Հասարակությունը պարտությունից հետո դեպրեսիայի մեջ է, նման պայմաններում հարցումներ պետք չի անել. սոցիոլոգ

Լուսանկարը՝ Factor.am

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է սոցիոլոգ Կարեն Սարգսյանը

– Վերջին շրջանում հարցումների արդյունքներ հրապարակվեցին, մասնավորապես, «Գելափի» և Վաշինգտոնի միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից:

Մի դեպքում հարցման մասնակիցների 55 տոկոսն է կողմ արտահայտվել արտահերթ ընտրություններին, իսկ «Գելափի» տվյալներով այդ տեսակետին կողմնակից է 37 տոկոսը:

Այս տարբերությունն ինչո՞վ է պայմանավորված, և որքանով է ճիշտ ներքաղաքական զարգացումները չափել սոցիոլոգիական հարցումների արդյունքներով: 

– Նման տարբերության առաջին պատճառը կարող է լինել ընտրանքի ծավալը, թե ինչ ընտրանքով են նրանք աշխատել:

Երկրորդը՝ թե որքան ժամանակ է տևել հարցումը: Շատ հաճախ հարցումը տևում է 7-10 օր, այնուհետև նույնքան ժամանակ էլ տվյալները մշակվում են, ապա նոր հրապարակվում:

Այսինքն՝ տվյալներ հավաքելուց մինչև հրապարակելը կարող է տևել 2 շաբաթ կամ 20 օր: Շատ կարևոր է, թե որտեղ է ընտրանքը կատարվում. եթե այն Երևանում է, դա մի բան է, որովհետև Երևանը միշտ քաղաքականապես ավելի ակտիվ է:

Եթե ամբողջ հանրապետությունում է, պետք է հասկանալ, թե այդ բաշխվածությունն ինչպես է եղել գյուղական և քաղաքային համայնքների միջև, որովհետև գյուղական համայնքները միշտ ավելի կոնսերվատիվ են:

Իհարկե, սոցիոլոգիական հետազոտության արդյունքները պետք է կիրառվեն, օգտագործվեն, բայց ամեն ինչից զատ, այդ տվյալները, գրաֆիկները, որ դուք տեսնում եք, բավարար չեն, որ մեկնաբանվեն:

Մեկնաբանելու համար պետք է գրվի, որ հարցումն իրականացվել է, օրինակ՝ հունվարի 18-28-ը և հրապարակվել է, օրինակ՝ փետրվարի 15-ից հետո: Դա նշանակում է, որ հունվարի 18-28-ն ընկած հատվածում են մարդիկ եղել այդ կարծիքին:

Այդ մասին հաճախ մոռանում են: Իրականում չեն մոռանում, այլ քաղաքական ուժերը, որ պատվեր են տալիս հարցումներ, ապա հրապարակում են, շատ հաճախ մանիպուլյատիվ են դա անում:

Դա հարցման հետ կապ չունի, հացի դանակն էլ է զենք: Մարդ կա դա անում, որպեսզի իր հետագա գործողություններն արդարացնի: Մարդ կա, հրապարակում է հարցման տվյալները և «մոռանում» է ասել, որ դա եղել է այսինչ օրվա դրությամբ:

Օրինակ՝ երբ զարգացումներ են տեղի ունենում գլխավոր շտաբի շուրջը, ազատում են ԳՇ պետին, պարզ է, որ այդպիսի պահերին հասարակությունը կարող է այլ կերպ արձագանքել: 

– Այսինքն՝ շատ կարևոր է, թե ինչ իրադարձություններից հետո՞ են անցկացվում հարցումները:

– Միանշանակ կարևոր, թե ի՛նչ իրադարձություններից հետո, ի՛նչ իրադարձությունների ընթացքում և որտե՛ղ: Իրադարձություններ կան, որ Երևանում արձագանք են ունենում, մարզերում չեն ունենում և հակառակը:

Այն ժամանակ, երբ ամբողջ Սյունիքը պահանջում էր հրաժարական, Երևանում դրա մասին չէին խոսում: Իրադարձությունների զարգացումը գծային չէ, բազմավեկտոր է:

Կախված նրանից, թե մարդն այդ պահին ինչ տրամադրություն ունի, ինչ է տեսնում դրսում կամ չի տեսնում, իր կարծիքը փոխվում է, դրա համար մեկանգամյա հարցումները հիմնականում բան չեն տալիս:

Դրանք պետք է երկարաժամկետ լինեն, պարբերական: Ասենք՝ ամիսը մեկ պետք է հարցումն անցկացնես, որպեսզի միտումները հասկանաս: Ենթադրենք, հիմա մարդիկ պահանջում են հրաժարական, նույն մարդիկ մեկ ամիս հետո պահանջելո՞ւ են հրաժարական, թե՞ ոչ:

Ո՞նց հասկանանք, որ քաղաքական կամ սոցիալական դաշտում տեղի ունեցող գործողությունները բավարարեցի՞ն հասարակությանը, թե՞ ոչ: Մարդ կա, անկախ ամեն ինչից, միշտ պահանջում է հրաժարական: Այդպիսի մարդիկ, որոնք ամեն ինչից դժգոհ են, ձեր նշած 55 կամ 37 տոկոսի քանի՞ տոկոսն են կազմում: Նաև կարևոր է, թե ընտրանքի սխալն ինչքա՛ն է, քանի՛ հոգի է այդ հարցին պատասխանել, որտե՛ղ է այն անցկացվել: 

