«Թուրքիան կիրականացնի փոքր մասշտաբի մաշեցնող հարձակումներ ՀՀ սահմանի նկատմամբ, բայց լայնածավալ գործողությունների չի գնա». Թուրքագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը

– Պարո՛ն Մելքոնյան, Թուրքիայի արտգործնախարարն ու այլ պաշտոնյաներ դարձյալ այցելել են Ադրբեջան և ակնհայտ ցույց են տալիս, որ սատարում են Արցախի դեմ Ադրբեջանի գործողություններին։ Ի՞նչ նպատակ ունեն այս փուլում այս այցելությունները։

– Քանի որ արդեն գաղտնիք չէ, որ Թուրքիան, խախտելով բոլոր միջազգային պայմանավորվածությունները և հավասարակշռության մեխանիզմները, ուղղակիորեն հրահրել ու մասնակցում է Արցախի ու Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային, ապա անսպասելի չպետք է համարել նաև նրանց այցերը։

Ըստ էության, Թուրքիայի վերնախավի պահվածքը, հայտարարությունները, նրանք գրեթե ամեն օր նույն տեքստը հնչեցնում են, թե Ադրբեջանի կողքին են, տարբեր պաշտոնյաների այցերը Ադրբեջան, սատարելու շքերթը ևս մեկ վկայություն են այն բանի, որ Թուրքիան բացահայտ արհամարհում է միջազգային հանրության կողմից և տարբեր գերտերությունների համաձայնությամբ ձեռք բերված ֆորմատները, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահների ֆորմատը։

Թուրքիան բացահայտ անում է գործողություններ, որոնք թեժացնում են պատերազմը։ Եվ կարող ենք նաև փաստել, որ երեկ ու այսօր Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունների մեջ մարդկային կյանքի հանդեպ բացահայտ արհամարհանք կա։ Մասնավորապես, նա նշում է, որ իրենք հպարտանում են մարտի դաշտում ադրբեջանական բանակի, այսպես կոչված, հաջողություններով, որոնք թյուրքական պատիվը բարձր են պահում։

Բայց հայտնի է, որ դիվանագետների գործունեությունը, իսկ Չավուշօղուն կարծես թե այդպիսի կոչում ունի, միտված է ոչ ռազմական, խաղաղ ճանապարհով խնդիրների կարգավորմանը։ Փաստորեն տեսնում ենք, որ անգամ Թուրքիայի գլխավոր դիվանագետն ավելի շատ ռազմաշունչ հայտարարություններ անող և ցեղասպանությունն ու ահաբեկչությունը գովերգող պաշտոնյա է, քան զբաղվում է իր բուն գործունեությամբ՝ դիվանագիտությամբ։

– Երեկ երեկոյան ադրբեջանական կողմը հրետակոծել է Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղը, ինչի հետևանքով խաղաղ բնակչության շրջանում կան մեկ զոհ և երկու վիրավոր։ Արդյոք թուրք-ադրբեջանական տանդեմը ընդլայնո՞ւմ է ռազմական գործողությունների աշխարհագրությունը։

– Ես թուրքական հոգեբանությանը ծանոթ լինելով՝ այն կարծիքին եմ, որ այն, ինչ արվում է Հայաստանի Հանրապետության սահմանների հանդեպ, մաշեցնող պատերազմի և թուրքական նենգ գործելաոճի դրսևորումներ են։ Ես ավելի շատ հակված եմ կարծելու, որ նրանք կիրականացնեն մաշեցնող հարձակումներ, այսինքն՝ անընդհատ փոքր մասշտաբի գործողություններ կանեն՝ գնդակոծելով որևէ հայաստանյան բնակավայր և պատճառելով վնասներ, մարդկային կորուստներ։

Բայց կխուսափեն լայնամասշտաբ ռազմական գործողություններից՝ քաջ գիտակցելով, որ դրա հետևանքով պատերազմը կդառնա լայնածավալ, և ՀԱՊԿ-ի, ինչպես նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների մեխանիզմներն անպայման կաշխատեն։

Դրա համար, ես կարծում եմ, որ այսպիսի նենգ միջադեպերը, հարձակումները, ռմբակոծությունները թուրքական որդեգրված ոճն է այս պատերազմում և նաև որոշակի խնդիրներ են ստեղծում Հայաստանի համար։ Ի՞նչ առումով, որ ամեն փոքր միջադեպի համար Հայաստանը փաստորեն կդժվարանա դիմել ՀԱՊԿ-ին կամ Ռուսաստանին։ Օրինակ՝ մեկ ռմբակոծության հիմքով հայկական կողմը կդժվարանա դիմել ՌԴ-ին, բայց, ցավոք, այդ ռմբակոծություններն ավարտվում են մարդկային կորուստներով ու ավերածություններով։

Այսինքն՝ ըստ էության փակուղային մի վիճակ է ստեղծվում, երբ մի կողմից պետությունը չի կարող դիմել ՀԱՊԿ-ին կամ Ռուսաստանին՝ մի քանի ռմբակոծությունները կասեցնելու համար, մյուս կողմից՝ դրանք կրում են պերմանենտ բնույթ։ Սա Թուրքիայի մարտավարական ոճն է, և, ենթադրում եմ, դրա դեմ պետք է համարժեք գործողություններ ու զսպող մեխանիզմներ կիրառել։

Ըստ էության, Թուրքիային զսպելու միջազգային հանրության փորձերն ապարդյո՞ւն են։ Այսինքն՝ մնում է այն տարբերակը, որ հայկական բանակը պետք է պատերազմո՞վ լռեցնի նրանց։

– Մենք խնդիրը պետք է երկու առումով դիտարկենք։ Քաղաքակիրթ աշխարհը պետք է ևս մեկ անգամ փորձի դիտարկել, որ սա միայն հայկական խնդիր չէ, հարձակում չէ միայն Արցախի ու Հայաստանի վրա։ Սա հարձակում է միջազգային գրված ու չգրված օրենքների վրա, սա հարձակում է միջազգայնորեն ընդունված ֆորմատների հարթակների վրա։

Եվ միջազգային հանրությունը պետք է դիտարկի, որ այն, ինչ այս պահին անում են հայ զինվորը, հայկական բանակը սահմանին, ոչ միայն պաշտպանում են Հայաստանն ու Արցախը, այլև փորձում են պաշտպանել Փարիզը, Վիեննան և այլ եվրոպական մայրաքաղաքներ թուրք ահաբեկչական մտածողությամբ պետությունների գործողություններից։ Եվ աշխարհը, ենթադրում եմ, որ կորցրել է Թուրքիային զսպելու մեխանիզմներից շատերը։ 

Առաջին զսպող մեխանիզմն այն է, ինչը հիմա կիրառում է հայկական հաղթական ու փառապանծ բանակը։ Եվ մենք տեսնում ենք, որ բարձր տեխնոլոգիաները, գերժամանակակից զենքերն իրենց տեղը զիջում են պատերազմի այլ մեթոդներին՝ հետևակին, դիվերսիոն խմբերին, պատժիչ գործողություններին։ Եվ այստեղ թուրք-ադրբեջանական բանակն ուղղակի ի ցույց է դնում իր խղճուկ ու թույլ վիճակը՝ հայկական բանակի համեմատ։

Հայկական բանակն իրականացնում է պատժիչ ու ջախջախիչ գործողությունների փայլուն շքահանդես։ Եվ այստեղ ևս մեկ անգամ մենք պետք է փաստենք, որ հայկական բանակն այս ծանրագույն վիճակում ամեն օր ի ցույց է դնում իր գերմարտունակ բնույթը։

Բայց, այնուամենայնիվ, պետք է հասկանալ, որ թուրք-ադրբեջանական այս ագրեսիան դադարելու միտումներ ցույց չի տալիս։ Թուրք-ադրբեջանական տանդեմը պայմանավորվածություններ պահելու որևէ փոքր նշույլ ցույց չի տալիս։ Եվ աշխարհն ու քաղաքակրթությունը բախվել են թուրքական սպառնալիքին։ Դա կանխելու մեխանիզմները րոպե առաջ համամարդկային քննության խնդիր պետք է դառնան։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am