«Եթե խախտվում է պայմանագիրը, ապա ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը կարող է և կասեցվել Հայաստանում». Բորիս Նավասարդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը

– Մեծ աղմուկ է առաջացել ռուսական պետական հեռուստաալիքների տիրույթում: Կոչեր են հնչում, որ պետք է անհապաղ ընդհանրապես արգելափակել դրանք, և մեր հանրությունը ականատես չլինի, թե ինչ է կատարվում ռուսական լրատվամիջոցներում, ինչպիսի հակահայկական քննարկումներ են, ինչ ապատեղեկատվություն է տիրում: Հայկական կողմը, ընդհանրապես, այս իրավիճակը կարգավորելու ի՞նչ մեխանիզմներ ունի:

– Մեխանիզմը շատ պարզ է, քանի որ ռուսական ալիքները Հայաստանում հեռարձակվում են միջպետական համաձայնագրի հիման վրա, որը ենթադրում է, որ տեղեկատվական պատերազմի տարրեր չպետք է լինեն, որպեսզի նրանք կարողանան տեղ գտնել Հայաստանի հանրային թվային մուլտիպլեքսում, և Հայաստանի պետականության դեմ այնտեղ որևէ բովանդակություն չպետք է լինի, եթե խախտվում է պայմանագիրը, ապա այդ հեռուստաալիքների հեռարձակումը կարող է և կասեցվել: Դա այն լուծումն է, որ իրավական պատշաճ հարաբերությունների պայմաններում կարելի է իրագործել:

Բայց մենք շատ լավ հասկանում ենք, որ այդ կարգի բոլոր որոշումները կայացվում են քաղաքական մակարդակով, և, ընդհանրապես, ռուսական այն հեռուստաալիքները, որ կան հանրային մուլտիպլեքսում, հանգիստ կարող էին իրենց լսարանի համար աշխատել ցանցային օպերատորների միջոցով, քանի որ հանրային մուլտիպլեքսը ենթադրում է, որ դա տվյալ երկրի հեռուստաալիքների համար է, և պետությունը երաշխավորում է դրանց հեռարձակումն ու հասանելիությունը հասարակության համար:

Օտարերկրյա ալիքները որևէ երկրի հանրային մուլտիպլեքսում տեղ չեն գտնում: Բայց գոյություն ունեցող որոշ հանգամանքներ բերեցին նրան, որ մենք ունենք այդպիսի ոչ բնական իրավիճակ: Դա նշանակում է, որ նաև դրանց հեռարձակումն արգելափակելը արդեն համաձայնագրերի հիման վրա, նույնպես քաղաքական որոշման մակարդակով պետք է լինի:

Բայց հաշվի առնելով, թե ինչպիսի երկչոտ քաղաքականություն է վարում Հայաստանի իշխանությունը Ռուսաստանի նկատմամբ, դժվարանում եմ ասել՝ այս պահին պատրաստ կլինե՞ն նման քայլի, թե՞ ոչ: Թեև վերջին օրերին բարձրաստիճան պետական գործիչներից շատ են հնչում քննադատական հայտարարություններ Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի հասցեին, բայց չգիտեմ՝ որքան հեռու են նրանք պատրաստ գնալու այդ ճանապարհով:

– Ինչո՞ւ հիմա ռուսական հեռուստաալիքները նման դիրքորոշումներով սկսեցին հանդես գալ, ո՞րն է նրանց մեսիջը, ի՞նչ են ուզում հասկացնել:

– Մենք, փաստորեն, ականատես եղանք, թե ինչպես և՛ Ռուսաստանը, և՛ ՀԱՊԿ-ը իրենց բարձրության վրա չգտնվեցին Ադրբեջանի ագրեսիայի համատեքստում և չկատարեցին իրենց պարտավորությունները, մեկը՝ որպես ռազմավարական դաշնակից, մյուսը՝ որպես կառույց, որը պետք է նաև ապահովի Հայաստանի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը:

Այս պայմաններում բնական էր, որ կլինեն շատ լուրջ դժգոհություններ Հայաստանի հասարակությունում: Դա գիտակցում և զգում են Ռուսաստանում և փորձում են տարբեր եղանակներով հաղթահարել այդ դժվարությունները, որովհետև եթե դրանք խորանան, ապա հայ-ռուսական հարաբերությունների հեռանկարները շատ մշուշոտ կդառնան:

Այն միջոցները, որ ձեռնարկվում են, բավականին տարբեր են: Մի կողմից բավականին ինտենսիվ են դարձել տեղեկությունները այն մասին, թե որքան արդյունավետ է հայ-ռուսական համագործակցությունը, ինչ հաջողություններ կան այս ոլորտում, որպեսզի շեշտվի Ռուսաստանի կարևորությունը Հայաստանի համար:

Մյուս միջոցը, որ օգտագործվում է, ապատեղեկատվությունն է: Մենք հիմա կարող ենք փորձել կռահել՝ արդյոք դա չիմացությունից է, որ վերջին ադրբեջանական ագրեսիան ներկայացվեց որպես Արցախի դեմ գործողություններ, բայց բոլոր հիմքերը կան մտածելու, որ դա գիտակցաբար է արվում, որպեսզի այդ լրատվամիջոցների լսարանը պատկերացում ստանա, որ խոսքը այն տարածքի մասին է, որը միջազգային իրավունքի տեսանկյունից չի հանդիսանում Հայաստանի մաս:

Հաշվի առնելով, որ այսօր ռուսական քարոզչությունը հիմնականում ուղղված է ոչ այնքան իրազեկ ու կրթված զանգվածների, այդ զանգվածը կարող է և չիմանալ, որ Սոթքը, Ջերմուկը Հայաստանի բնակավայրեր, քաղաքներ են, այլ ոչ Արցախի:

Եվ երրորդ ուղղությունը տարբեր տեսակի դժգոհություններն ու սպառնալիքներն են Հայաստանի հասցեին, որ Նենսի Փելոսիի այցը, հայ-ադրբեջանական հակամարտությունը հաղթահարելու ուղղությամբ այլ դրսևորումները կբերեն Հայաստանի համար շատ լուրջ վտանգների: Դա արդեն ավելի շատ ուղղված է Հայաստանի հասարակությանը, հայկական լսարանին: Այնպես որ, բավականին բազմազան և հետևողական քարոզչական արշավ է սկսվել Հայաստանի և հայ հասարակության դեմ:

– Մեր արտաքին գործերի նախարարությունը այս առումով պե՞տք է արձագանքեր, թե՞ ոչ: Հիշում ենք, որ «Սուրմալուի» պայթյունի ժամանակ Ռուսաստանն ԱԳՆ-ի մակարդակով բողոքի նոտա էր հղել:

– Իհարկե պետք է: Դեռևս մինչև վերջին անբարենպաստ զարգացումները Հայաստանի համար, 44-օրյա պատերազմը, հետպատերազմյան լարված իրավիճակը, մինչ այդ էլ պետք էր հետևողական քաղաքականություն վարել այն ուղղությամբ, որ Ռուսաստանում ի վերջո հասկանան,  որ գործ ունեն թեև դաշնակից, բայց ինքնիշխան պետության հետ, և Հայաստանի նկատմամբ ոչ դաշնակցային վերաբերմունքի ցանկացած դրսևորում պետք է անմիջապես որպես արձագանք ունենար և ԱԳՆ-ի և այլ պետական կառույցների հայտարարությունները, նոտաները և այլն:

Եթե խոսքը նաև այստեղ հեռարձակվող կամ վերահեռարձակվող ռուսական հեռուստաալիքների մասին է, ապա համապատասխան քայլեր պետք է ձեռնարկի նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը: Բայց մենք շատ լավ հասկանում ենք, որ ՀՌՀ-ն առանց քաղաքական որոշման ինքնուրույն գործողությունների չի դիմելու: Դրա համար այստեղ խոսքն այն մասին է, որ բոլոր պետական կառույցները իրենց դերակատարումը վաղուց պետք է ունենային: Կարծում եմ՝ եթե դա տեղի ունենար, մենք շատ ավելի քաղաքակիրթ, եթե դա ընդհանրապես հնարավոր է, հարաբերություններ կունենայինք Մոսկվայի հետ, և այնտեղ կիմանային, որ ցանկացած ոչ պատշաճ վերաբերմունք Հայաստանի նկատմամբ անմիջապես արձագանք է գտնելու:

Ես հիմա կարող եմ ենթադրել, թե ինչով է պայմանավորված Հայաստանի կողմից նման արձագանքների բացակայությունը: Մենք տեսնում ենք, որ մի կողմից Հայաստանը փորձում է օգտագործել ԱՄՆ-ի հետաքրքրությունը մեր տարածաշրջանի նկատմամբ, որը նաև որոշակի հույսեր կարող է պարունակել մեր պաշտպանունակության առումով՝ քաղաքական և այլ միջոցների շնորհիվ, և շատ լավ գիտակցելով, որ դա բավականին ջղայնացնում է Ռուսաստանի քաղաքական վերնախավին, փորձում են չդիմել այլ քայլերի, որոնք միայն վերքի վրա աղ կլցնեն:

Այնպես որ, հասկանալի տրամաբանություն է, բայց կարծում եմ՝ ոչ ճիշտ: Ցանկացած ոտնձգություն մեր տեղեկատվական անվտանգության, հոգեբանական տարբեր գրոհներից մեր հասարակության պաշտպանվածության նկատմամբ պետք է համարժեք արձագանք գտնի: Միայն այդ դեպքում կարելի է հուսալ, որ տարբեր երկրների, առաջին հերթին՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները քիչ թե շատ քաղաքակիրթ հուն կմտնեն:

– Փաստորեն, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը չի կարող դադարեցնել ռուսական ալիքների հեռարձակումը՝ առանց քաղաքական որոշման:

– Ընդհանրապես, Հայաստանում շատ քիչ բաներ են կատարվում առանց ամենաբարձր մակարդակով քաղաքական որոշման, առավել ևս, որ դա վերաբերում է արտաքին քաղաքականությանը, անվտանգային հարցերին և Ռուսաստանի հետ հարաբերություններին:

Մանե Հարությունյան

MediaLab.am