– Ձեր ուսումնասիրություններն ի՞նչ են ցույց տալիս. արտահերթ ընտրությունների հանրային պահանջ կա՞ արդյոք, որքանո՞վ է անկում ապրել գործող վարչապետի վարկանիշը:

– Վարկանիշի մասին ես ասել եմ դեռևս 2018-ի ԱԺ ընտրություններից հետո, որ այդպես չի լինում, որ կուսակցությունը հավաքի 80 տոկոս: Դա աբսուրդ է, հետևաբար պետք է անկում լիներ: Այսինքն՝ նորմալ վիճակը, երբ գործող իշխանությունները, գործող վարչապետը կարող են հավակնել ևս մեկ անգամ գնալ ընտրությունների, 32-38 տոկոսն է:

Դրանից բարձրն անհեթեթություն է: Եթե ուզում եք հասկանալ, թե հանրությունը ո՛նց է գնահատում կոնկրետ վարչապետի աշխատանքը, դրա համար հարցումները պետք է այլ կերպ իրականացնեն: Այսինքն՝ պետք է մարդկանց սպասումները չափես, ոչ թե կոնկրետ գնահատականը:

Եթե ես շատ դժգոհ եմ կառավարության աշխատանքից, դա դեռ չի նշանակում, թե ուզում եմ, որ կառավարության բոլոր անդամները հավաքվեն, նստեն ինքնաթիռ ու գնան, ասենք, Սիբիր:

Այսինքն՝ նաև պետք է հասկանալ, թե ես ո՛նց եմ գնահատում ընդհանուր իրավիճակը և զարգացումը ո՛նց եմ պատկերացնում: Ասենք՝ մարդը դժգոհ է, բայց արդյոք ինքը տեսնո՞ւմ է զարգացման ինչ-որ ճանապարհ, թե՞ ինքը դժգոհ է, որովհետև դեպրեսիայի մեջ է, և իր կարծիքն այդ բողոքի կորիզի մեջ չէ:

Եթե մարդը դժգոհ է և դեպրեսիայի մեջ է, նա դուրս է ընկնում ակտիվ պրոցեսից, դառնում է ոչ թե սուբյեկտ, այլ օբյեկտ, իրենով սկսում են մանիպուլացնել: Դա մեծ հաջողությամբ անում են թե՛ գործող իշխանությունը, թե՛ ընդդիմությունը:

Հիմա իրենք փորձում են դժգոհ, դեպրեսիայի մեջ գտնվող մարդկանց մանիպուլացնելով իրենց քաղաքական հարցերը լուծել, որը մեծ հաշվով Հայաստանի զարգացման երկարաժամկետ տեսանկյունից անիմաստ գործողություն է:

Ես ակնհայտորեն դժգոհ եմ թե՛ կառավարության գործունեությունից, թե՛ ընդդիմության գործունեությունից, ու ես դեպրեսիայի մեջ չեմ: Ես ինչ-որ գործողություններ եմ իրականացնում, որպեսզի երկրի վաղվա օրն ապահովվի:

Ինչ-որ բաներ ենք անում, փորձում ենք դրսի ժողովրդին համոզել, որ այնպես չէ, որ բոլորն այստեղ մեկ օրում դարձան բմբուլով հնդկացի և այս կամ այն գործողություններն են անում: Ինչ-որ բաներ ենք անում, փորձում ենք ներդրումներ բերել, մարդկանց դեպրեսիայից հանել, մասնագետներին համոզել, որ չգնան: 

Ինչ վերաբերում է ձեր կոնկրետ հարցին, ապա ես հիմա հետազոտություններ չեմ անում, որովհետև դրա կարիքը չունեմ: Ես գիտեմ այս պրոցեսները, պարտադիր չէ ամեն օր հետազոտություն անեմ, որ հասկանամ այն: 

– Հարցումները ցույց էին տալիս, որ հարցվածների 42-45 տոկոսին ընդհանրապես ոչինչ չի հետաքրքրում և չի էլ մասնակցի ընտրություններին, եթե այդպիսիք լինեն:

– Դա նորմալ է, հասարակությունը դեպրեսիայի մեջ է: Ես հենց դրա մասին էի խոսում, այդ ապատիան է, դեպրեսիան է: Պարտությունից հետո պետք է դրանից դուրս գալ: Տեսեք, եթե, ասենք, 1995 թվականին Խորվաթիան Սերբիային պարտվեր, ու այդ ժամանակ ես այնտեղ լինեի, կասեի՝ հիմա ոչ մի հարցում մի՛ արեք, որովհետև ձեզ մոտ այս տվյալներն են լինելու:

Ընդ որում, հարցմանը մասնակցածները դեռ խոր դեպրեսիայի մեջ չեն, սրանք այն մարդիկ են, որոնք համաձայնել են պատասխանել հարցումներին: Իրականում խոր դեպրեսիայի մեջ գտնվող մարդիկ հարցազրուցավարին դռան մոտից փայտով լարում են:

Այ եթե լինեն նաև տվյալներ, թե քանի՛ բնակարան են մտել, քանիսից քանի՛սն է պատասխանել, նոր կարելի կլինի եզրակացնել, թե իրական վիճակն ինչպիսին է: Այսինքն պետք է ամբողջ հասարակությանը գնահատես, ոչ թե նրանց, որոնք տանն էին, երբ դու հարցում էիր անում, այն էլ նրանք, որոնք համաձայնել են պատասխանել քո հարցերին:

Մանե Հարությունյան

MediaLab.am