«Էս կորոնավիրուսը գիտե՞ս ինչ արեց, բոլորս փաստի առաջ ենք կանգնել»․ Ջերմատնային տնտեսությունները՝ ճգնաժամի մեջ

Արարատի մարզի Գեղանիստ գյուղի ջերմոցներում այս օրերին աներևակայելի հանգիստ է:

Եթե տարիներ շարունակ հատկապես մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում ջերմոցատերերը մեծ ոգեւորությամբ էին սպասում, նոր կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված աշխարհում տիրող աննախադեպ դրությունը փաստի առաջ է կանգնեցրել մարդկանց:

«Էս կորոնավիրուսը գիտե՞ս ինչ արեց…. բոլորս փաստի առաջ ենք կանգնել։ Էս ի՞նչ ա անում մեր գլխին», -«Մեդիալաբին» ասում է ծաղկի ջերմոցների ֆերմեր Գեղամ Կարապետյանը, որը հավելում է, որ հույս ունեն, որ գոնե վարակը կվերանա: 

Գեղամ Կարապետյանը նշում է, որ  շուրջ 6000 հա տարածքում աճեցրած ծաղիկը՝ վարդերն ու գերբերաները, այս օրերին կամ թափում է, կամ նվիրում ծանոթներին, կամ էլ գյուղի գերեզմանատարան շիրմաքարերն են զարդարում։ 

Երկար տարիների ծաղկավաճառի բիզնեսն այս տարի վատ է գնում․ նրա ծաղկի վաճառքը 80 տոկոսով անկում է ապրել։

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար արտակարգ դրություն է հայտարարվել մարտի 16-ին։ 

Սկզբնական շրջանում որոշ տնտեսվարող սուբյեկտներ աշխատում էին, սակայն մարտի 22-ին արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ սահմանափակումները խստացվեցին, մարդկանց թույլ տրվեց տներից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ 

Այս շրջանում արգելվեցին առևտրային կենտրոնների, տնտեսական ապրանքներ, շինանյութ վաճառող խանութների, ինչպես նաև ծաղկավաճառների առևտրային կետերը։ Թույլատրվում է բացառապես սննդամթերք վաճառող տնտսվարողների գործունեությունը։

«Օրական ամենաքիչը 100 հազարի չափ գումար եմ կորցնում։ Կառավարության աջակցությունից այս պահին չեմ օգտվի, բայց դրա ժամանակը հաստատ կգա,-նշում է նա եւ բացատրում:- Դեռ սպասում եմ, հիմա զրո տոկոսով  վարկ վերցնեմ, նորից հայտնվեմ փակուղո՞ւմ։ Մի քիչ սպասեմ, տեսնեմ ինչ ա գալիս գլխներիս մի բան կանեմ»:

Կարապետյանի հետ միասին նույն խնդրի առաջ են կանգնած շուրջ 1000 ծաղիկ աճեցրած ֆերմերներ․ ներսում ապրանքը չեն կարողանում վաճառել, իսկ արտահանել էլ չեն կարողանում։

Սակայն, դժվարին կացության մեջ են հայտնվել ոչ միայն ծաղկի բիզնեսում գտնվող ֆերմերները: Բանջարաբոստանային կուլտուրաներով զբաղվող ֆերմերները եւս անելանելի կացության մեջ են.  շատերը չկարողանալով իրացնել իրենց արտադրանքը ստիպված թափում են կանաչեղենը, բանջարեղենը: 

Բացի այս դժվարությունները, վերջինները նշում են, որ ծայրահեղ  իրավիճակում են հայտնվել, քանի որ մեծ խնդիր է նաեւ կուտակված գազի վճարները,  «Գազպրոմ Արմենինան» երկարաձգել չի համաձայնվում:   

Ջերմոցային ասոցիացիա ՀԿ նախագահ Պողոս Գևորգյանը «Մեդիալաբին» ասում է, որ ջերմատնային տնտեսություն հիմնականում Կոտայքի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի մարզերում է, որոնք բոլորն էլ միջին ձեռնարկատերեր են, աճեցնում են ծաղիկներ, կանաչիներ, տարբեր բանջարաբոստանային կուլտուրաներ:  

«Կատաստրոֆիկ իրավիճակում են հայտնվել մարդիկ: Ամբողջ ձմեռ վարկ են վերցրել, գազի են սպառել,  հիմա եկել ա պահը, որ պետք ա ապրանքը վաճառեն վարձը տան, չեն կարում։ Օրինակ՝ ինձ Արմավիրի ջերմատներից մեկի տերը զանգել է, հարցնում է՝ 12 մլն վարկ եմ վերցրել գազի համար, ի՞նչ անեմ հիմա», -«Մեդիալաբին» խնդիրը ներկայացնում Պողոս Գևորգյանը։

«Ծաղիկը թափում են կամ բաժանում, մարդիկ ասում են՝ էլ չգիտեն ում տան, ում բաժանեն, ում նվիրեն, ինչ անեն», -նշում է Պողոսյանը։ 

Պողոսյանը նշում է, որ 70-ական թվականներից ջերմատնային տնտեսության ոլորտում է: 

«Չեմ  հիշում, որ ջերմատնային տնտեսությունը նման ճգնաժամում հայտնված լինեն երբեւէ: Մեղք են, շատ մեղք են, եթե հիմա նրանք կանգնեն, կնշանակի գյուղատնտեսության ամենազարգացած մասը պարալիզացնել, արյունատար համակարգը կանգնեցնել», -ասում է Պողոսյանը։

Ասում է՝ դիմել են պատգամավորներին, խնդրել են միջնորդել կառավարությանը, որ աջակցեն իրենց, սակայն՝ չեն պատկերացնում՝ ինչպես ու ինչ կարող է անել կառավարությունը։ 

«Պետք է քննարկել, հասկանալ՝ ինչ կարելի է անել։ Գազի հարցն է շատ լուրջ։ Չգիտեմ՝ փրկել է պետք էս ֆերմերներին», -հավելում է  Ջերմոցային ասոցիացիա ՀԿ նախագահ Պողոս Գևորգյանը։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am