«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան Նորայր Նորիկյանը
– Պարո՛ն Նորիկյան, օրերս արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է, թե 7-10 տարի է անհրաժեշտ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման համար։ Ինչպե՞ս եք գնահատում կոռուպցիայի կանխարգելման, ապօրինի գույքի բռնագանձման համատեքստում այս իշխանությունների անցած վեց տարիների աշխատանքը, ու ի՞նչ է նշանակում նախարարի հայտարարությունը, որ հանրությունը դեռ երկա՞ր է սպասելու մինչև «նախկինների թալանը վերադարձվի», ինչպես խոստանում էր հեղափոխական իշխանությունը։
– Սա ևս մեկ ցուցիչ է, որ գործող իշխանությունը չկատարեց ժողովրդին տված խոստումը ու հետ չբերեց ժողովրդից թալանածը, ինչի մասին խոսում էին, ինչի համար իրենք վստահության քվե են ստացել ու ինչի համար եկել էին իշխանության։
Նախարարի ասած ժամանակահատվածը վկայում է այն մասին, որ խոսքը, ենթադրաբար, հաջորդ իշխանությունների օրոք իրականացվելիք գործընթացների մասին է, որովհետև չեմ ուզում հավատալ, որ գործող արդարադատության նախարարն ակնարկում է, որ իրենց իշխանությունը ևս տասը տարի մնալու է իշխանության, հետևաբար այս առումով մի քիչ տեղին չէ, որ այլ իշխանությունների օրոք իրականացվելիք գործողությունների մասին այսօր նման պնդումներ արվեն, որովհետև ոչ ոք չի կարող ասել, թե հաջորդ իշխանություններն ի՛նչ քաղաքականություն կորդեգրեն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասով։
Ակնհայտ է մի բան, որ այդ օրենքը, թեև իր մեջ ուներ տրամաբանական դետալներ, պարամետրեր, որի մասին ես ունեցել եմ շատ լավ կարծիք, բայց այն ծավալը ու այն վարքագիծը կամ այդ օրենքի կիրառումը ինձ հիմք են տալիս ասելու, որ այդ օրենքը չի ծառայել ու չի ծառայում իր նպատակին։
– Օբյեկտիվ պատճառնե՞ր կային, թե ուղղակի քաղաքական կամքի բացակայության հետևանք է սա։
– Օբյեկտիվ ոչ մի պատճառ չկար, ընդհանրապես երբ օրենքը չի գործում կամ չի կիրառվում, այդտեղ փնտրեք միայն քաղաքական կամքի բացակայություն ու քաղաքական պատճառ։ Խորապես համոզված եմ, որ գոյություն ունի քաղաքական կոռուպցիա, ինչը նշանակում է, որ քաղաքական պայմանավորվածություն կա՝ ապահովել որոշ շրջանակների անձեռնմխելիությունը, իսկ այն հայցապահանջները, որոնք այսօր դատարաններում են, պարզապես ծիծաղ են առաջացնում, ու չի կարելի այդ գործընթացը դիտարկել իբրև իրապես թալանի վերադարձին նպաստող գործընթաց։
Մենք տարբեր երկրներում տեսել ենք կոռուպցիայի դեմ պայքարի ցցուն օրինակներ, որոնք վերջնարդյունքում բերել են կոնկրետ արդյունքի։ Մի բան ակնհայտ է՝ Հայաստանը, ցավոք սրտի, իրավական պետություն չէ, մեզանում կոռուպցիայի դեմ պայքարը գտնվում է ամենացածր նշաձողի վրա, ընդ որում՝ իշխանությունն ինքը խոստովանում է սեփական պարտությունն ու ձախողումները։
Ու այս ամենից ելնելով է, որ ես այս ամենը պայմանավորում եմ քաղաքական համաձայնությամբ՝ Նիկոլ Փաշինյանը քաղաքական որոշում ունի իրապես չպատժել հանցագործներին, քրեաօլիգարխիկ համակարգի կարկառուն ճարտարապետներին, որոնց գոյության ու գործունեության շնորհիվ էլ ինքը եկել է իշխանության։
