ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 15-ին հյուրընկալել է Հայաստանում Լիտվայի հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին։
Հանդիպմանը դեսպանն Աննա Հակոբյանին է փոխանցել Լիտվայի առաջին տիկին Դիանա Նաուսեդիենեյի ջերմ ողջույնները, ինչպես նաև COVID-19-ով ախտորոշված հայ երեխաներին Լիտվայի առաջին տիկնոջ նվիրաբերած հուշանվերները՝ լիտվական ձեռագործ խաղալիքներ, որ գործել են հաշմանդամություն ունեցող անձինք և շոկոլադ։
Տիկին դեսպանը շեշտել է, որ այդ հուշանվերները նշանավորում են Հայաստանի և Լիտվայի առաջին տիկինների ընկերությունը, ինչպես նաև այն Լիտվայի առաջին տիկնոջ՝ համավարակի շրջանում հայ ժողովրդին ուղղված համերաշխության նշանն է։
ՀՀ վարչապետի տիկինն էլ շնորհակալություն է հայտնել բարեկամ Լիտվային՝ ցուցաբերած օգնության և Հայաստան բժշկական անձնակազմ ուղարկելու համար։
Աննա Հակոբյանն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել Դիանա Նաուսեդիենեյին՝ իր ջերմության և երեխաներին արված անակնկալի համար։
Տիկին Հակոբյանն ընդգծել է, որ շատ բարձր է գնահատում տիկին Նաուսեդիենեի հետ բարեկամությունը և համավարակի ավարտից հետո անպայման նպատակ ունի հրավիրել Հայաստան:
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ու Լիտվայի առաջին տիկին Դիանա Նաուսեդիենեի միջև բարեկամությունը սկսվել է 2019 թվականի նոյեմբերին՝ Աննա Հակոբյանի Վիլնյուս կատարած այցի ժամանակ։
Հանդիպման ընթացքում Աննա Հակոբյանն անդրադարձել է վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հրահրված լարվածությանը՝ կարևորելով, որ համաշխարհային համավարակի այս դժվար օրերին երկրները հետևեն համաշխարհային զինադադար պահպանելու կոչերին։
Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը