Դադարեցված կյանքի պատմություններ. սեռով պայմանավորված աբորտները` մտահոգության տեղիք

Դադարեցված կյանքի պատմություններ. սեռով պայմանավորված աբորտները` մտահոգության տեղիք
Դադարեցված կյանքի պատմություններ. սեռով պայմանավորված աբորտները` մտահոգության տեղիք

«Դուստրս երկու տարեկան էր, երբ իմացա` նորից հղի եմ: Գնացինք բժշկի, պարզվեց կրկին աղջիկ է, և ամուսինս ասաց, որ երկու աղջիկը մեր ընտանիքում շատ կլինի: Որոշեցինք աբորտ անել: Ընտանիքում որևէ բարձրաձայն խոսակցություն չի եղել այդ մասին, սակայն աբորտից հետո հենց վերադարձա տուն, դուստրս հայտարարեց, որ մեզ չի սիրում, քացով խփում էր փորիս ու ասում, որ ես լավ մամա չեմ»,- հիշում է 25-ամյա Կարինե Նահապետյանը:

Չկարողանալով հասկանալ իրենց փոքրիկ դստերը` Նահապետյանները դիմել էին հոգաբանի օգնությանը:

«Մի քանի ամսից Լիլիթն ինքը սկսեց մեզ հետ խոսել, իր թլոշ լեզվով ասաց` պապա ես գիտեմ, որ դու ու մաման քույրիկիս սպանել եք, սակայն զարմանալի է` որտեղից իմացավ, մենք ոչինչ չենք խոսել տանն այդ մասին»,- ասում է ընտանիքի հայրը` 32-ամյա Սուրեն Նահապետյանը:

«Իհարկե, ցավում եմ, որ այսպես ստացվեց, որ աղջիկս գուցե երբեք էլ չսիրի ինձ, բայց ինձ էլ պետք է հասկանալ, ես ի վիճակի եմ միայն երկու երեխա պահել, իսկ եթե երկուսն էլ աղջիկ լինեն, պետք է ստիպված երրորդն էլ ունենանք` տղա: Գիտեմ, տուժողը կինս է, աբորտի դրդողն էլ ես, բայց հայ օջախը կիսատ է, կայացած չէ, եթե տղա շարունակող չկա այդ օջախում»,- հավելում է Նահապետյանը:

Հայաստանում հղիության արհեստական ընդհատումն արգելված չէ, «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքի 10-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր կին ունի հղիության արհեստական ընդհատման իրավունք», բայց ոչ ուշ, քան մինչև հղիության 12-րդ շաբաթը:

Առողջապահության նախարարության Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ, գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Գայանե Ավագյանը ասում է, որ եթե հղիության արհեստական ընդհատումը ճիշտ է կատարվում, վտանգավոր չէ, սակայն ամենաչնչին իսկ սխալը կարող է ճակատագրական լինել կնոջ համար` անգամ հանգեցնել չբերության:

«Բազմաթիվ աբորտներ անելուց ես հստակ նկատել եմ, երեխա ունենալ-չունենալու որոշումը տղամարդուն է պատկանում»,- ասում է Ավագյանը:

Հայաստանի Վիճակագրական վարչության տվյալներով` 2010-ին Հայաստանում գրանցվել է հղիության արհեստական ընդհատման 8577 դեպք` 44 825 ծնունդների դիմաց, այսինքն չեն ծնվել բեղմնավորված պտուղների 16 տոկոսը:

Հղիության արհեստական ընդհատման դիմում են հիմնականում 25-29 տարեկան կանայք, ովքեր ունեն երկու, հազվադեպ երեք երեխա:

2010-ին 2009-ի համեմատ աբորտների թվի ավելի քան 16 տոկոսով նվազումը (2009-ին գրանցվել է 10 114 աբորտ) Ավագյանը պայմանավորում է ժամանակակից հակաբեղմնավորիչների օգտագործման տոկոսի ավելացմամբ, հանրության սեռական իրազեկվածության բարձրացմամբ:

Միևնույն ժամանակ, գինեկոլոգը նշում է, որ աբորտից առաջ խոսում են կնոջ հետ, փորձում հետ պահել, սակայն ոչինչ անել չեն կարող, երբ ընտանիքն արդեն որոշել է հրաժարվել անցանկալի երեխայից:

Ավագյանի տվյալներով` այժմ տնային պայմաններում կանայք փորձում են դեղորայքներով պատճառ դառնալ հղիության դադարեցմանը, ինչը խորհուրդ չի տրվում:

«Շատ են դեպքերը, երբ կինը սխալ դեղաչափով է օգտագործում դեղորայքը և հետագայում բազմաթիվ խնդիրներ է ունենում` արյունահոսություն, կտորներ են մնում արգանդում, երբեմն էլ վիժումը կեղծ է լինում, և հղիությունը շարունակվում է: Ուստի խորհուրդ է տրվում գոնե ճիշտ դեղաչափ ստանալու համար դիմել բժշկի»:

Կանանց ռեսուրս կենտրոնի սեռական և վերարտադրողական առողջության հարցերի պատասխանատու Անուշ Պողոսյանը  ասում է, որ հայ տղամարդիկ մշտապես կանանց աբորտի են դրդում` սեռով պայմանավորված, որը կնոջ իրավունքների խախտում է.