– Պարո՛ն Նորիկյան, ձեր գնահատմամբ՝ այդ քաղաքական կոռուպցիան, ինչպես ասացիք, եղել է իշխանափոխությունից հետո՞, թե՞ մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը։
– Խորապես համոզված եմ, որ իշխանությունն ունեցել է գին, ու այդ գնի շուրջ բանակցությունները տարվել են նաև մինչև իշխանության ղեկը ստանձնելը, իսկ իշխանության գալուց հետո արդեն որոշ դեպքերում բյուրեղացվել է, որոշ դեպքերում պայմանավորվածությունները չեն պահպանվել, որոշ դեպքերում և՛ Նիկոլ Փաշինյանն է խաղի կանոնները խախտել, և՛ նրանք, որոնց հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն։
Այսինքն՝ այնպես չէ, որ այս տարիների ընթացքում պայմանավորվածությունները պահպանվել են, բայց ակնհայտ է, որ իշխանությունը մատուցվել է, ինչի մասին վերջերս խոստովանեց գործող իշխանության երևելի ներկայացուցիչներից Ալեն Սիմոնյանը, որ Սերժը սկուտեղի վրա իրենց մատուցել է իշխանությունը։ Ընդ որում՝ այս տարիների իրենց աշխատանքը ինձ բերեց այն համոզման, որ սա եղել է պայմանավորվածություն, որ մենք քեզ տալիս ենք իշխանություն՝ պայմանով, որ դու որևէ մեկին իրապես պատասխանատվության չես ենթարկում։ Իսկ մյուս գործողությունները, որ իրականացնում են այդ համատեքստում, իրականում իմիտացիա են, ոչ ավելի։
– Փաստորեն, եթե դիտարկենք անգամ, որ այս իշխանությունը կրկին վերընտրվելու է, ապա այդ տարիների ընթացքում էլ միևնույն է, չե՞նք տեսնելու ապօրինի գույքի ամբողջական բռնագանձում։
– Այո՛։ Նախ այդ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի տրամաբանությունն այնպիսին է, որ այսօր իրենց ցույց տված արդյունքների դեպքում հաշտության համաձայնություն է կնքվել, իսկ դա նշանակում է հետևյալը, որ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող բռնագանձված գույքի առավելագույնը 75 տոկոսն է դարձել պետական սեփականություն։ Բրիտանական մի հայտնի խոսույթ կա՝ ուշացած արդարադատությունը մերժված արդարադատությունն է, եթե անգամ ելնենք նախարարի ասածի տրամաբանությունից, ապա տասը տարի անց ոչ մեկի չի հետաքրքրելու, թե Քոչարյանի, Սերժի կամ մնացածի գույքից ի՛նչ են հետ բերելու։ Բայց պատմությունը, ի թիվս այլ բաների, կարձանագրի նաև, որ Նիկոլ Փաշինյանի օրոք ձախողվեց կոռուպցիայի դեմ պայքարը, ձախողվեց դատաիրավական համակարգի ու պետականաշինության գործընթացը, ու նա չկատարեց իր տված որևէ խոստում։
– Վստահաբար ասո՞ւմ եք, որ եթե քաղաքական կամք լիներ, ապա անցնող վեց տարում էլ կարելի էր վերադարձնել ապօրինի գույքերը։
– Միանշանակ, եթե լինեին իրական ցանկություն, քաղաքական կամք, այլ ոչ թե ղժղժոց ու էժանագին պոպուլիզմ, ես վստահաբար ասում եմ, որ ՀՀ օրենսդրությունը լիուլի բավարար էր նույնիսկ մեկ տարում լուծելու բոլոր կոռուպցիոներների խնդիրը, մեկ տարվա ընթացքում։ Մեկ տարին բավարար էր երկրում արմատախիլ անելու և՛ քաղաքական կոռուպցիան, և՛ մեր ընկալմամբ կոռուպցիան, ընդամենը քաղաքական կամք էր պետք։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am