճի սահմաններում, նրան չեն հետաքրքրում ո՛չ տնտեսական աճը, ո՛չ ազգաբնակչության կենսամակարդակը»,- ասում է նա։

Պարսյանի խոսքով՝ առանձին ապրանքատեսակներ էական թանկացել են, դա հարված է ազգաբնակչությանը, բայց Կենտրոնական բանկին դա քիչ է հետաքրքրում։

Այս իրավիճակում, երբ մի կողմից թանկացումներ են, մյուս կողմից՝ հասարակության եկամուտները չեն ավելացել, բնակչության կենսամակարդակը տուժում է։

«Մարդիկ կրճատում են իրենց ծախսերը։ Ի հաշիվ երկարաժամկետ ծախսերի՝ իրականացնում են պարենային ծախսերը, առաջին անհրաժեշտության ապրանքներ են ձեռք բերում։

Բնական է, այս ամենի հետևանքով մեր ընդհանուր առևտրաշրջանառությունն է նվազում։ Օրինակ՝ 2020 թվականի ընթացքում առևտրի ծավալները նվազել են 14 տոկոսով, մարդիկ ավելի քիչ են ապրանքներ ձեռք բերել։

Ծառայությունների ծավալը ևս կրճատվել է՝ 14.7 տոկոսով։ Սա խոսում է մեր երկրի ֆինանսատնտեսական խոր ճգնաժամի մասին»,- ասում է տնտեսագետը։

Նրա խոսքով՝ այս ճգնաժամից դուրս գալու գործիքակազմը, որն այսօր փորձում են կիրառել Կառավարությունն ու Կենտրոնական բանկը, նախորդ փորձը ցույց է տալիս, որ ձախողված է։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am