Շրջափակման ընթացքում Արցախի տնտեսությանը հասցվել է շուրջ 150 մլն դոլարի վնաս

Արցախի կառավարության տեղեկագրում հրապարակվել են շրջափակման 85-րդ օրվա վիճակագրական տվյալները.

Արդեն 320 երեխա ծնվել է շրջափակման մեջ:

Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 780 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։

Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 144 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։ Ընդ որում՝ հնարավոր չէ հիվանդներին տեղափոխել պառկած վիճակում, քանի որ ադրբեջանական կողմը խոչընդոտում է Արցախի ռեանիմոբիլի շարժը, իսկ Կարմիր խաչը չունի ռեանիմոբիլ և սովորական մեքենաներով է իրականացնում հիվանդների տեղափոխությունը՝ բոլորը նստած վիճակում:

755 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 17,7%-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։

Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 5700 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։ 

Ավելի քան 33200 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը` շուրջ 2530 տոննա ապրանք՝ գերակշիռ մասը սնունդ ու դեղորայք: 

Շրջափակման ընթացքում Արցախի Հանրապետության տնտեսությանը հասցվել է շուրջ 150 մլն ԱՄՆ դոլարի վնաս՝ հանգեցնելով ավելի քան 16 տոկոսի չափով ՀՆԱ-ի կանխատեսված տարեկան ցուցանիշի (903 մլն դոլար) չապահովմանը: