«Ես դեմ էի, որ գնար, ինձ խաբեց, ասեց՝ վայենկոմատից են կանչել». 20-ամյա Մարատ Գևորգյանը՝ Արիության մեդալակիր

48-ամյա Ալմաստ Սիմոնյանը հուզմունքով պատմում է, որ չնայած որդին նոր էր վերադարձել բանակից և կարող էր պատերազմին չմասնակցել, սակայն պատերազմի լուրն իմանալուն պես միանգամից մեկնել է առաջնագիծ։

«Ես դեմ էի, որ գնար, ասում էի՝ համբերի, կկանչեն՝ կգնաս։ Ասում էր՝ պետք ա գնամ, որ ես չգնամ, մյուսը չգնա, ո՞նց կլինի, ինքը սերժանտի կոչումով էր հետ եկել, ասում էր՝ մեր դիրքերի տեղը ես անգիր գիտեմ։

Ինձ խաբեց, որ վայենկոմատից են կանչել, ասեց՝ գնում եմ, ասեցի՝ տեսնեմ՝ ո՞վ ա կանչել, դուռը փակեց ու գնաց»,- հիշում է ու հուզվում մայրը։

Ալմաստի որդին՝ 20-ամյա Մարատ Գևորգյանը, սեպտեմբերի 27-ին մեկնել է Ջրական, մայրը հետագայում իմացել է, որ որդին միացել է կամավորականների ջոկատի, եղել է ջոկատում ամենակրտսերը։

Մայրն ասում է՝ որդին զանգում և շատ ուրախ էր խոսում մարտի դաշտից։ Սեպտեմբերի 29-ին եղել է որդու վերջին զանգը։ «Ասեց՝ հեռախոսս զարյադկա չունի, հետո կզանգեմ… բայց չզանգեց»,- պատմում է մայրը։

Հոկտեմբերի 2-ին Ալմաստին հայտնել են, որ որդին վիրավոր է և գտնվում է Հադրութի հիվանդանոցում։ Մայրն ասում է՝ հույսը սրտում փնտրում էր որդուն, որ ողջ գտնի․ «Ես ասում էի՝ ինքը ճարպիկ ա, կփրկվի, չի կարող իր հետ վատ դեպք պատահի, բայց Մարատս վիրահատության ժամանակ մահացել էր»,- մորմոքով ասում է Ալմաստը։

Մոր խոսքով՝ որդին թոքի հատվածում վիրավորվել է և արյունահոսել։

Ալմաստն ասում է՝ չնայած որդուն տեսել է, բայց չի կարողանում համակերպվել մտքի հետ, որ որդին ողջ չէ:

«Մինչև հիմա էլ չեմ հավատում, ասում եմ՝ հնարավոր չի, որ սա իրականություն լինի»,- ասում է մայրը ու նշում, որ կյանքը գլխիվայր շուռ է եկել։

«Սա ապրել չի, չգիտեմ՝ ինչ է»,- նշում է նա։

Ալմաստն ասում է՝ որդու մարտական ընկերները պատմել են՝ ինչպես է մարտի դաշտում բոլորին օգնության հասել, կրակահերթերի տակից ճարպկորեն անցել․ «Ասում են՝ կուզեինք ինքը ողջ լիներ, ընկերություն անեինք»։

Մայրն ասում է՝ որդին բանակում էլ է շատ լավ ծառայել, սերժանտի կոչում է ստացել․ «Իրեն ասել են՝ մնա, ստեղ աշխատի, ինչ ինքը գնացել էր ծառայելու, դրանով էր ապրում»։

Մինչև բանակ մեկնելը Մարատ Գևորգյանը սովորել է Երևանի N1 արհեստագործական ուսումնարանում՝ ավտոսպասարկման բաժնում, որոշել էր վերադառնալ, այդ ուղղությամբ աշխատել։

Ալմաստն ասում է՝ որդու բացակայությունը շատ է զգում, Մարատն աշխույժ էր, ակտիվ, տուն էր մտնում, տան մթնոլորտը միանգամից փոխվում էր՝ ասում է մայրը։

«Տանը ես ու աղջիկս ենք ապրում, ամուսնուց բաժանված եմ։ Մարատը մեր աշխուժությունն էր, տունը հիմա դատարկ է, ասում եմ՝ Մարատը լիներ, էսպես չէր լինի»։

Ալմաստը չի կարողանում մոռանալ իր ծննդյան օրը որդու մատուցած անակնկալը, երբ ծաղիկներ էր առաքել։

«Սիրում էր անակնկալներ անել։ Այդ օրը որոշել էր գալ, չէր ստացվել, բայց ծաղիկներ էր ուղարկել»,- պատմում է ու հուզվում մայրը։

Ալմաստն ասում է՝ որդուց մնացել են հուշերն ու հիշողությունները։ Ամեն վայրկյան նրանով է ապրում, այցելում է Եռաբլուր, հաճախ նաև վիճում որդու հետ․ «Ջղայնանում եմ՝ ինչի՞ էսպես արեցիր»։

Մարատ Գևորգյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։

Արիության մեդալը շնորհվում է հայրենիքի պաշտպանության, հասարակական կարգի պահպանության, ազգային անվտանգության գործում, քրեակատարողական և դատական ակտերի հարկադիր կատարման, ինչպես նաև փրկարարական աշխատանքներում ցուցաբերած անձնական խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական կամ քաղաքացիական պարտքը կատարելու համար:

Արփինե Արզումանյան

MediaLab.am