Թուրքիայի հետ ուղիղ աշխատանքային մեխանիզմի գալու համար պետք կլինի աշխատել նաեւ առնվազն մի կողմի հետ էլ՝ Ռուսաստան․ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Որ ասվում է, թե հայ-թուրքական հարաբերության շուրջ Թուրքիայի հետ ուղիղ խոսակցության մեխանիզմի համար պետք է նաեւ աշխատել Արեւմուտքի հետ, անկասկած իրավացի է ասվում:

Բայց, հայ-թուրքական հարաբերության ուղղությամբ Թուրքիայի հետ ուղիղ աշխատանքային մեխանիզմի գալու համար պետք կլինի աշխատել նաեւ առնվազն մի կողմի հետ էլ՝ Ռուսաստան, դուր գա դա մեզ, թե ոչ: Եթե որեւէ մեկը կարծում է, որ հնարավոր կլինի արդյունավետ գործընթացի գնալ «ի հեճուկս» ռուսների, ապա մեղմ ասած դա մոլորություն է: Ավելին, կարող է լինել վտանգավոր մոլորություն:

Բայց, ռուսներից էլ բացի, այսօր թերեւս կարեւորագույն ուղղություն է դառնում նաեւ մեր ռեգիոնալ միջավայրում իր դերը բարձրացնելու նկատելիորեն աշխույժ քաղաքականություն առաջ տանող արաբական աշխարհը: Օրինակ, Իսրայելի վարչապետը Թել Ավիվում Հունաստանի եւ Կիպրոսի ղեկավարների հետ հանդիպումից հետո պատմական այց է կատարում ԱՄԷ, առաջին անգամ, եւ հաստատ ոչ պարզապես ժամանակային զուգորդմամբ:

Հիշենք, ԱՄԷ-ն փորձում է մեծ դեր ունենալ թուրքական տնտեսությունում, հետեւաբար այդ կերպ նաեւ քաղաքականությունում: Երեւանի համար կարեւոր է Թուրքիայի հետ հարաբերության կարգավորման աշխատանքային ուղիղ մեխանիզմի գնալով, ձեւավորել հնարավորինս շատ հարակից «կոմունիկացիաներ»:Կա դրա նվազագույնը երկու նպատակ. ձեւավորել այդպիսով Թուրքիայի վարքագծի կանխատեսելիության որքան կարելի է, որքան հնարավոր է մեծ դաշտ, եւ մյուսը՝ որքան հնարավոր է նվազեցնել այդ գործընթացը այս կամ այն կերպ միմյանց դեմ օգտագործելու այլ խաղացողների մոտիվները, հետեւաբար՝ խանգարելու մոտիվները»: