Գևորգ Պետրոսյանի խոսքը հակասում է Ծառուկյանի հայտարարությանը

Գևորգ Պետրոսյանի խոսքը հակասում է Ծառուկյանի հայտարարությանը
Գևորգ Պետրոսյանի խոսքը հակասում է Ծառուկյանի հայտարարությանը

Սեպտեմբերի 6-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվել են «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», ինչպես նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների  նախագծերը:

Հարցի շուրջ ելույթ ունեցավ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, ում խոսքը, սակայն, անճշտությունների տեղիք է տվել։ Մասնավորապես, Պետրոսյանը հայտարարել է, որ օրինագծով քրեական պատասխանատվություն է նախատեսվում ընտրողի կողմից որևէ թեկնածուին կողմ քվեարկելու խոստում տալու համար։

« …Մի՞թե սա ճիշտ վարչարարություն է պետության կողմից․․․․ Մարդուն տանել, երեք տարի ազատազրկել նրա համար, որ խոստացել է կողմ քվեարկել: Ընդհանրապես  քրեական իրավունքի գիտությունը թույլ չի տալիս, որ մարդկանց իրենց մտքերի համար ենթարկեն քրեական պատասխանատվության, և նաև խոստումը հավասարեցված է կաշառք ստանալուն, էստեղ նույնպես խախտված է արարքի նկատմամբ համարժեք պետաիրավական մոտեցում ցուցաբերելու սկզբունքը»:

Այս հայտարարությունը, սակայն, իրականությանը չի համապատասխանում։ Նախագծով  սահմանված է ոչ թե քվեարկելու խոստում տալը, ինչպես պնդում է պատգամավորը, այլ ընտրակաշառք վերցնելու խոստումը։

Հատկանշական է, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը օրերս լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ «Ծառուկյան» դաշինքը կողմ է քվեարկելու նախագծին, մինչդեռ Պետրոսյանը պետաիրավական հանձնաժողովի նիստին կոչ արեց խմբակցության ներկայացուցիչներին ձեռնպահ քվեարկել։

Կարինե Կիրակոսյան

Աղբյուրը՝  sut.am