«Քեզ ընդհատում են նրա համար, որ դու աղջիկ պիտի ծնվես: Տղամարդիկ բնության դեմ են գնում, կանանց և տղամարդկանց բալանսի հավասարությունն է խախտվում, միշտ քաջալերվում է, որ տղա է ծնվում, սակայն մարդիկ մոռանում են, որ եթե խախտվում է բալանսը, հետո կին չի լինի, որ տղա ծննդաբերի, և Հայաստանն արդեն իսկ նման երկրների ցանկում է»:

Եվրոպայի խորհուրդը ևս անհանգստացած է Հայաստանում իգական սեռի պտուղների աբորտների թվով: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը հոկտեմբերի 3-7-ը կայանալիք լիագումար նիստում քվեարկության է դնելու խնդրի վերաբերյալ մշակվող բանաձևի նախագիծը:

Ըստ ԵԽԽՎ հավասար հնարավորությունների հանձնաժողովի` Հայաստանում սեռի ընտրությունը մինչև ծննդաբերությունը հասել է «անհանգստացնող չափերի»` 112 տղայի դիմաց ընդամենը 100 աղջիկ է ծնվում:

Շվեյցարիան ներկայացնող Դորիս Ստամպի հաշվետվության հիման վրա մշակվող բանաձևով հանձնաժողովը կոչ է անում «հետաքննել ծնելիության սեռական համամասնության թեքվող կորի հիմքերն ու պատճառներն» ու ավելացնել ջանքերը «հասարակությունում կնոջ դերն ամրապնդելու համար»:

Ըստ մշակվող բանաձևի` Հայաստանի կառավարությունը պետք է արժանահավատ տվյալներ հավաքի ծնելիության սեռական համամասնության վերաբերյալ երկրի ողջ տարածքից, ինչպես նաև վերապատրաստի բուժանձնակազմը սեռի ընտրության նախածննդյան գործընթացների վերաբերյալ:

Եթե բանաձևի նախագիծը հաստատվի, ԵԽ անդամ բոլոր երկրները պետք է խորհուրդ տան հիվանդանոցներին «չտրամադրել պտղի սեռի վերաբերյալ ինֆորմացիան» մինչեւ որոշակի ժամանակահատված:

«Առայժմ հայտնի չէ, թե դա ինչպես է տեղի ունենում, և ինչ պատասխանատվություն են կրում ծնողներին ապագա երեխայի սեռը հայտնող բժիշկները,- այցից հետո «Մեդիալաբին» ասել է Ստամպը` հավելելով, – հարկ է լրացուցիչ ուսումնասիրել այս հարցը: Զեկույցը, որում կխոսվի ԵԽԽՎ անդամ երկրների` ընտանիքի պլանավորման ժամանակ այս միտումը հաղթահարելուն ուղղված ջանքերի անհրաժեշտության մասին, ԵԽԽՎ քննարկմանը կներկայացվի հոկտեմբերին»:

Հայաստանի Առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը ասում է, որ դեռևս ուսումնասիրություններ են կատարվում` պարզելու ընտրովի աբորտների պատճառները և թե ինչու ընտանիքներին չի բավարարում իգական սեռը.

«Թեև դա մարդկային է, հասկանալի է, որ ցանկացած ընտանիք երկու սեռի երեխա է ցանկանում, սակայն սեռով պայմանավորված աբորտը բոլոր դեպքերում ճիշտ չէ, և եթե ընտանիքը պատրաստ չի երեխա ունենալ, թող չպլանավորի հղիություն»:

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը ներկայումս հետազոտություն է իրականացնում Հայաստանում` ըստ սեռի աբորտների վերաբերյալ, որն այժմ դաշտային փուլում է, ու տվյալները դեռ չեն հրապարակվում:

Հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը ասում է, որ նշված բանաձևը շատ կարևոր դեր ունի հասարակական և սոցիալական հարթությունում, այն փորձ է` վերացնել կամ գոնե պակասացնել գենդերային անհավասարությունը հենց նրա ծննդյան պահից:

«Ինչպես ցույց է տալիս Չինաստանի և Հնդկաստանի փորձը, ընտրովի աբորտները բերում են սեռերի քանակական շեղման, ինչը իր հերթին բերում է սոցիալական լուրջ խնդիրների, այս պատճառներով բանաձևը և նրան հետևող գործողությունները շատ կարևոր են մեր հասարակության հետագա հավասարակշռվածությունը և բարեկեցությունը պահպանելու համար»,- նշում է Հայրապետյանը:

Սակայն բանաձևը ընդունելու պարագայում նա նաև կոռուպցիոն և ազգային մտածելակերպի փոփոխության անհրաժեշտության ռիսկեր է տեսնում.

«Իմ կարծիքով անմիջապես ընդունել հրահանգը, որ կարգելի պտղի սեռի բացահայտումը, ճիշտ լուծում չի լինի գոնե Հայաստանի համար: Ավելի քան համոզված եմ, որ այն կբերի կոռուպցիայի ավելացման: Այսինքն` այդ ինֆորմացիան ավելի թանկ կարժենա: Մինչ այդ հրահանգն ընդունելը, կամ ընդունելու հետ համատեղ մեր հետազոտության արդյունքները վերլուծելուց հետո, պետք է աշխատանք կատարենք ինչպես բժիշկների, այնպես էլ հասարակության հետ»:

ՄԱԿ-ի բնակչության հայաստանյան հիմնադրամն այս համատեքստում բժիշկներին առաջարկում է սեռի ինֆորմացիան բացահայտելու երկարաժամկետ ռիսկեր, իսկ ազգաբնակչությանը կոչ անում` աղջիկ երեխայի, և ընդհանրապես կնոջ դերի և նրա արժեքի բարձրացման վերաբերյալ հասարակական կարծիքը վերանայել:

Փառանձեմ Հովհաննիսյան

Հոդվածը պատրաստվել է ՊԽԼԻ Կովկասյան լրատու պարբերականի համար:

© Medialab.am