Առուշ Առուշանյանը կմնա կալանքի տակ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը կշարունակի մնալ կալանավորված։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, մերժեց Առուշանյանի նկատմամբ գրավ կիրառելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ բողոքը, գրում է Factor.am-ը։

Հիշեցնենք՝ 2021թ դեկտեմբերի 28-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, մերժել էր Առուշ Առուշանյանին 30 մլն ՀՀ դրամի չափով գրավի դիմաց ազատ արձակելու մասին պաշտպանների միջնորդությունը: Պաշտպանները վերաքննիչ բողոք էին ներկայացրել՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումն ու Առուշանյանի նկատմամբ գրավ կիրառել՝ 80 մլն դրամի չափով։

Հիշեցնենք՝ նախաքննական մարմնի հաղորդագրության համաձայն «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Առուշ Առուշանյանն իր դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու համար նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է` երկու և ավելի ընտրողի կաշառք տալը։ Ըստ մեղադրանքի՝ արտահերթ ընտրություններից մի քանի օր առաջ համայնքապետը հանդիպել է Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանին և առաջարկել ընտրություններից հետո դրամական օգնություն տրամադրել այն ընտրողներին, ովքեր կխոստանան ընտրել «Հայաստան» դաշինքին: Ըստ ՀՔԾ-ի՝ հանցագործությունն ավարտին չի հասցվել Առուշանյանի կամքից անկախ հանգամանքներով, քանի որ Քարահունջի ղեկավար Ավետյանը հրաժարվել է ընտրողներին հանդիպելուց և նրանց դրամական օգնության տեսքով կաշառք տալուց: